ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 23-ին ԵՄ երկրների արտգործնախարարների կողմից հաստատված քաղաքացիական առաքելությունը (EUMA)՝ բաղկացած շուրջ 100 փորձագետներից և դիտորդներից, սկսեց իր երկամյա աշխատանքը Հայաստանում։ Վերջինիս խնդրանքով տեղակայված առաքելության նպատակն է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանումը, տեղում վստահության ամրապնդումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ-ի կողմից աջակցվող ու այդ ջանքերին նպաստող պայմանների ապահովումը և համապատասխան զեկույցների կազմումը:
ԵՄ խորհրդի համապատասխան բանաձևի համաձայն՝ Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացված ֆինանսավորումը կկազմի 8,1 մլն եվրո։ Հաջորդ ժամանակահատվածի ֆինանսավորման չափը կորոշի ԵՄ խորհուրդը։
Ըստ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի՝ առաքելությունը լինելու է ԵՄ-ի «աչքերը և ականջները» երկրի վրա, և դրա ներկայությունը պետք է զսպի Ադրբեջանի նոր հարձակումները: ԵՄ առաջին 40 հոգանոց կարճաժամկետ դիտորդական առաքելությունը Հայաստանում աշխատել է անցյալ տարվա հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 19-ը։ Այնուհետև դեկտեմբերի 20-ին մոնիտորինգի նոր առաքելության տեղակայման համար հող նախապատրաստելու նպատակով Հայաստան է ժամանել իրավիճակի գնահատման խումբը:
Կարդացեք նաև
Գլխավոր հարցն այն նախադրյալներն ու պատճառներն են, որոնցով Երևանը ստիպված եղավ դիմել Բրյուսելին` խնդրելով դիտորդներ ուղարկել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի պատասխանատվության գոտում դե յուրե գտնվող տարածք:
ԵՄ-Ի ՀԱՅԱՍՏԱՆ «ԳԱԼՈՒ» ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման առաջին նախադրյալները, որոնք հետագայում բառացիորեն ստիպեցին հանրապետության ղեկավարությանը դիմել Բրյուսելին օգնության համար, ի հայտ եկան ավելի քան տասը տարի առաջ։ Մասնավորապես, շրջանառության մեջ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական նոր պլանը, որը պայմանականորեն մկրտվել է «Լավրովի պլան»: Ծրագրի էությունն Արցախի հինգ կամ յոթ շրջաններն Ադրբեջանին հանձնելն էր, որին կհաջորդեր Արցախի մնացած տարածքում ռուս խաղաղապահների տեղակայումը։
Հարկ է նշել, որ Արցախում սեփական ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Մոսկվայի հիմնական նպատակն էր՝ սկսած 1994թ. մայիսին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի կնքումից: Ըստ պլանի՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցը հետաձգվում էր անորոշ ապագայի։ Այդ դեպքում Մոսկվան հնարավորություն էր ստանում հակամարտությունը պահել չկարգավորված վիճակում՝ առնվազն նույն ժամկետով, իսկ Երևանն ու Բաքուն, համապատասխանաբար, կախված վիճակում՝ իր իսկ կեռիկից:
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խոստովանությամբ՝ անձամբ համաձայնություն է տվել այդ ծրագրի փաստացի իրականացմանը 2011թ. Կազանում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ։ Շատերի համար բավականին անսպասելիորեն հրաժարվել է Իլհամ Ալիևը։ Նման որոշում կայացնելու վերջինիս շարժառիթը մինչ օրս հարցականի տակ է։ Կարելի է ենթադրել, որ արդեն այն ժամանակ Ալիևը հույսեր էր կապում ավելին ստանալու հետ՝ շնորհիվ Թուրքիայի կողմից աջակցության խոստումների, և իհարկե, հարձակողական սպառազինությունների բազմամիլիարդանոց մատակարարումների, առաջին հերթին Ռուսաստանից և Իսրայելից։ Տեղին է նշել, որ միայն Ռուսաստանն է Ադրբեջանին 5 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել՝ միաժամանակ հանդիսանալով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։
Մոսկվային մնում էր միայն ժամանակ ձգել և սպասել ավելի բարենպաստ պահի՝ Արցախի նկատմամբ վերջնական վերահսկողություն ստանալու համար։ Եվ ահա այստեղ «Լավրովի պլանն» առաջին անգամ բախվեց սեփական զենքի լոբբիի և դրա հետևում կանգնած ՌԴ բարձրագույն քաղաքական հիերարխիայում ընդգրկված դեմքերի ստեղծած խնդիրներին։
