Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ եւ ո՞վ կարող է հրաժարվել կարմրուկի պատվաստումից, ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, ո՞վ պետք է հայտնաբերի կարմրուկով հիվանդներին

Մարտ 15,2023 13:30

Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքերն արդեն հասնում են մոտ 5 տասնյակի: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 եւ 4-6 տարեկան երեխաների համար, մինեւնույն ժամանակ հորդորում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա եւ պատվաստել երեխաներին: Որպես առողջապահական իրավունքի ոլորտում մասնագիտացած կազմակերպություն՝ «MGM_Partners» ընկերության փաստաբան Լուսինե Գրիգորյանին խնդրեցինք անդրադառնալ պատվաստումներից եւ, առհասարակ, բժշկական օգնությունից խուսափելու, չպատվաստվելու համար առկա իրավական կարգավորումներին։

– Արդյոք անձը կարո՞ղ է հրաժարվել պատվաստումներից։

– «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում հստակ նշված են մարդու, քաղաքացու իրավունքները բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս: Պատվաստումը եւս համարվում է բժշկական միջամտություն, քանի որ նույն օրենքով բժշկական օգնություն եւ սպասարկում ասելով հասկանում ենք եւ խորհրդատվական, եւ կանխարգելիչ, եւ բուժական, եւ դեղորայքային ծառայությունների մատուցումը: Այսինքն՝ կանխարգելիչ բժշկական ծառայություններից՝ այս դեպքում պատվաստումներից հրաժարվելը եւս մարդու իրավունքների մեջ է մտնում:

– Ե՞րբ չի կարող անձը հրաժարվել պատվաստումներից։

– Նույն օրենքով անձի իրավունքների շարքում կա նաեւ բժշկական միջամտությունից մարդու հրաժարվելու իրավունքը։ Սակայն օրենքը նաեւ բացառություններ է նախատեսում: Անձը չի կարող հրաժարվել բժշկական միջամտությունից երկու դեպքում՝ մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում եւ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում:

Մարդու կյանքին սպառնացող վտանգը վերացնելու դեպքում առանց համաձայնության բժշկական օգնություն եւ սպասարկում պետք է տրամադրվի բուժանձնակազմի կողմից, սրանք այն դեպքերն են, երբ մարդն ի վիճակի չէ համաձայնություն տալու, կամ գտնվում է կոմայի մեջ, կամ անգիտակից է։ Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող հիվանդություններին, ապա ենթաօրենսդրական ակտով ավելի մանրամասն ներկայացված են, թե որոնք են այդ հիվանդությունները, այդ շարքում է նաեւ կարմրուկը: Այսպիսով՝ ստացվում է, որ անձի՝ բժշկական միջամտությունից հրաժարվելու իրավունքը կարմրուկի դեպքում չի գործում, այս դեպքում գործում է պետության հարկադրանքը։

– Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է բացահայտի կարմրուկով հիվանդներին։

– Կարմրուկի, բնածին կարմրախտի դեպքում հիվանդների բացահայտման պարտականությունը դրված է բուժկազմակերպությունների եւ բուժանձնակազմի վրա, սա կոչվում է պասիվ մեթոդ, բացահայտման ձեւերը, եղանակները տարբեր են։ Հիմնականում բացահայտում են բնակչությանը բուժօգնություն տրամադրելիս կամ տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերելիս, կամ մասնավոր բժշկական գործունեություն իրականացնող բժշկի ընդունելության ժամանակ։ Այսինքն՝ ինչ եղանակով էլ բժշկին հայտնի է դառնում, որ կա հիվանդ, նա պարտավոր է բացահայտել այդ հիվանդի գոյության մասին, անմիջապես պետք է շտապ հաղորդում տրվի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն, ապա հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոն, ահա այսպես ձեւավորվում է հիվանդների բազան։

– Ի՞նչ պարտականություն ունեն քաղաքացիները կարմրուկով հիվանդի հետ շփվելուց հետո:

