Արտահանման մտահոգիչ ցուցանիշ կա։ 2022թ․-ի առաջին կիսամյակում միայն ՀՀ-ից Թուրքիա արտահանվել է 20 միլիոն 377 հազար դոլարի ապրանք, որից միայն ոսկին՝ 20 միլիոն 167 000 դոլարի։ Այսինքն, մեկ կիսամյակում 353 կգ ոսկի ենք արտահանել։ Անկախացումից ի վեր նման ցուցանիշ չի եղել կես տարվա համար», – այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Հատկանշական է, որ նրան ընդհատեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հարցնելով․ «Ի՞նչն է մտահոգիչ»։ Մինչ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը փորձում էր ասել, որ պատգամավորին պետք է թույլ տալ հարցն ավարտել, Թադեւոս Ավետիսյանը Գաբրիելյանին ասաց․ «Մանկապարտեզում դուք եք երեւի, ես մանկապարտեզում չեմ։ Մի խանգարեք։ Ա՜յ քեզ բան։ Ձեր համար մտահոգիչ չէ, ինձ համար մտահոգիչ է»։
Կրքերը հանդարտվեցին, ինչից հետո Թադեւոս Ավետիսյանը նորից դիմեց փոխնախարարին․ «Խնդիրն այն է, որ նման քանակի հումք է մեր երկրից գնում։ Բնականաբար, որոշակի պետական կարգավորման խնդիր կա թերեւս։ Ձեր տեսակետը ո՞րն է։ Մարդիկ պարզաբանման կարիք ունեն՝ ո՞նց է ստացվում, որ միայն ոսկի ենք արտահանում այդ երկիր, բայց դրանից հինգ անգամ ավելի պատրաստի ապրանքներ ենք ներմուծում այդ երկրից»։
Արման Պողոսյանը պատասխանեց․ «Համաձայն եմ գնահատականի հետ, որ խնդիրը կարեւոր է, թեեւ նախագծին չի վերաբերում։ Այդ երկրի հետ արտաքին առեւտրի վիճակագրությունը կարող ենք ուսումնասիրել, բայց հարցին պետք է մոտենանք այն տեսանկյունից, որ մենք բաց տնտեսություն ունենք։ Իհարկե, նախընտրելի է, որ արտահանենք վերջնական արտադրանք, ոչ թե հումքային ապրանք։ Կառավարության հարկային քաղաքականությունը դրան է միտված»։
Կարդացեք նաև
Ավետիսյանի հարցին արձագանքեց նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․ «Այսօր ՀՀ-ից Թուրքիա ապրանքների արտահանումը հիմնականում հնարավոր չի, որովհետեւ Թուրքիան չի բացում սահմանը։ Ուստի գնահատել, թե հայկական ապրանքներն ինչ ներուժ կունենան այդ շուկայում, չի կարելի, որովհետեւ Թուրքիան ընտրողաբար է բաց որոշ ապրանքների համար»։
Ապա` պատգամավորներից մեկը Թադեւոս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինքը նկատի ուներ պատրաստի՞ ոսկյա զարդեր, թե հումք։ Մինչ Թադեւոս Ավետիսյանը փորձում էր հարցին պատասխանել ու հեռախոսում նշված ինչ-որ տվյալներ ասել, տեղից նորից միջամտեց Սիսակ Գաբրիելյանը, եւ լեզվակռիվը թեժացավ։ Գաբրիելյանը «դու»-ով էր դիմում Ավետիսյանին, վերջինս էլ ասում էր՝ «արա»-ն էլ ես, «այ տղան» էլ ես, քեզ հանգիստ պահի։ Գաբրիելյանը տեղից կտրուկ վեր կացավ ու մոտեցավ Ավետիսյանին, մյուս պատգամավորները միջամտեցին ու թույլ չտվեցին, որ նրանք իրար շատ մոտ գան։ Սիսակ Գաբրիելյանը բղավեց, որ ուղղակի հարց է տալիս, թե «ինչն է մտահոգիչ»։
«Կարա՞ս պատասխանես, թե ագրեսիվ ես», – բղավեց Սիսակ Գաբրիելյանը։ Վայրկյաններ անց բոլորը նստեցին։ Գաբրիելյանի ու Ավետիսյանի միջեւ մեկ պատգամավոր էր նստած, եւ մինչ Բաբկեն Թունյանը բղավում էր, որ «վերջ՝ վերջացրեք», նրանք ձեռքերն օդում պարզած՝ բղավում էին իրար վրա։ «Պարոն Գաբրիելյան, դու աթոռդ վեկալ՝ արի ստեղ»,-ասաց Թունյանը Սիսակ Գաբրիելյանին։ Վերջինս, սակայն, շարունակում էր բղավել, թե «ի՞նչն է մտահոգիչ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