Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատկապես Սուրեն Պապիկյանի սկանդալային ձեռքբերման հարցում Նիկոլ Փաշինյանն իրեն դրսևորեց ամենավերջին դեմագոգի պես». Սաթիկ Սեյրանյան

Մարտ 14,2023 23:10

Այսօր կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ թանկարժեք բնակարանի ձեռք բերման մասին հարցը նրբորեն շեղելով՝ ասուլիսին ներկա ԶԼՄ ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ թե ո՞վ է 2018-ից հետո նոր բնակարան ձեռք բերել եւ առաջարկեց ստուգել՝ թե ի՞նչ տներ են գնել ԶԼՄ-ների ղեկավարները:

Հիշեցնենք, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերությունը չի պարզաբանել, թե ե՞րբ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամրագրել «Բյուրեղ» բնակելի համալիրում գտնվող թանկարժեք բնակարանը։ Ըստ «Հետքի» հրապարակման, 2022 թ․ հուլիսի 27-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 69 միլիոն դրամով (168 հազար ԱՄՆ դոլար) Երևանում 165 քմ մակերեսով բնակարան է գնել։ Թե ինչպե՞ս է հնարավոր ներկայում 412 հազար դոլար արժեցող բնակարանը 6 ամիս առաջ 100 միլիոն դրամ պակաս արժեքն ունենար, լրատվամիջոցին պարզաբանում չի տրվել:

Ի դեպ, լրագրող Գեւորգ Թոսունյանը, հենց ասուլիսի ժամանակ, սեփական օրինակով փորձեց հաշվարկներ կատարել. «Ըստ «Հետք»-ի հրապարակման, Սուրեն Պապիկյանը բնակարանը ձեռք է բերել նախորդ տարվա հուլիսին, 1019 դոլարով, ես, թեեւ այս տարի եմ առել, նույն կառուցապատողն այլ թաղամաս ունի «Բագրեւանդում», այդտեղ եմ ես առել: Նախորդ տարվա օգոստոս ամսին կառուցապատողը մեկ մետր քառակուսին վաճառում էր 1000 ԱՄՆ դոլարով: Այսինքն, «Բագրեւանդ» թաղամասում եւ Կենտրոնում բնակարանների մեկ քառակուսի մետրի տարբերությունը 19 դոլար է ստացվում, բայց այստեղ մեկ ուրիշ նրբություն կա, որ «Հետքը» հետեւողական փորձել է պարզել. արդյո՞ք բնակարանը նախապես ամրագրված էր եւ կարո՞ղ էր էժան գնով լինել»: Լրագրողը նաեւ նկատեց՝ այս հարցի մասին խոսելիս, վարչապետը խոսեց եկամտահարկի ետբերման մասին, Գեւորգ Թոսունյանը հստակեցրեց՝ եկամտահարկի արտոնությունը գործում է մինչեւ 50 միլիոն դրամ բնակարանների ձեռքբերման դեպքում, իսկ Սուրեն Պապիկյանի ձեռք բերած բնակարանն արժել 69 միլիոն դրամ:

Այս սկանդալային հարցը սահուն ԶԼՄ-ների ղեկավարների դաշտ տեղափոխելու վարչապետի ջանքերին ընդառաջ գնալով՝ Aravot.am-ը մեր որոշ գործընկերներից, այնուհանդերձ հետաքրքրվեց՝ ի՞նչ բնակարան կամ ի՞նչ այլ գույք են ձեռք բերել առհասարակ, որը մրցունակ կլինի իշխանության ներկայացուցիչների ձեռք բերածի հետ, և դրա ո՞ր մասն են ձեռք բերել 2018 թվականից հետո։

Սաթիկ Սեյրանյան

«168 ժամ» թերթի եւ կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը մեզ հետ զրույցում, նախ վարչապետի ասուլիսին անդրադարձավ. «Նիկոլ Փաշինյանը՝ իջեցնելով Արցախի ու Հայաստանի անվտանգության և ամենայնի հետ կապված նշաձողերը, թերևս, սեփական անձի համար մանիպուլյացիաների ու դեմագոգիայի նշաձողն աննախադեպ բարձրացնելու նպատակ է սահմանել և այսօրվա ասուլիսում անգամ գերազանցեց իր այդ նպատակադրումը։ Ավելի քան 4 ժամ տևած ասուլիսում հնչած հարցերի գերակշիռ մեծամասնությանը Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չպատասխանեց՝ ցանկացած անգամ ամենաուղիղ, կոնկրետ հարց մանիպուլացնելով:

