Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած պատերազմից հետո Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ, սակայն տվյալ բնակավայրերում արտագաղթ չի գրանցվել

Մարտ 15,2023 11:46

Յուրաքանչյուր համայնքում լինում է տարեկան արտագաղթի և ներգաղթի որոշակի թիվ: Ըստ էության, արտագաղթի թիվը մեծ է լինում սահմանամերձ բնակավայրերում, հատկապես պատերազմական գործողությունների ժամանակ և դրա ավարտից հետո:

2020 թվականի սեպտեմբերի 27-ի արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ընթացող մարտական գործողությունները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի հայ-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունները ենթադրում են մեծ արտագաղթ` հատկապես Սյունիքի մարզում:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը փաստում է` չնայած նրան, որ պատերազմից հետո Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ, սակայն տվյալ բնակավայրերում արտագաղթ չի գրանցվել:

-Գորիսում մենք ներգաղթ ունենք, ներկա պահին Արցախից տեղահանված 470-ից ավել ընտանիքներ այստեղ են: Այս պահին բնակարանների ձեռքբերման շրջանակներում անընդհատ տարբեր քաղաքացիներ են դիմում, ովքեր ազատ տներ են փնտրում, որպեսզի գնեն: Սակայն, մի փոքր դժվար են կարողանում ձեռք բերել, որովհետև մեծ թվով վաճառքի տներ չկան,- ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

Հետաքրքրվեցինք՝ նախքան մարդահամարների անցկացումը, ի՞նչ սխեմայով են հաշվում բնակչության թիվը:

-Փոքր բնակավայրեր են և այնպես է ստացվել, որ բոլորին անհատապես ճանաչում ենք, բացի այդ՝ հաճախ ենք հանդիպումներ ունենում բնակիչների հետ և տարվա ընթացքում հնարավորություն ենք ունենում շարժը նկատելու: Լինում է, որ ինչ-որ բնակիչ, որևէ խնդրով պայմանավորված, որոշ ժամանակով լքում է համայնքը, մենք անընդհատ կապի մեջ ենք լինում: Անհրաժեշտության դեպքում աջակցում ենք:

Քանի որ բնակավայրերը փոքր են և միգրացիոն շարժը հնարավոր է իմանալ, մենք այդ ցուցանիշով պայմանավորված կարողանում ենք հասկանալ ինչ միտում կա, իհարկե, ավելի մեծ բնակավայրերում մի փոքր դժվար է,-նշեց մեր զրուցակիցը։

Տիկին Յոլյանի խոսքով՝ հին բնակավայրերում ոռոգման ջրագծեր են փոխվել, իրականացվում է մեղվապահության ծրագիր, իրականացվում են նաև ջերմոցային տնտեսությունների, այգիների հիմնման ծրագրեր, առաջիկայում նախատեսում են նաև կաթիլային ոռոգման համակարգեր անցկացնել:

Համայնքի ղեկավարի տեղակալը նաև նշեց, որ տարաբնույթ նախագծեր են կյանքի կոչվում, որպեսզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ունենան եկամտի աղբյուր։

Կապան համայնքի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանի խոսքով, պատերազմից հետո մեծամասշտաբ արտագաղթ չի եղել Կապան համայնքում։ Իսկ շարժը, դա բնական է, նախորդ տարիներին ևս եղել է։ Արձանագրված մահերի քանակի մեծ թիվն էլ պայմանավորված է եղել պատերազմի և համաճարակի հետ։

-Մենք ստեղծում ենք այն պայմանները, որոնք մայրաքաղաքում էլ կան և որոնք կարող են արտագաղթի պատճառ դառնալ։

Այն հարցին, թե ի՞նչ սխեմայով է հաշվում բնակչության թիվը՝ նախքան մարդահամարի անցկացումը, Գոռ Թադևոսյանը պատասխանեց.

-Բնակչության ռեգիստրից պարբերաբար ստանում ենք համայնքում հաշվառված բնակչության թիվը և մեր սեփական վերլուծությունն ենք անում:

Բնակիչների տեղափոխման, համայնքից դուրս գալու և ընդհանրապես դեպի համայնքը ներգաղթը բնական երևույթ է, որևէ արտառոց թվային տարբերություն՝ կապված պատերազմի հետ չի եղել:

Լինում են դեպքեր, երբ մարդիկ աշխատանք են փնտրում այլ համայնքներում կամ Հայաստանից դուրս, դա միշտ է եղել, բնական գործընթաց է: Պետք է նշեմ, որ հիմնականում միայնակ են մեկնում աշխատելու և այն էլ ժամանակավոր:

Ըստ զրուցակիցներիս` Սյունիքի մարզի Գորիս և Կապան համայնքներում արտագաղթ չկա, մարդիկ շարունակում են իրենց բնականոն ապրելակերպը։

 

Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031