Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը՝ Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի մասին ընդունած բանաձևում

Մարտ 15,2023 10:50

Երեկ Ստրասբուրգում՝ Երևանի ժամանակով կեսգիշերն անց Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում ընդունվեց ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձև։

Բանաձևի ընդունմանը նախորդեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ելույթները, որոնցում որոշները քննադատություններ էին հնչեցնում Ադրբեջանի հասցեին, բայց միևնույն ժամանակ շեշտվում էր նաև, որ Ադրբեջանը ԵՄ-ի էներգետիկ գործընկերն է։

Բանաձևում մի շարք դրույթների ներքո ներառված է նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ Մասնավորապես  ամրագրված է․ «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Խորհրդին ուսումնասիրել ԵՄ-ի Մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում թիրախավորված անհատական ​​պատժամիջոցները Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք թույլ են տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ Այդպիսիք են իրավապահների, հատկապես՝ հաշվի առնելով քաղաքական ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների նկատմամբ ոստիկանության համատարած բռնությունները»։

Մեկ այլ դրույթով Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արևմուտքին թիրախավորելը։ Բանաձևում նշված է․ «Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանից ստացվող ապատեղեկատվությունը՝ Արևմուտքին թիրախավորող, մասնավորապես՝ որպես հետևանք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի»։

Եվրոպական խորհրդարանն իր մտահոգությունն է հայտնում նաև Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով և բանաձևում նշում․ «Եվրախորհրդարանը խորապես ափսոսում է Ադրբեջանի կողմից վավերացված Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան ամբողջությամբ չկատարելու համար, ինչը խախտում է Ադրբեջանի հանձնառությունը՝ պաշտպանել էթնիկ փոքրամասնությունների՝ լեզգիների, թալիշների, հայերի և քրդերի իրավունքները»։

Ադրբեջանի իշխող վերնախավի վարած քաղաքականությունը ևս Եվրոպական խորհրդարանի ուշադրության կենտրոնում է։ Բանաձևում այսպիսի ամրագրում կա․ «Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի իշխող վերնախավի գործունեությունը մի շարք միջազգային կազմակերպություններում, որոնց նպատակն է թուլացնել ռեժիմի դեմ միջազգային քննադատությունը, մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում, ինչի մասին են վկայում ԵԽԽՎ որոշ ներկա և նախկին անդամների գործերը, որոնք «կոռուպցիոն գործունեություն էին ծավալել»՝ հօգուտ Ադրբեջանի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031