Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկներով պետք է ձեւավորել դաշինք եւ ապրիլին ժողովրդին ոտքի հանել»․ Ալբերտ Բազեյան

Մարտ 15,2023 14:05

«Բարոյականությունը ենթադրում էր, որ կապիտուլյացիա ստորագրելուց հետո հրաժարական կտա, բայց կառչած մնաց իր աթոռից։ Բացի այդ, Պուտինը 2020թ․-ի հոկտեմբերին հայտարարել էր, որ Ալիեւին համոզել էր կանգնեցնել պատերազմը, եւ այդ դեպքում հայկական վերահսկողության տակ կմնային Շուշին, Հադրութը եւ ոչ միայն։ Բայց Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիա, եւ Ադրբեջանին թղթի վրա հանձնվեցին Քարվաճառը, Լաչինը․․․ Նման ստորագրության համար նա պետք է ունենար ԱԺ-ի թույլտվությունը», – «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 14-ի հայտարարությանը, որ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը շատերը «կապիտուլյացիա» են որակում, մինչդեռ այսօր բոլորն են դրան հղում անում՝ ասաց Արցախյան առաջին ազատամարտում «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ Փաշինյանն է ղեկավար եւ պատերազմական իրավիճակներում լինելու է գերագույն գլխավոր հրամանատար, երկիրը կորուստներ է ունենալու․ «Բանակը բարձիթողի վիճակում է, ուշադրության կենտրոնում են միայն ոստիկանությունը, ԱԺ պատգամավորների պարգեւավճարները, իրենց անձնական անվտանգությունն ու ընտանիքները։ Մեր անվտանգության միակ երաշխավորը բանակն է»։

Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, որ ոչ թե ՀՀ-ն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ը՝ ՀՀ-ից, Ալբերտ Բազեյանը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ը մեզ չի օգնել հենց Նիկոլ Փաշինյանի վարքագծի եւ քաղաքականության պատճառով․ «Դա է պատճառը, որ ՀԱՊԿ-ը օգնեց նաեւ այն դեպքում, երբ Ադրբեջանը մտավ ՀՀ տարածք»։

Ալբերտ Բազեյանը նաեւ նշեց՝ իր համախոհները, ԵԿՄ ազատամարտիկները համաձայն են, որ պետք է ձեւավորել համահայկական միասնության դաշինք եւ ապրիլին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման 5-րդ տարին լրանալու ժամկետում, ժողովրդին ոտքի հանել եւ հեռացնել նրան․ «Նա պետք է ենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության՝ երկիրը պատերազմի տանելու, հինգ հազար զինվորի զոհաբերելու եւ հայրենիքի մի զգալի հատված թշնամուն նվիրելու համար»։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գործունեությանն անդրադառնալով՝ Ալբերտ Բազեյանը նշեց․ «Նա իշխանության կողմնակիցն է, ես՝ խիստ ընդդիմադիր։ Քաղաքականությունը՝ մի կողմ, ընկերական հարաբերությունները՝ մի կողմ։ Ես իր հետ աղ ու հաց եմ կիսել ու դա մոռանալ չեմ կարող»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031