Մինչև 2020թ. աշուն «Լավրովի պլանն» իրականացման նոր հնարավորություն ստացավ, միայն ոչ թե բանակցությունների խաղաղ ճանապարհով, այլ Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի կողմից աջակցվող զինված ագրեսիայի, որն իրականացվում էր Ադրբեջանի կողմից։ 44-օրյա դավադրության ճշգրիտ մանրամասները մինչ օրս հայտնի չեն և դժվար երբևէ հայտնի դառնան: Սակայն դրա արդյունքը եղավ Ռուսաստանի լռությունը՝ ի պատասխան Արցախ ադրբեջանական ներխուժման և Հայաստանին օգնության բազմաթիվ կոչերի։
44-օրյա սպասումից հետո, երբ Արցախում արյուն էր թափվում, մարդիկ էին զոհվում, գնդակոծվում էր Հայաստանի տարածքը, Ռուսաստանը մի քանի օրվա ընթացքում օդային ճանապարհով Արցախ է տեղափոխել մոտ երկու հազար զինվորական և հինգ հարյուր միավոր ռազմական տեխնիկա։ Այսպիսով, այն բանից հետո, երբ նրա առջև փակել են դեպի Արցախ տանող դուռը, Մոսկվային հաջողվել է «Լավրովի պլանը» «պատուհանից քարշ տալ այնտեղ»:
«ԼԱՎՐՈՎԻ ՊԼԱՆ» – 2
Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Ռուսաստանի և Թուրքիա-Ադրբեջանի միջև Արցախի փաստացի բաժանմամբ հարցը չլուծվեց։ Ավարտվել է «Լավրովի պլանի» միայն առաջին մասը։ 2020թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կողմից 44-օրյա դավադրություն պսակող զինադադարի եռակողմ հայտարարության ստորագրմամբ վերջնականապես պարզ դարձավ, որ Ռուսաստանը՝ մի կողմից, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը՝ մյուս կողմից, մտադիր են ավելի հեռուն գնալ և չեն պատրաստվում կանգ առնել ձեռքբերվածի վրա։ Այժմ խոսքն արդեն Հայաստանի տարածքի փաստացի բաժանման մասին է։
2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետն այլ կերպ մեկնաբանելը պարզապես հնարավոր չէ՝ առաջին հերթին հաշվի առնելով Հայաստանի բաց պահանջները, ընդ որում, արտատարածքային սկզբունքով, Բաքվի և Անկարայի կողմից «Զանգեզուրի միջանցքի» և Մոսկվայի քողարկված, բայց փաստացի պահանջները՝ նույն սկզբունքով։
Թյուրիմացություններից խուսափելու համար մեջբերենք 9-րդ պարբերությունն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
Թե ինչպես, ինչու, ում շահերից ելնելով, համապատասխանաբար ում ճնշման տակ Արցախի շուրջ հրադադարի ռեժիմի հաստատմանն առնչվող փաստաթղթում հայտնվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին անմիջականորեն վերաբերող կետ, առնվազն անհասկանալի է։
Թվում է, թե պատասխանը 2021թ. մայիսին և 2022թ. սեպտեմբերին ուղղակիորեն Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումներին Մոսկվայի արձագանքի բացակայության պատճառների մեջ են: Այն ավարտվել է մի քանի հարյուր հայ զինծառայողների կորստով և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրի օկուպացիայով։ Երկրները դեռևս Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներն են թղթի վրա։ Ռուսական զորամասերն ու հենակետերն անգործության են մատնվել տեղերում՝ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Անգործության է մատնվել նաև ռուսական հրամանատարական կետից կառավարվող Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ միացյալ համակարգը։
«ԼԱՎՐՈՎԻ ՊԼԱՆ» – 2-Ի ՁԱԽՈՂՈՒՄԸ
Այնուամենայնիվ, Ադրբեջանի և նրա հետևում կանգնած Թուրքիայի ու Ռուսաստանի համակարգված գործունեությունը «Լավրովի պլանի» երկրորդ մասի կյանքի կոչմանն այդպես էլ չհանգեցրեց։ Հայաստանի ղեկավարությունը, ի դեմս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սեփական կարմիր գիծն է ուրվագծել Ադրբեջանի հետ տարածքային հարցերի կարգավորման գործում, այդ գիծն է 29.8 հազար քառակուսի կիլոմետր կազմող Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դրանից հետո Վարչապետը կտրականապես հրաժարվեց որևէ բանակցություն վարել Իլհամ Ալիևի կողմից բառացիորեն «մատից ծծած» «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։ Ընդ որում, Երևանը ևս մեկ անգամ հաստատել է իր ստորագրությունը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տակ՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնել դրա 9-րդ կետը՝ կապված Ադրբեջանի և Նախիջևանի էքսկլավի միջև անարգել տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման հետ։
Տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Հայաստանի ղեկավարության վճռականությանը զգալի աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության մյուս երկրների դիրքորոշումները։ Պակաս կարևոր չէ, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջանցքային պլանների իրագործումն անթույլատրելի է համարում նաև Հայաստանի հարավային հարևան Իրանը։ Վերջինիս համար տարածաշրջանի սահմանների փոփոխությունը նույնպես կարմիր գիծ է, ինչի մասին Թեհրանը բազմիցս հայտարարել է ամենաբարձր մակարդակով։
Կարևոր է նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև անմիջական սահմանի բացակայությունը։ Երկու երկրներին բաժանում է Վրաստանը, որը փաստացի խզել է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Նման պայմաններում Մոսկվան ռազմական ճնշման և ռազմական ներխուժման սպառնալիքի միջոցով ազդելու հնարավորություն չունի Երևանի վրա։ Ցավոք, Վրաստանի և այժմ արդեն Ուկրաինայի օրինակը ցույց տվեցին, որ հետխորհրդային տարածքում ռուսական քաղաքականությունը կարող է նաև նման ձևեր ընդունել։ Վրաստանում միանգամայն արդարացիորեն վախենում են 2008թ. օգոստոսի 8-ի դիպաշարի կրկնությունից։
Այսպիսով, չկարողանալով ճնշում գործադրել Հայաստանի վրա այս կամ այն հարցում, առաջին հերթին ռազմական ներխուժման սպառնալիքի միջոցով Սյունիքով արտատարածքային միջանցքի հարցում, Մոսկվան ուներ երկու՝ վաղուց չարչրկված ճանապարհ։ Առաջինը ներքին անկայունության ստեղծումն է, իշխանությունը տապալելու սպառնալիքը խորհրդարանական ընդդիմության միջոցով, որը վաղուց արդեն հինգերորդ շարասյան դեր է կատարում, և երկրորդը Հայաստանի դեմ ադրբեջանական անպատիժ ագրեսիայի համար անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծումն է՝ դաշնակցային պարտավորությունների չկատարումը, ձգձգումը՝ Երևանի կողմից արդեն վճարված սպառազինության և զինամթերքի մատակարարումներից հրաժարվելը, ՀՕՊ միացյալ համակարգի անջատումը և այլն։ Ընդդիմության բողոքի ակցիաները ներառում են մի քանի հարյուր մարդ, համապատասխանաբար իշխանություններին ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Այժմ Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայմամբ Ռուսաստանը հայտնվեց Հայաստանի վրա ճնշում գործադրելու երկրորդ ուղու կորստի վտանգի առաջ։ Այսինքն, պատկերավոր ասած, Ռուսաստանը զրկվեց Երևանի անհնազանդության առաջին իսկ դրսևորման ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխին հարվածելու հնարավորությունից։
ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բախվելով փակ դռանը՝ Հայաստանի, Արևմուտքի և Իրանի հակազդեցությանն Անկարայի և Բաքվի հետ համատեղ իրենց «զանգեզուրյան» ծրագրերի իրականացման հարցում, Մոսկվան փորձեց այս անգամ «միջանցք մտնել պատուհանից»։ Նա առաջարկել է Հայաստանին անդամակցել Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետությանը։ Պաշտոնապես նման առաջարկ, իհարկե, չի ստացվել, սակայն, ըստ տեղեկությունների, այդ առաջարկը հնչեցվել է Վլադիվոստոկում ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Պուտինի հանդիպման ժամանակ։
Հասկանալի է, որ Հայաստանը Միութենական պետություն քարշ տալով և Լուկաշենկոյի օրինակով Փաշինյանին իր «անձնական սրիկայի» վերածելով՝ Պուտինը կարող էր Հայաստանի տարածքով միջանցք բացել այնտեղ, որտեղ ցանկանում է։ Սակայն նա մերժում է ստացել։ Դրան հաջորդել է Ադրբեջանի հերթական հարձակումը Հայաստանի վրա, որը 230 հայ զինծառայողի կյանք արժեցավ, իսկ Հայաստանին՝ ևս մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ։
ԵՄ-Ի ՀԱՅԱՍՏԱՆ «ԳԱԼՈՒ» ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Այսպիսով, Հայաստանի հետ 1997թ. ռազմավարական գործընկերության պայմանագրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովող դրույթները Ռուսաստանի կողմից կատարելուց հրաժարվելուց, Երևանում հնչեցված Ադրբեջանի ագրեսիային գնահատական տալուց ՀԱՊԿ-ի հրաժարվելուց հետո Հայաստանը հայտնվել է անվտանգության յուրօրինակ վակուումի մեջ։ Դեռևս դե յուրե պայմանականորեն գոյություն ունեցող ռուսական անվտանգության ճարտարապետությունը դե ֆակտո դադարել է գործել, համենայնդեպս Հայաստանի համար։
