Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հեշտ է լինել վարչապետ

Մարտ 15,2023 14:30

Հնարավո՞ր է Շուշիի ու Հադրութի բնակիչներին, օրինակ, ապագայում նաեւ խորհուրդ տան` գնալ եւ ապրել Ադրբեջանի ենթակայության ներքո

Նիկոլ Փաշինյանին հաջողվում է մի քանի ժամ տեւողությամբ իր ելույթներում խուսափել հստակությունից, ցանկացած հարցի դեպքում ընդհանրական, գլոբալ թեմաների մեջ մտնելով, դեպի այլ թեմաներ շեղվելով, շարունակ խոսել ու խոսել, բայց պետության համար խիստ վճռորոշ պահին, խիստ կարեւոր հարցերին այդպես էլ չպատասխանել:

Մի քանի օրից լրանում է Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու 100 օրը: Ալիեւն արհամարհելով Հաագայի միջազգային դատարանի որոշումը շարունակում է Արցախի ապաշրջափակումը, ուժի սպառնալիքով, ՀՀ իշխանությունների նկատմամբ ակնհայտ ճնշումներով, փաստացի, շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական գիծը: Դրան գումարած` Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացվում: Ադրբեջանը զարկ է տվել «Արեւմտյան Ադրբեջան» պետական ծրագրին, այսինքն` Հայաստանի ու Արցախի նկատմամբ կիրառվում են աննախադեպ ճնշումներ: Ավելին, Ադրբեջանի իշխանություններն ապացուցում են, որ կաշկանդված չեն զգում դիվերսիոն հարձակումներ ու ահաբեկչական գործողություններ իրականացնելու. մարտի 5-ին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկաններ գնդակահարվեցին:

Մարտի 13-ին Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշեցին. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին եւ շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով եւ սկզբունքներով»:

Այս հայտարարությունից մեկ օր անց Փաշինյանի ասուլիսից պարզ դարձավ, որ պաշտոնական Երեւանը շարունակելու է երկխոսությունը պաշտոնական Բաքվի հետ: Հայաստանն այս պահին պատրաստ է եռակողմ`Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Փաշինյանն այդ մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` վերջին հեռախոսազրույցի ընթացքում, եւ առաջիկայում նախատեսվում է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա: Ավելին, Փաշինյանը վստահեցրեց՝ նախորդ անգամ Հայաստանը ոչ թե բոյկոտել է հանդիպումը, այլ անհրաժեշտ էր, որ Արարատ Միրզոյանն այդ ժամանակ մնար Երեւանում:

Փաշինյանի ասուլիսից ընդամենը մեկ օր առաջ Արցախի խորհրդարանականները հիշեցրեցին ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը եւ հորդորեցին ՀՀ իշխանությանը` կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Երկարաշունչ ասուլիսի ընթացքում Փաշինյանը գոնե մեկ անգամ ինքնորոշման սկզբունքի մասին չհիշատակեց, անգամ այն բանից հետո, երբ լրագրողներից մեկն հիշեցրեց նրան այդ մասին:

Փաշինյանը մեր հասարակությանը խոստանում է, որ մտահոգ է Արցախի ժողովրդի անվտանգության հարցով: Բայց նա մի կողմից ներկայացնում է Բաքվի պահանջներն ու ակնկալիքները հայկական կողմից, սակայն չի պատասխանում, թե ինչպես է արցախցիների անվտանգությունն ապահովելու: Թեեւ, նրա որոշ ակնարկներից կարելի է ենթադրել, թե նա ինչպես է դա պատկերացնում. «Ես կարծում եմ՝ Նախիջեւանի հայերը, Հադրութի հայերը, Շահումյանի հայերը, Շուշիի, Կիրովաբադի, Շամխորի, Բաքվի, Սումգայիթի հայերը, եւ էլի շատ շրջանների հայեր, որոնք հազարամյակներ են այդտեղ ապրել, իրենց իրավունքները հետապնդելու, այդ թվում փոխհատուցումներ պահանջելու լիարժեք իրավունք ունեն: Ենթադրում եմ, որ իրենք կօգտվեն իրենց իրավունքները պաշտպանելու պատեհությունից»:

Իսկ հնարավո՞ր է Շուշիի ու Հադրութի բնակիչներին, օրինակ, ապագայում նաեւ խորհուրդ տան` գնալ եւ ապրել Ադրբեջանի ենթակայության ներքո:

Ինչպես միշտ Փաշինյանը բոլոր խնդիրների չլուծված լինելու հարցում գիտի պատասխանատուներին: «Ամենամեծ պրոբլեմը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելն է», «ես 2018-ին ասել եմ` ես ՀՀ վարչապետն եմ, ես ԼՂ վարչապետը չեմ, որովհետեւ ԼՂ ժողովուրդը ինձ քվե չի տվել, ինձ քվե է տվել ՀՀ ժողովուրդը, հիմա էլ կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է խոսի, պետք է ունենան հնարավորություն ու պատասխանատվություն` իրավիճակը կառավարելու, բնականաբար, մենք էլ պետք է աջակցենք իրենց»:

