Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոմբի վիրուսներ»․ որքանո՞վ է հավանական, որ դրանք մի օր կարթնանան ու կախտահարեն մարդկանց․ նոր հետազոտություն

Մարտ 15,2023 09:30

Կլիմայի փոփոխության բազմաթիվ հետևանքներից այս մեկը թերևս ամենաանսպասելին էր․ եվրոպացի հետազոտողների խումբը, որը զբաղվել է սիբիրյան հավերժական սառույցների ուսումնասիրությամբ, հայտնաբերել ու վերակենդանացրել է նախապատմական վիրուսների 13 տեսակ։

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ «հավերժական» սառցակտորներն աստիճանաբար հալչում են, և սպասվում է, որ մարդկությանն անհայտ ավելի ու ավելի շատ մանրէներ են «ջրի երես» դուրս գալու։

Հետազոտողներն ընտրել են «զոմբի վիրուսներ» եզրույթը՝ 27 000-ից 48 500 տարի սառույցի մեջ քնած միկրոօրգանիզմներին նկարագրելու համար։

Մշտական սառույցը կարող է աստիճանաբար հալվել կամ շատ արագ

Առաջին հարցն ակնհայտ է՝ դա հետաքրքիր, բայց արդյո՞ք լավ գաղափար է։ Մենք դեռ շարունակում ենք գործ ունենալ անընդհատ մուտացիայի ենթարկվող կոնկրետ վիրուսի հետ, որը նախկինում լիովին անծանոթ էր մեր օրգանիզմի համար։ Երկրորդ հարցը՝ ի՞նչ է դա նշանակում։

Այդ հետազոտության արդյունքում ոչ մի մարդ չի տուժել

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրված վիրուսներն ընդունակ են եղել վարակելու միայն ամեոբաներին։ Սակայն վիրուսները, որոնք կարող են վարակել մարդկանց, իրականում գոյություն ունեն այնպիսի միջավայրերում, ինչպիսին հավերժական սառույցն է։ Եվ ամենևին էլ փոքր չէ հավանականությունը, որ որևէ անծանոթ վիրուս կհայտնվի ինչ-որ մի անհայտ վայրից ու նոր համաճարակի սկիզբ կդառնա։

«Օբյեկտիվ ռիսկ կա, և այն գնալով մեծանում է», – ասում է Ֆրանսիայի Էքս Մարսել համալսարանի պրոֆեսոր Ժան-Միշել Քլավերին․ «Սակայն մենք չենք կարող գնահատել այդ հավանականությունը, քանի որ հրաժարվում ենք աշխատել այն վիրուսների հետ, որոնք կարող են վարակել մարդկանց ու կենդանիներին, այլապես մենք կարող ենք վերակենդանացնել այդ վիրուսները, իսկ դա չափազանց վտանգավոր է»։

Ժան-Միշել Քլավերին՝ նմուշառման սենյակում, որտեղ պահվել էին հավերժական սառույցից փորված միջուկները

Պրոֆեսոր Քլավերիի ու նրա թիմում աշխատողների հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ մարդկանց ու կենդանիների համար վարակիչ վիրուսներն ընդունակ են գոյատևել սառցաբեկորներում շատ երկար ժամանակ։

«Մեր հետազոտությունից եզրահանգում ենք, որ այլ վիրուսները, որոնք դեռ պահպանվում են հավերժական սառույցի մեջ, հավանաբար դեռ վարակիչ», -ասում է Քլավերին։. «ԴՆԹ հաջորդականությունն ուսումնասիրելով՝ մենք կարող ենք հայտնաբերել այնպիսի վիրուսներ, որոնք նման են մարդկանց ու կենդանիների համար վարակիչ համարվող այսօրվա վիրուսներին»։

Այնուամենայնիվ, հավանականությունը, որ ինչ-որ աղետալի բան տեղի կունենա մարդկանց հետ հավերժական սառույցի հալեցման արդյունքում, փոքր է․ «Միկրոբներն արագ են քայքայվում տաքության, թթվածնի և ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից»,-նշում է պրոֆեսորը։

Դրանից բացի այն վայրերում, որտեղ հավերժական սառնամանիք է, սովորաբար մարդիկ չեն ապրում։ Այսպիսով, գիտաֆանտաստիկայից ոգեշնչված որոշ վախերն այնքան էլ արդարացված չեն, սակայն եթե ավելի շատ մարդիկ բնակություն հաստատեն այդպիսի վայրերում, որտեղ քնած են այդ մանրէները, դրանցից վարակվելու հավանականությունը կմեծանա։

