Հայաստանի հետ պայմանավորվածությունների հասնելու լավ հնարավորություններ կան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը:
«Կարծում եմ՝ լավ հնարավորություններ կան պայմանավորվածությունների հասնելու համար՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հատկապես անցյալ տարի Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո: Մենք մշակել ենք հինգ սկզբունքներ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որոնք, մեր կարծիքով, պետք է ընկած լինեն խաղաղության պայմանագրի հիմքում»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում երեք ուղղություններում է. առաջին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, երկրորդ, Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսության անցկացում: Նրա խոսքով՝ իրենք անընդունելի է համարում «անջատողականության ցանկացած դրսևորում» և կարևորում են «միասնական մոտեցման ցուցաբերումը անջատողական միտումների նկատմամբ»:
Ալիևը նշել է, որ «Ղարաբաղի հայ համայնքին» իր աշխատակազմը հրավիրել է Բաքու՝ «վերաինտեգրման և մի շարք ենթակառուցվածքային նախագծերի հարցերով շփումները շարունակելու համար»:
Կարդացեք նաև
Ալիևն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ ասելով, որ Հայաստանի պահանջներն այդ հարցում «միանգամայն անհիմն են»: Նրա խոսքով՝ ճանապարհով երթևեկությունն ապահովված է, քանի որ «դեկտեմբերի 12-ից դրանով անխոչընդոտ անցել է 4000 ավտոմեքենա և բժշկական օգնության կարիք ունեցող ավելի քան 150 մարդ»:
Ալիևը նաև ասել է, որ իրենք մտահոգված են «Ադրբեջանի տարածքում Հայաստանի զինված ուժերի ներկայությամբ» և «Լաչինի միջանցքը ռազմատրանսպորտային նպատակներով օգտագործելու» կապակցությամբ:
Ադրբեջանի նախագահը նաև դժգոհել է, որ Հայաստանը «չի կատարել Զանգեզուրի միջանցքը բացելու իր պարտավորությունը՝ համաձայն եռակողմ հայտարարության», ինչպես նաև տեղեկացրել է Շտայնմայերին Լաչինի միջանցքի ելքի ու մուտքի մոտ սահմանային անցակետեր տեղադրելու իրենց առաջարկի մասին:
Շտայնմայերն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և հույս է հայտնել, որ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի: Նա նաև ընդգծել է, որ սատարում է «բրյուսելյան ձևաչափը»՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, և հույս է հայտնել, որ Բրյուսելում նոր հանդիպում տեղի կունենա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