– 1 տարեկանից բարձր չպատվաստված կամ չհիվանդացած կոնտակտավորները լաբորատոր հետազոտությամբ հաստատված կարմրուկով հիվանդի հետ շփվելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում, հակացուցումների բացակայության դեպքում պատվաստվում են կարմրուկի դեմ։ Կարմրուկի դեմ պատվաստումն իրականացվում է առանձին ընթացակարգով, ինչպես մյուս բոլոր վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստման ժամանակ, հաշվառում են մարդկանց, այն կատարվում է հատուկ բուժհաստատություններում։

– Եթե, այնուամենայնիվ, քաղաքացին որոշում է չհետազոտվել, չբուժվել, պետությունը ի՞նչ լծակներ ունի նրա վրա ազդելու։

– Քաղաքացիական դատավարության նորմերը նախատեսում են հատուկ վարույթով իրականացվող գործեր քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության կամ բուժման ենթարկելու վերաբերյալ։ Այսպես, երբ քաղաքացին վարակված է կառավարության հաստատած շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությամբ, կան ապացույցներ այդ քաղաքացու այդ հիվանդությամբ հնարավոր վարակվածության վերաբերյալ, այս դեպքում առողջապահական ոլորտի կազմակերպությունները կամ բժիշկները պետք է գործընթացը կազմակերպեն։ Նրանք կարող են դիմում ներկայացնել քաղաքացու հաշվառման առաջին ատյանի դատարան, որը քննվում է սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 5 օր, կայացվում է վճիռ, որտեղ հստակ նշվում է, թե որ կազմակերպություն պետք է տեղափոխվի հիվանդը ոչ հոժարակամ հետազոտության եւ բուժման ենթարկվելու համար։ Այստեղ իրավական խնդիր կա, օրենքը հստակ սահմանում է, որ կարող են դիմում ներկայացնել, եթե առկա են ապացույցներ տվյալ քաղաքացու այդ հիվանդությամբ հնարավոր վարակվածության վերաբերյալ։ Սակայն պարզ չէ, թե դատարանին ինչ ապացույց կարող ես ներկայացնել անձի հիվանդ լինելու մասին, երբ նա հրաժարվում է գնալ ստուգվել եւ բուժում ստանալ, եթե չկա բժշկի տեղեկանք, որ այդ մարդն անցել է լաբորատոր հետազոտություններ, հաստատվել է այսինչ հիվանդությունը։ Այս դեպքում օրենսդրի պահանջը, որ պետք է դիմումի հետ ներկայացվեն ապացույցները, պրակտիկայում բարդություններ կարող է առաջացնել, բայց, այնուամենայնիվ, սա ինչ-որ միջոց է պետության կողմից ազդելու շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ հիվանդացած քաղաքացու վրա։ Բացի դրանից՝ նշեմ, որ վարչական օրինախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ունի կարգավորում՝ սանիտարական, սանիտարահիգիենիկ, սանիտարահակահամաճարակային կանոնները, նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելը, այստեղ հստակ պատասխանատվություն է նախատեսում նաեւ քաղաքացիների համար՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով։

– Հակապատվաստումային քարոզչության համար կա՞ նախատեսված որեւէ պատասխանատվություն, ինչպես նաեւ կարմրուկով հիվանդներին թիրախավորելը, նրանց տվյալները հրապարակելը որեւէ պատասխանատվություն առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ։

– Հակապատվաստումային քարոզչության համար պատասխանատվության միջոց, որպես այդպիսին, չկա։ Տարբեր ժամանակներում քննարկվում էր նման միջոց ներմուծել Քրեական օրենսգրքում, սակայն այս պահի դրությամբ չկա։

Ինչ վերաբերում է տվյալները հրապարակելուն, ապա պետք է նշել, որ դա առաջացնում է պատասխանատվություն, եթե դա արվում է բուժաշխատողի կողմից առանց հիվանդի համաձայնության: Ցանկացած տվյալի հրապարակումը, որը հայտնի է բուժաշխատողին, կառաջացնի քրեական պատասխանատվոթյուն բժշկական գաղտնիքի հրապարակման մասով, բժշկական գաղտնիքի հրապարակում է ընդհուպ բժշկին դիմելու փաստի հրապարակումը։

«Առավոտի» իրավական էջ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031