Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան. Նիկոլ Փաշինյանը բնավ էլ ազատ չի թողել արցախցիներին. ՀՀ իշխանությունների կողմից ճնշումը բավականին մեծ է Արցախի իշխանությունների վրա. «Հրապարակ»

Մարտ 15,2023 10:34

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, որ ձեռքերը լվանալուց առաջ պետք է նախ հիշել, որ Արցախի հարցը հենց ինքն ու իր ղեկավարած իշխանություններն են բերել մտցրել փակուղի, ու հիմա պետք չէ պատասխանատվությունն այլոց ուսերին բարդել․ «Չգիտես ինչու, հիմա փորձում են հումանիտար գործառույթ իրականացնող ռուս խաղաղապահների վրա դնել Արցախի անվտանգության խնդիրը, երբ Գերագույն խորհրդի հայտնի որոշման երրորդ կետով հստակ ամրագրված է, որ ՀՀ-ն է Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը։ Այդ մասին ամրագրված է նաեւ ՀՀ Սահմանադրությունում։ Կամ՝ խոսել արցախցիների իրավունքների ու անվտանգության մասին միայն, չհայտարարել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կնշանակի՝ չեղարկել Գերագույն խորհրդի հայտնի որոշումը։ Իսկ այդ որոշումը որեւէ մեկը չի կարող չեղարկել, ստորադասել կամ չնկատելու տալ։ Այս իշխանությունը, որը նախկիններին մեղադրում էր օրենքները ոտնահարելու մեջ, իսկ իրենց համարում օրենքի գերակայության, պետություն կերտելու առաջամարտիկ, փաստացի, խախտում է մայր օրենքը եւ ոչ միայն։ Ավելին, սա նշանակում է սահմանադրական կարգի տապալում, չեղարկում ԳԽ որոշումը»։

Պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է օտար պետությունների շահը, մասնավորապես՝ Արեւմուտքի, որի խնդիրն է՝ Ռուսաստանին դուրս մղել Արցախից ու տարածաշրջանից, բայց չի հասկանում, որ դրանով թուլացնում է նաեւ ՀՀ անվտանգության հիմքերը։ Հակոբյանը հորդորում է ՀՀ իշխանություններին՝ վերջապես հրաժարվել ժողովրդին մոլորեցնող թեզից, թե հանձնելով Արցախը, փրկելու ենք Երեւանը․ «Չլինի Ստեփանակերտ, չի լինի նաեւ Երեւան, այս իշխանության քաղաքականության հետեւանքը պետականության կործանումն է լինելու»,- ասում է նա։

Փաստն այն է, որ Փաշինյանն Արցախին իր խնդիրների հետ միայնակ է թողել, պատգամավորն այս իրավիճակից ելքը տեսնում է պայքարի, դիմադրության, չընկճվելու ճանապարհով, Նիկոլ Փաշինյանին էլ հորդորում է՝ չճնշել Արցախի իշխանություններին․ «Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, որ Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու, ինքը շատ լավ գիտի 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ խորհրդարանի արած հայտարարության մասին, այն է՝ ժողովրդի որոշումը, ուստի կհորդորեմ՝ հրաժարվի ճնշումներից եւ Արցախի հարցը սակարկելուց՝ հանուն սեփական իշխանության շահի։ Նիկոլ Փաշինյանը բնավ էլ ազատ չի թողել արցախցիներին, չի թողել, որ նրանք ինքնակազմակերպվեն, ՀՀ իշխանությունների կողմից ճնշումը բավականին մեծ է Արցախի իշխանությունների վրա, վերջիններս էլ չունեն քաղաքական կամք՝ դիմադրելու։ Ավելին, Հայաստանի իշխանությունների ճնշումները որեւէ կերպ չեն զիջում Ադրբեջանի ճնշումներին, ցավոք, մայր հայրենիքում մենք ունենք այդպիսի իշխանություն, որոնք հավասարապես ճնշում  են գործադրում Արցախի թե՛ ժողովրդի, թե՛ իշխանությունների վրա»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031