Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգն իր բոլոր դրսեւորումներով իմ մոտիվացիայի աղբյուրն է». երգիչ Տիգրան Շահինյան

Մարտ 15,2023 12:00

22-ամյա Տիգրան Շահինյանը մանկուց երգել, մասնակցել է մի շարք փառատոների եւ մրցույթների:

Տիգրանի մուտքը երաժշտական ասպարեզ նշանավորվեց դեռեւս  2018 թվականին, երբ առաջին անգամ  մասնակցեց Ռոստովում կայացած «Имена России» («Ռուսաստանի անուններ») երաժշտական փառատոնին՝ շահելով երկու ոսկի եւ մեկ արծաթ: Բաթումում կայացած «Wonderland» 4-րդ միջազգային փառատոնին Սայաթ-Նովայի «Աշխարհս մե փանջարա է» երգով Տիգրանը գրավեց առաջին  տեղը՝ համալրելով իր արդեն իսկ ունեցած մրցանակները: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սան Տիգրան Շահինյանը «Aravot.am»-ի հետ զրույցում խոսել է իր մասնագիտական ընտրության, ներկայիս գործունեության եւ ապագայում սպասվող ծրագրերի մասին:

– Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք զբաղվել երգով։

– 8 տարի է՝ արդեն զբաղվում եմ երգով, բայց տան արխիվային տեսանյութերը նայելուց հետո կարելի է ասել, որ փոքր տարիքից միշտ երգել եմ:

-Դուք ձեր առաջին քայլերն արել եք Ջիվանու անվան աշուղական դպրոցում: Ինչո՞ւ ընտրեցիք ժողովրդական եւ աշուղական երգը:

– Մեր տանը միշտ հնչել են ազգագրական, ժողովրդական եւ  աշուղական երգեր, կարծում եմ՝ այս ամենն անհետեւանք չի մնացել, անգամ մանկությանս արխիվային տեսանյութում եմ երգում` «Հայ քաջեր» երգը։ Այն փաստը, որ իմ նախնիները եղել են սասունցիներ, եւս նպաստել է, որ ընտրեմ ժողովրդական եւ աշուղական երգը:

-Չնայած գրեթե բոլոր ժանրերով երգում եք, բայց ավելի շատ երաժշտության ո՞ր ժանրն է ավելի հոգեհարազատ ձեզ։

– Ինձ համար ամենից հոգեհարազատը ժողովրդական երգն է։ Գիտակցական ողջ կյանքում այն իմ մեջ է, նաեւ ենթագիտակցությանս մեջ կա։ Այդ ամենը նաեւ արյան կանչով է փոխանցվել ինձ։ Հայկական ժողովրդական երգերում մի տեսակ ջերմ ու հարազատ ցգացողություն կա, որը ուրիշ ոչ մի ժանր չի փոխանցում. համենայնդեպս, իմ պարագայում այդպես է։ Բայց նշեմ, որ փորձել եմ եւ երեւի էլի կփորձեմ նաեւ ուրիշ ժանրերում հանդես գալ։

– Ո՞րն է ձեր  երգելու մոտիվացիայի աղբյուրը։

– Երգն իր բոլոր դրսեւորումներով իմ մոտիվացիայի աղբյուրն է: Լավ կամ վատ տրամադրությունն անգամ չի խանգարում, որպեսզի ես շարունակեմ ստեղծագործել:

Այս ամենի հետ մեկտեղ մոտիվացիայի աղբյուր է հանդիսանում պրոֆեսիոնալ մասնագետների հետ աշխատանքն ու կոնսերվատորիայում լիարժեք կրթություն ստանալը:

– Ո՞վ է ձեր ամենալավ խորհրդատուն:

– Ամենալավ խորհրդատուն ծնողներս են:

– Ներկայումս ստեղծագործական ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

– Իմ ստեղծագործական կյանքում մեծ եռուզեռ է. ես շարունակում եմ աշխատել նոր երգերի եւ տեսահոլովակների վրա, որոնք արդեն այս տարի կհանձնեմ ժողովրդի դատին: Այս ամենի հետ մեկտեղ էլ շարունակում եմ սովորել կոնսերվատորիայում, որն էլ իր դրական արդյունքն է տալիս իմ ստեղծագործական կյանքին:

Ստեֆանի ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031