ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր, ընթացիկ օրենսդրական նախաձեռնություններից բացի, ներառված է նաեւ «ՀՀ կառավարության ծրագրի 2022թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը։ Աշխատանքի այս ծանրաբեռնվածությունն առաջացրեց հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դժգոհությունը։ Նա դիմեց հանձնաժողովի նախագահ, իր թիմակից Բաբկեն Թունյանին․ «Ահագին բան է, գուցե առանձի՞ն նիստ անենք։ Վաղը, մյուս օրը։ Է, հոգնում ենք․․․ձեւական բան է դառնում։ Չորս նախարար է զեկուցելու»։
Նիստին եկած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծես համաձայն չէր։
Աղազարյանը նրան ասաց․ «Ուզում ենք աշխատել, պարոն Քերոբյան, բայց նորմալ։ Այն, որ նախարարները եկել են այսօր մեր հանձնաժողով, դա չի նշանակում, որ մենք պետք է ընդառաջ գնանք, որ իրենք իրենց ժամանակն արդյունավետ օգտագործեն»։ Բաբկեն Թունյանն իր հերթին ասաց, որ նախարարները մյուս հանձնաժողովներում էլ ունեն զեկուցումներ․ «Բացի այդ, վաղը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր են, ուստի օրակարգը հագեցած է։ Եթե այսօր կզգանք, որ լրացուցիչ քննարկման կարիք կա, մի հատ էլ կկազմակերպենք»։
Աղազարյանը պատասխանեց․ «Այդ դեպքում պետք է խնդրեմ, որ հանձնաժողովը քվորում ապահովի։ Այլապես պատգամավորները կհեռանան, ու կստացվի ձեւական բան։ Գոնե այդպես։ Թե չէ երկու պատգամավորով նստելու ենք քննարկելու հսկա կարեւորության հարցը»։
Կարդացեք նաև
Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ ուրիշների փոխարեն չի կարող քվորում ապահովել, բայց եթե պատգամավորներին հետաքրքրում է, նրանք, բնականաբար, ներկա կլինեն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