Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ր առասպելներին են հավատում ժողովուրդները

Մարտ 15,2023 14:00

Խարիզմատիկ առաջնորդին հավատալն ամենահեշտն է

Մարդիկ չեն կարող ապրել առանց հավատի: Եթե անգամ դա կրոնական հավատ չէ, ապա ինչ-որ մի առասպել է, ինչ-որ ակնկալիք, որը կամ նպատակաուղղված ջանքերի շնորհիվ, կամ էլ ինչ-որ հրաշքով կարող է իրականություն դառնալ: Օրինակ, 20-րդ դարում մարդկության մի մասը հավատում էր, որ մոտ կամ հեռավոր ապագայում վերանալու են պետություններն, ազգերը, սեփականությունը, փողը, եւ որպես հետեւանք՝ նաեւ մարդկանց շահագործումն ու պատերազմները: Եթե ռեսուրսները պատկանեն ամբողջ մարդկությանը, ապա ի՞նչ իմաստ կունենա դրանց համար կռիվ տալը: Ապրիր, աշխատիր քո հաճույքի համար կամ ընդհանրապես մի աշխատիր, քեզ «Լամբորջի՞նի» է պետք, գնա, վերցրու, քշիր, ամեն ինչ ձրի է:

Լա՞վ կլիներ: Իհարկե: Բայց այդ նախագծի միակ թերությունն այն է, որ այն երբեք հնարավոր չի լինի կյանքի կոչել: Մեր ազգային կյանքում նույնպես կան նման նախագծեր: Օրինակ՝ ռուսներին քշենք, ամերիկացիներին կանչենք, նրանք կգան Վիլսոնի քարտեզը թեւի տակ եւ Արեւմտյան Հայաստանը կտան մեզ, իսկ մենք կսկսենք ապրել ճիշտ այնպես, ինչպես ամերիկացիները: Դուք դե՞մ եք դրան: Բնականաբար՝ ոչ: Պարզապես ադեկվատ մարդիկ դրան չեն հավատում, որովհետեւ տեսնում են, որ անգամ մեր այս պահին ունեցածը պահելու համար է հարկավոր շատ տանջվել, ճիշտ այնպես, ինչպես՝ բարեկեցիկ կյանքի համար:

Քանի որ նախորդ դարի վերջում պարզ դարձավ, որ կոմունիստական ուտոպիան չի աշխատելու, մարդիկ սկսեցին հավատալ ազատական ուտոպիային: Մասնավորապես, եթե մենք՝ հայերս, ինչպես նաեւ՝ բազմաթիվ այլ ազգեր, ամեն ինչ անենք այնպես, ինչպես որ դա խորհուրդ են տալիս անել նույն ամերիկացիները կամ եվրոպացիները, ապա մենք շատ արագ կյանքի որակով եւ բազմաթիվ այլ ցուցանիշներով կհավասարվենք նրանց, եւ, ինչպես ասում են, «կմտնենք զարգացած ազգերի ընտանիք»:

Բայց նախ՝ նրանք միշտ չէ, որ մեզ խորհուրդ են տալիս անել այն, ինչ իրենք են արել, երկրորդ՝ մեր մեջ կան հսկայական մշակութային եւ քաղաքակրթական տարբերություններ, եւ երրորդ՝ նրանց կյանքի նպատակը չէ, որ մենք զարգանանք եւ իրենց հասնենք: Գումարած դրան՝ նրանք մեզ մի քիչ էլ վերեւից են նայում, եւ այդ տարածությունն ավելացավ, երբ Արեւմուտքը տեսավ, որ մեզ մոտ այնպես չի ստացվում, ինչպես իրենք էին նախագծում: Ասածս պետք չէ սխալ հասկանալ: Բնականաբար, ազատ շուկային եւ ժողովրդավարությանն այլընտրանք չկա: Խոսքն ուտոպիայի մասին է, որ մեզ մոտ կյանքը կլինի այնպիսին, ինչպիսին Արեւմուտքում է: Նման բան երբեք տեղի չի ունենա:

Այսպիսով, գաղափարական միֆերը մեր եւ ոչ միայն մեր ազգի համար կորցրեցին գրավչությունը: Եվ առաջին պլան եկավ ավելի պարզունակ, ավելի հին, բայց 21-րդ դարում վերաթարմացված «փրկչի» միֆը՝ «մեր հզոր վարչապետը», «մեր հզոր Քոչարյանը», «էս ազգին Ստալին» է պետք խոսույթներով: Հավատալ, որ կգա կամ եկել է ինչ-որ մի խարիզմատիկ անձնավորություն, որը լուծելու է կամ արդեն լուծել է մեր բոլոր խնդիրները, ավելի հեշտ է, քան լինել այս կամ այն գաղափարախոսության ջատագովը:

Այդ «անձնական» վարկածն ունի մեկ այլ «առավելություն»՝ եթե խարիզմատիկ առաջնորդն արդեն եկել եւ փրկել է մեզ, ապա ոչ մի տեսլական այլեւս պետք չէ: Այսինքն, եթե, ի դեմս Փաշինյանի, իրականություն է դարձել հայ ժողովրդի դարավոր երազանքը, ուրեմն վերջ. պետք է գա ինչ-որ հայկական Ֆուկույամա եւ ասի, որ «պատմությունն ավարտվել է»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031