«Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն արդեն անտանելի է», Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց պատգամավոր Հերվ Ժյուվինը:
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կոչվաչևը ներկայացրեց ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձև: Որից հետո պատգամավորները ելույթ ունեցան և իրենց ելույթներում խստորեն քննադատեցին Ադրբեջանին: Այս բանաձևն այսօր կընդունի Եվրոպական խորհրդարանը՝ Երևանի ժամանակով ժամը 16.00-16.30-ի սահմաններում:
Հերվ Ժյուվինը նշեց՝ տեսնելով, թե Եվրոպական խորհրդարանն ինչպես է պաշտպանում Ուկրաինային, Հայաստանը նայում է դեպի Եվրոպական միություն: Նա փաստեց՝ ՀՀ-ն պատմական, մշակութային կապերով կապված է Եվրոպայի հետ, ուստի պետք է Եվրոպան իր աջակցությունը ցուցաբերի Հայաստանին: Հերվ Ժյուվինը հայտարարեց. «Մենք պետք է հրաժարվենք ադրբեջանական գազի մասին կեղծավորությունից: Մենք չպետք է ընկնենք իլյուզիաների գիրկը նաև ռուսական գազի հետ կապված: Ադրբեջանն ունի մեծ գայթակղություն Թուրքիայի հետ միջանցք ստեղծելու հարցում, և սա աշխարհաքաղաքական սպառնալիք է Եվրոպայի համար: Մենք պետք է ուժեղացնենք մեր դիտորդական առաքելությունը տարածաշրջանում, քանի որ ռուս խաղաղապահները չեն հաջողում: Հարյուր հազարավոր հայեր պայքարում են գոյատևման համար»:
Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին փաստեց՝ Հայաստանը ենթարկվել է կրկնակի ճգնաժամի՝ Քովիդ և 2020-ի պատերազմ: Այնուհետև նշեց. «Ավելին, հաջորդել է ՌԴ-ի ներխուժումը Ուկրաինա, և Հայաստանը հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ ստիպված է անվտանգության հարցում հույսը դնել մի պետության վրա, որն անթույլատրելի ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի նկատմամբ: Այս համատեքստում Հայաստանը նայում է դեպի Եվրոպական միություն, որը նրա հիմնական գործընկերն է: Հաշվի առնելով ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումը և օրենքի գերակայությունը՝ Հայաստանն արժանի է մեր լիակատար աջակցությանը»:
Կարդացեք նաև
Հանձնակատարը նաև նկատեց՝ ՀՀ-ում շատ գործ կա անելու հատկապես իրավական համակարգում, գենդերային հավասարության հարցերում, խոցելի խմբերի պաշտպանության հարցում:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորների մեծամասնության ելույթները խիստ քննադատական էին Ադրբեջանի հասցեին և հուզական: Նրանք հայտարարում էին «Մենք չենք կարող մենակ թողնել ԼՂ-ում հայերին, որոնք էթնիկ զտման, բնաջնջման վտանգի ներքո են», «հայերն իրենց գոյության համար մեծ գին են վճարել, ուստի այս դժվարին պահին Եվրոպական միությունը պետք է մենակ չթողնի Հայաստանին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