Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղի ֆերմեր Արարատ Պողոսյանը օրերս Գյումրիում տեղի ունեցած բիզնես-ֆորումի ժամանակ մի շատ կարևոր հարց բարձրաձայնեց։
Նա, թվարկելով գյուղատնտեսական ոլորտում մեռնող մասնագիտությունները, խնդրեց պետական աջակցություն, որպեսզի հնարավորություն տան երիտասարդներին անվճար կրթվելու, մասնագետներ դառնալու։
«Այսօր չունենք ագրոնոմ, անասնաբույժ, զոոտեխնիկ, այսօր գյուղացին չգիտի՝ դրանք ինչ մասնագիտություններ են։ Մենք նախկին հողագործ ենք, գյուղատնտես ենք, երբ բացատրում ենք, չեն ընդունում մեր խոսքը, բայց հո գիտենք այդ մասնագիտությունների կարևորությունը, պետք է մեր երեխեքին աջակցել»,-ասաց ֆերմերը։
Նա առաջարկում էր ագրարային համալսարանը դարձնել անվճար՝ վերացող մասնագիտությունների համար։
Կարդացեք նաև
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ի պատասխան՝ նշեց, որ առաջարկել են ագրարային համալսարանում վերականգնել կրթաթոշակները, որպեսզի կարողանան երիտասարդներին ներգրավել։
«Տեսնում ենք, որ մարդիկ չեն գնում, անցած տարի 34 հոգի են ընդունվել, մենք այդ առաջարկն անցած տարի էլ ենք ներկայացրել, հիմա էլ ներկայացնում կառավարությանը, ոչ միայն ագրարային համալսարանում, այլ այն ոլորտներում, որտեղ մասնագետների խիստ պահանջարկ ունենք, մտցնենք կրթաթոշակներ։ Ներգրավենք ուսանողներին այն ոլորտներ, որտեղ պահանջարկը կա, բայց մարդիկ, տարբեր սոցիալական միջավայրային պայմաններից ելնելով, չեն կարող ընդունվել»,-ասաց Վահան Քերոբյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