Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բանակը զերծ պահել ինքնարդարացումներից

Մարտ 15,2023 10:00

Վարչապետ Փաշինյանը կարող էր ասուլիս չտալ: Առանց ասուլիսի էլ ամեն ինչ «պարզ է». եթե Հայաստանում որեւէ վատ բան կա, ապա դրանում մեղավոր են «նախկինները» եւ ռուսները: Քաղաքականության մեջ դա սովորական բան է. կեղծ թեզն այնքան ժամանակ է կենսունակ, որքան քաղաքացիների մեծամասնությունը դրան հավատում է: Հայաստանի դեպքում դա հենց այդպես է. Փաշինյանին մեծամասնությունը վստահում է, ինչն էլ ապահովում է նրա ոչ միայն լեգալությունը, այլեւ լեգիտիմությունը: Եթե այդպես չլիներ, ապա ընդդիմության հանրահավաքներին մի քանի հազար մարդուց ավելի շատ մասնակից կհավաքվեր: Հենց որ վարչապետն իր հասարակական լեգիտիմությունը կորցնի (իսկ նման բան ամենեւին բացառված չէ), դա մեզանից թաքուն չի մնա՝ դա կերեւա թե՛ քաղաքական վերնախավի վարքից, թե՛ հասարակական տրամադրություններից;

Որքան էլ այդ առասպելներն անհեթեթ լինեն, դրանց մեջ ոչ մի արտառոց բան չկա: Ես խնդիրն այլ տեղ եմ տեսնում, երբ ինքնարդարացման այդ հռետորաբանության մեջ ներառվում է բանակը: Ահա երեկվա ասուլիսից մի մեջբերում: «Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն: Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան հիմա է թվում: Զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, որ նրանց գլխին գործ են սարքել»: Նախ՝ եթե նույնիսկ կասկածի տակ չդնենք այդ գործերի «չսարքած» լինելը, ապա դա ամենեւին չի բացատրում պատերազմում կրած պարտությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային, բրիտանական եւ ամերիկյան բանակներում եղել են հազարավոր լրտեսներ եւ դավաճաններ, բայց դա չի խանգարել այդ բանակներին հաղթել:

Բայց ամենակարեւորը նույնիսկ դա չէ: Ասել նման բան այն պահին, երբ թշնամին պատրաստվում է քեզ վրա հարձակվել (դրա մասին ինքը՝ Փաշինյանն է նշել) նշանակում է՝ միանգամայն հստակ ուղերձ հղել բանակին, զինվորականներին՝ ինչպես էլ դուք կռվեք, ինչ էլ անեք, անհաջողության դեպքում մեղավոր կլինի ոչ թե պետության ղեկավարը, այլ՝ դուք: Դա, մեղմ ասած, կռվելու մոտիվացիան չի ավելացնում:

Բացի դրանից՝ եթե պետության առաջին դեմքն ասում է, որ նա ղեկավարել է մի պետություն, որի զինված ուժերում «5-րդ շարասյուն» կար, ապա ի՞նչ պետք է դրան հետեւի…

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Դուք՝ որպես լիբերալ հայացքների տեր բազմափորձ լրագրող, Ձեր դիրքորոշման մեջ միշտ հարազատ եք անմեղության կանխավարկածին: Ձեր հետևողականությունը հարգանքի արժանի է: Տվյալ դեպքում կանխավարկածն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ոչ թե գիտակցված կազմաքանդել է ու շարունակում է կազմաքանդել հայկական բանակները, այլ իր տհասության պատճառով հերթական ապուշությունն է բլթացրել, ինչը կարող է թուլացնել բանակի մարտունակությունը: Ամբողջ հարցն այն է, թե իր օրոք և մինչև գալիք աղետը, ո՞ր դատարանը կամ հանձնաժողովը պիտի մերժի կամ հաստատի այդ կանխավարկածը: Չէ՞ որ նման «անզգույշ արտահայտությունների ու գործողությունների» պատճառով, մեղմ ասած, պակասել է նաև դատական համակարգի «օբյեկտիվ լինելու մոտիվացիան»:

  2. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Ինչքան էլ ասեք ինձ համար երկիրը կեղծիքով կործանման տանողն լեգիտիմ չի կարող լինել, անկախ նրան հավատացողների քանակից։ Նույնիսկ նախկիններին և ռուսներին ահավոր չսիրող բանական մարդիք հասկանում են, որ նա նպատակային կեղծում է և ստում ոչ միայն իշխանություն պահելու համար, այլ այդ իշխանության իրական տերերի նպատակներն կատարելու համար։
    Իսկ Դուք ինձանից լավ գիտեք, որ որոշ նավեր հայկական լեռներ չեն բարձրանում։
    Հենց դա էլ նա ուզում է, որ հաջորդ պատերազմում կռվող բանակ ընդհանրապես չլինի

  3. Լավատես says:

    Կան ընդամենը երկու քաղաքակրթություններ եւ այդ երկուսը պետք է կազմեն սիմբիոզ, այսինքն՝ երկուսին էլ պետք է ձեռնտու լինի իրար հետ գոյաբանական ռազմավարական դաշինք կազմելը եւ համագործակցելը: Այդ քաղաքակրթություններից մեկը՝ դա ավտոխտոն բնիկ ժողովուրդներն են, իսկ մյուսը՝ քոչվոր ժողովուրդներն են: Երբ այդ քաղաքակրթությունները հեռանում են իրենց բնական կենսակերպից, երբ բնիկը քոչվոր է դառնում, իսկ քոչվորը՝ բնիկ, սա է պատճառը այդ երկուսի կոնֆլիկտի պատճառը: Բնիկները պետք է ավելի բնիկ լինեն, իսկ քոչվորները՝ ավելի քոչվոր, սա է ճգնաժամերի լուծման բանալին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031