Դրվագ հետազոտության համար վիրուսների նմուշառման ընթացքից

Իսկ եթե․․․

Այսպիսով, եկեք պատկերացնենք տեսականորեն․ ի՞նչ կլինի, եթե հաջորդ մահացու վիրուսը հայտնվի արկտիկական սառույցներից ու ախտահարի մեր մոլորակը, մենք արդյո՞ք պատրաստ կլինենք դրան․

«Ոչ մեծ ռիսկ կա, որ սառած վիրուսն արթնանալով՝ կարող է վարակի շղթա առաջացնել՝ հասնելով մարդուն»,-ասում է իմունոլոգ Ադրիան Լիստոնը՝ Քեմբրիջի համալսարանից։ Ընդ որում, Լիստոնը չի մասնակցել հիշյալ հետազոտությանը. «Մի կողմից մենք չենք ունենա ձևավորված իմունիտետ այդ վիրուսի դեմ և դրա դեմ պայքարելու նախնական հնարավորությունները փոքր կլինեն։ Մյուս կողմից վիրուսն էլ ադապտացված չի լինի մարդկանց (ժամանակակից) վարակելու համար, ուստի փոքր է հավանականությունը, որ առաջնային վարակը վիրուսի համար հաջող կլինի»։

Հենց դա էլ շատերը չեն հասկանում։ Ժամանակակից վիրուսներն ու վարակի այլ հարուցիչները վարակիչ են, քանի որ գոյություն ունեն այսօր։ Դրանք էվոլյուցիայի են ենթարկվել մեր ժամանակակից իմունային համակարգում աշխատել կարողանալու համար՝ ի օգուտ կամ ի վնաս։

Շատ հազվադեպ են տեղի ունենում «ներթափանցման տոներ», և դրանք կարող են ազդել մարդու էվոլյուցիայի վրա», -ասում է Լիստոնը։ «Հիմնական օրինակ կարող են լինել ծաղիկը (վիրուս) և տուբերկուլոզը (բակտերիա), որոնք ուժեղ ազդեցություն են ունեցել մարդու էվոլյուցիայի վրա՝ ներթափանցելով մեր տեսակի մեջ՝ ընտրելով իմունային համակարգի այն տիպը, որը կարող էր պայքարել նրանց դեմ և սպանելով «սխալ» տիպի իմունային համակարգ ունեցող մարդկանց»։

Հետազոտության համար վերցված նմուշները

Եվ ոչ բոլոր միկրոօրգանիզմներն են վնասակար

«Կան մարդկանց համար օգտակար շատ միկրոօրգանիզմներ,-ասում է Լիստոնը։-Սակայն ընդհանուր առմամբ դրանք այն միկրոբներն են, որոնք մեր մարմնի, մեր միկրոբիոմի հետ ներդաշնակ աշխատելու համար էվոլյուցիայի են ենթարկվել միլիոնավոր տարիների ընթացքում կամ էլ ընտրվել են մեր կողմից՝ օգտակար գործառույթներ իրականացնելու համար, ինչպես օրինակ հաց կամ գարեջուր պատրաստելն է»։

Լիստոնի խոսքով, ինչ-որ սառած վիրուս դժվար թե կարողանա մեզ վրա ուղղակի ազդեցութոյւն գործել, սակայն դա եթե, այնուամենայնիվ, տեղի ունենա, լավ չի լինի։ Համենայնդեպս այս պահին Քլավերին ու իր թիմը չեն պլանավորում վնասակար վիրուսները վերակենդանացնել կամ նոր նմուշներ վերցնել․ «Ռուս – ուկրաինական հակամարտության պատճառով մեր համագործակցությունը դադարեցվել է։ Այժմ մենք կենտրոնացած ենք այն վիրուսների հետազոտության վրա, որոնք արդեն գտնվում են մեր լաբորատորիայում և փորձում ենք հասկանալ, թե ինչպես են բազմանում դրանք  ու փոխազդում իրենց միաբջիջ տերերի հետ», -ասում է Քլավերին։

Ամեն դեպքում, «զոմբի վիրուսները» մեզ հիշեցնում են կլիմայի փոփոխությունների՝ գնալով ավելի լրջացող հետևանքների մասին։

«Կարևորագույնը, որ պետք է գիտակցել, այն է, որ կլիմայի փոփոխությունը անսպասելի խնդիրներ կստեղծի»,-ասում է Լիստոնը։ «Դա պարզապես եղանակի, կլիմայական երևույթների ու ծովի մակարդակի փոփոխություն չէ։ Հարակից խնդիրների մի ողջ ջրվեժ կարող է առաջանալ։
Նոր վարակները, որոնցից մի քանիսը կարող են համաճարակ դառնալ, գրեթե անկասկած կհայտնվեն կլիմայի փոփոխության պատճառով»:

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Լուսանկարների մի մասը՝ CNN-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031