Ադրբեջանական ներխուժման սպառնալիքի հետ մենակ մնալով, որի հետևում կանգնած էին Թուրքիան, Պակիստանը և Ռուսաստանը, Հայաստանը պետք է շտապ լուծեր սեփական անվտանգության ապահովման հարցը։ Հենց դրանով էլ պայմանավորված էր դիտորդական առաքելություն տեղակայելու խնդրանքով ԵՄ-ին դիմելու որոշումը։ Նույնիսկ անզեն եվրոպացիները Հայաստանի տարածքում կարող են կանխել սեպտեմբերյան ծավալի հասնող հերթական ադրբեջանական գրոհը, առնվազն ավելի արդյունավետ, քան մինչև ատամները զինված ռուս զինվորականները։ Պարզապես այն պատճառով, որ նրանք հետաքրքրված են դրանով՝ ի տարբերություն Հայաստանի դաշնակից Ռուսաստանի, ում շահերը, ցավոք, վաղուց հակասում են Հայաստանի շահերին։
Ուկրաինա ռուսական ներխուժմամբ Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից, համապատասխանաբար նաև Ադրբեջանից, օբյեկտիվորեն աճել է, ինչին մեծապես նպաստել է Ուկրաինայի հարցում դրված նպատակներին հասնելու ՌԴ անկարողությունը։ Հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմի ավարտի ցանկացած նախադրյալի բացակայությունը՝ Ռուսաստանը, համապատասխանաբար, երկարաժամկետ հեռանկարում չի հրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի հետ իրավիճակային համագործակցությունից։ Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ Մոսկվան ստիպված է հաշվի նստել Անկարայի կարծիքի հետ նաև Սիրիային, Իրանին, Կենտրոնական Ասիային վերաբերող հարցերում։ Այս աշխարհաքաղաքական իրողությունները ստեղծում են օբյեկտիվ իրավիճակ, որտեղ Ռուսաստանի շահերը չեն համընկնում նրա ռազմավարական դաշնակից Հայաստանի շահերին։ Սա տեղ չի թողնում Մոսկվայի կողմից Հայաստանի հանդեպ պայմանագրային պարտավորությունների կատարման որևէ հույսի՝ միևնույն երկարաժամկետ հեռանկարում։
ԵՄ-Ի ՇԱՀԵՐԸ
Հասկանալի է, որ Բրյուսելն իր հերթին շահագրգռված է Հայաստանում սեփական ներկայության և ազդեցության ուժեղացմամբ՝ այն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում ընդլայնելու համար։ Պատճառներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի ոչնչացման միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորումից Ֆրանսիայի դուրսմղումն է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքերով։ Անկասկած, դրանում իր դերն ունեցավ նաև հավաքական Արևմուտքի և ՌԴ-ի միջև անընդհատ խորացող, առաջին հերթին Ուկրաինայով պայմանավորված դիմակայությունը։
Այս լույսի ներքո երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում ԵՄ առաքելությունն առնվազն կարող է ընդլայնվել, ինչի մասին արդեն բացահայտ խոսում են Բրյուսելում։ Կախված հայ-ադրբեջանական հարաբերությունների վիճակից՝ այդ ընթացքում կարող է երկարաձգվել նաև նրա աշխատանքի ժամկետը։ Հնարավոր է նաև կանխատեսել, որ եվրոպական դիտորդները Հայաստանում կդառնան առաջին ծիծեռնակը Հայաստանի երկար, բայց անշեղ ճանապարհին՝ միայն թղթի վրա գոյություն ունեցող «ռուսական» անվտանգության ճարտարապետությունից դեպի սկզբունքորեն նոր անվտանգության ճարտարապետություն, որը վաղ թե ուշ ծածկելու է ողջ Հարավային Կովկասը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով, հենց Ռուսաստանն է ստեղծել իր համար այդքան անցանկալի եվրոպացիների Հայաստան գալու բոլոր հեռանկարները։ Եվ նույնիսկ այսօր Հայաստանում, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում եվրոպական, արևմտյան հեռանկարների հարցում կանխորոշիչ նշանակություն ունի Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ի և 1997թ. պայմանագրի շրջանակներում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունների կատարումը։ Դրանց անվերապահ կատարման դեպքում Մոսկվայի կողմից ինքնաբերաբար կվերանա նաև եվրոպացի դիտորդների անհրաժեշտությունը։ Ռուսաստանի համար դուռը դեռևս բաց է, բաց է առայժմ: Միայն Ռուսաստանից է կախված՝ դուռը կլինի նրա մուտքի՞, թե՞ ելքի դուռը, սկզբում դեպի Հայաստան կամ Հայաստանից՝ ամբողջ տարածաշրջանից։ Առայժմ Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայմանը, Մոսկվայի ձգտումն ամեն ինչում մեղադրել բոլորին, բացի իրենցից, վկայում է Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային կողմը Ռուսաստանի հեռանալու հեռանկարի օգտին։
Դավիթ Ստեփանյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)