Փաշինյանին ուղիղ հարց տրվեց` կաշկանդվա՞ծ է հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Հստակ պատասխան չկա, միայն` ընդհանրական. «Ես կաշկանդված եմ շատ բաներով`Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությամբ, Հայաստանի անվտանգությամբ, ձեր անվտանգությամբ, բոլորի անվտանգությամբ, Հայաստանի սուվերենությամբ, ինքնիշխանությամբ, անկախությամբ, պետական շահերով, իհարկե, կաշկանդված եմ»:

Միեւնույն ժամանակ նա արձանագրում է` պետք է հիմնավորենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների, ցեղասպանության վտանգի փաստը, ինչը հնարավորություն կստեղծի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ՝ առանց Ադրբեջանի համաձայնության: Բայց սա ասում է մի պաշտոնյա, որը շարունակաբար հայտարարել է, որ` «լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար»:

Այսինքն, Փաշինյանի դիրքորոշումը հետեւյալն է` Ռուսաստանն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, իսկ ես այս պահին խոստանում եմ, որ չեմ ստորագրի մի բան, որ հետագայում ձեր աչքերի մեջ չկարողանամ նայել: Բայց քանի որ աշխարհը գտնվում է փոփոխությունների ու ցնցումների մեջ, կարելի է ենթադրել, որ նա ապագայում էլ կարող է ասել, որ երբ 2023թ. մարտի 14-ին դա հայտարարել էր, աշխարհում այնպիսի վիճակ էր, որը նրան թույլ էր տալիս նման հայտարարություն անել… Ու այսպես շարունակ:

Արցախի խորհրդարանականների հայտարարության պատասխանը կարելի է Փաշինյանի հետեւյալ արձանագրումները համարել. թեեւ Ադրբեջանի նախագահն ասել էր, որ քննարկվում է ինտեգրացիայի հարցը, սակայն նրա բառամթերքը 1 ամսվա ընթացքում փոխվել է, հետեւաբար` ԼՂ ժողովուրդների իրավունքների եւ անվտանգության շրջանակը ԼՂ ժողովուրդն ու պատգամավորներն իրենք պետք է որոշեն:

Փաշինյանի ասուլիսից նաեւ պարզ դարձավ, որ փետրվարի կեսերին պաշտոնական Երեւանը պատասխանել է խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծին, այն փոխանցել է Ադրբեջանին եւ օրերս ստացել են Բաքվի արձագանքը: Ու թեեւ որոշակի առաջընթաց կա, բայց որքան առաջ ենք գնում`ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ: «Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման հնարավոր պայմանների միջոցով ՀՀ տարածքային պահանջներ ձեւակերպել կամ նկրտումներ, ինչը հասկանալիորեն եւ բնականաբար կարմիր գիծ է մեզ համար: Հաջորդը՝ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ էթնիկ զտման, ցեղասպանության մանդատ ձեռք բերել՝ ՀՀ ստորագրությամբ, դա նույնպես կարմիր գիծ է մեզ համար: Սա մեր ընկալումն է, բնականաբար, առաջարկություններում չի գրել Ադրբեջանը դա: Հաջորդ խնդիրը, որ տեսնում ենք, հետեւյալն է՝ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի ստորագրման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետեւ այսօր ունենք գրված, ստորագրված փաստաթուղթ, որը չի կատարվում: Խոսքը նոյեմբերի 9-ի մասին է, որեւէ կերպ այդ համաձայնությամբ Լաչինի միջանցքը պիտի փակ չլիներ, բայց այն փակ է: Հիմա որեւէ փաստաթուղթ, որ պետք է ստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է՝ միջազգային»:

Եթե Ադրբեջանի նախագահը աշխարհի տարբեր քաղաքներում քննարկված թեմաները լղոզում, աղավաղում է, նույնիսկ կայացած համաձայնությունները, ձեռքբերված պայմանավորվածությունները դրժում է, անտեսում ու արհամարհում է, եւ ակնհայտ է, որ նա խուսափում է քննարկել արցախահայության իրավունքների եւ երաշխիքների հարցը` այսինքն, արցախահայության պաշտպանվածության հարցը օդում կախված է մնացել, եւ հայկական կողմից էլ դեռ ակնկալում է ավելին, այսպիսի իրավիճակում պաշտոնական Երեւանի օրակարգը ո՞րն է, մեր ակնկալիքները որո՞նք են Ադրբեջանի այդպիսի ղեկավարից…

Ամեն գնով բանակցե՞լ, այն դեպքում, երբ ինքը`Փաշինյանն էլ, արձանագրում է, որ երբեմն բանակցություններից հետո էլ է Բաքուն գնում ռազմական գործողությունների:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031