ԿԳՍՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ինչը բուհի ուսանողության եւ դասախոսական կազմի կողմից միանշանակ չի ընդունվել: Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքի իր էջում նշանակումը որակել էր հերթական ապօրինությունը նախարարության կողմից եւ գրել, որ դասադուլ ու գործադուլ է՝ որոշման չեղարկման պահանջով:
Aravot.am-ի հետ զրույցում բուհի կրթության եւ մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկական կուլտուրայի եւ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող Էռնեստ Ավանեսովը նշեց. «Համալսարանում այս պահին դասադուլ է, ոստիկաններ են եկել, չգիտեմ ինչու, դեկաններից մեկն է ահազանգել, բայց այս մարդիկ եկել տեսել են, որ այստեղ որեւէ բան չկա, խոսել են նաեւ ուսանողների հետ: Այս պահին դեռ այստեղ են: Ուսանողները դասադուլ են հայտարարել, մենք էլ կոչով դիմել ենք ԿԳՄՍ նախարարին: Պարոն Ակոպյանը դիմել է Ժաննա Անդրեասյանին, որ կարճ ժամանակով գա հանդիպի համալսարանի ուսանողության եւ դասախոսական անձնական անձնակազմի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ են անում մեր բուհի հետ: Միշտ ամեն ինչ անարձագանք է մնացել, տեսնենք ինչ կասի նախարարը, ով ի պաշտոնե նաեւ երեկվանից երեք հոգանոց խորհրդի նախագահն է համարվում: Կգա, կխոսենք, կտեսնենք, թե ինչ պարզաբանումներ են տալիս, եթե չգա, էլի կհասկանանք մեր անելիքները»:
Նրա ձեւակերպմամբ, Դավիթ Գյուրջինյանի նշանակումը բացարձակ ապօրինի է. «Առավոտյան անակնկալի եմ եկել՝ իմանալով այսպիսի բան կա, ճանապարհի կեսից վերադարձել եմ: Իհարկե, սպասվում էր, որ ինչ-որ բան կլինի, բայց իրավական տեսանկյունից նման անգրագետ քայլ իրենց կողմից որեւէ մեկը չէր սպասում: Բայց սա ավելի վատ դրության մեջ դրեց իրենց, որովհետեւ ակնհայտ իրավական խախտումներով քայլերի արդյունք է, որի հետեւանքներն ուսանողները զգում են: Իրենք դրսում են, չեն ուզում դասի գնալ, այդ պատճառով մենք էլ չենք կարողանում դասի գնալ, ինչը մեր հիմնական անելիքն է: Դասախոսները, բնականաբար, պետք է ուսանողների կողքին կանգնեն»:
Կարդացեք նաև
Երեւանի կենտրոն համայնքի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը եւս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ այն ինչ կատարվում է Բրյուսովում, փաստում է պետական ապարատի քայքայման եւ նեխման մասին, նա անհեռատես եւ բիրտ է որակել մեթոդները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքի էջից