Կարծում եմ՝ այս ասուլիսը, ավելի ճիշտ՝ դրա խեղաթյուրումն ունի, ինչպես ինքն է սիրում ասել, գենետիկ հիմք։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է ցանկացած արժեքի, երևույթի, կառուցակարգի բովանդակությունը՝ պահպանելով միայն ձևը։ Նույնն էլ այս ասուլիսն էր։

Տասնյակ լրագրողների ներկայությունը նրա համար սոսկ առիթ էր իր մանիպուլյացիոն հայտարարությունները հնչեցնելու համար՝ անկախ իրեն ուղղված հարցերից, դրանց կրկնություններից։ Այսինքն՝ ինչպես մնացած ամեն ինչում, մամուլի ասուլիսներում ևս Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է միայն ձևով, բուտաֆորիայով՝ դեգրադացնելով ու նսեմացնելով բովանդակությունը»։ Մեր զրուցակիցը կարծում է, որ հատկապես այս ասուլիսից հետո, լրագրողներից շատերը լրջորեն մտածելու են ապագայում դրանց մասնակցելու նպատակահարմարության մասին, քանի որ նման ձևով մասնակցությունը առնվազն մասնագիտական արժանապատվությանն ուղղված վիրավորանք է, որը հասցվում է նախկին լրագրողի կողմից։

«Ինչ վերաբերում է կոնկրետ Սուրեն Պապիկյանի սկանդալային ձեռքբերմանը, ապա հատկապես այդ հարցում Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորեց ամենավերջին դեմագոգի պես՝ ամբողջությամբ խեղաթյուրելով առավել քան կոնկրետ հարցը, կոնկրետ դերակատարներով, կոնկրետ հանգամանքներով, այն խեղաթյուրելով և տարածելով լրագրողների կամ լրատվամիջոցների ղեկավարների վրա։ Ի՞նչ կապ ունեն լրագրողները կամ ԶԼՄ-ների ղեկավարները ավելի քան ողջամիտ կոռուպցիոն կասկած պարունակող այս օրինակի հետ, երբ Պաշտպանության գործող նախարարը 2.5 անգամ ցածր գնով բնակարան է ձեռք բերում մեկից, ում որդին ազատվել է զինվորական ծառայությունից և նույն պաշտպանության նախարարի գործուն միջամտությամբ դարձել է համայնքի ղեկավար։

Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը այս դեպքի մասին ոչ թե հոդված, այլ տասնյակ հրապարակումներով հոդվածներ կգրեր՝ կբացահայտեր կեղտոտ գործարքի բոլոր մանրամասները, դրանք կհամեմեր պաթետիկ բնորոշումներով այն մասին, թե ինչպես է հանցավոր իշխանությունը օլիգարխի որդու ծառայությունը վաճառում բնակարանի դիմաց, այդպիսով ինչ բարոյական հարված է հասցվում բանակին, և այդպես շարունակ… Դրա փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը փողոցային առևտրականի պարզամիտ խորամանկությամբ լրագրողներին առաջարկում է բնակարանի առուծախի գործարքի էքսպերիմենտ անել, 100 հազար դոլար շահույթ ստանալ և այլ անհեթեթություններ… Նա այդ մանիպուլյացիաները համեմում է եկամտահարկի վերադարձից օգտված 25 հազար այլ քաղաքացիների օրինակով՝ կրկին խեղաթյուրելով իրականությունը, որովհետև Սուրեն Պապիկյանի ձեռքբերման արժեքը գերազանցում է եկամտահարկի վերադարձի՝ օրենքով նախատեսված շեմը։ Ընդ որում, նա հպարտորեն խոսում է այն ծրագրի մասին, որը նախաձեռնվել է նախկին իշխանությունների կողմից, որից տարիներ շարունակ օգտվում են ՀՀ հազարավոր քաղաքացիներ:

Երբ Նիկոլ Փաշինյանին պետք է՝ նախկին իշխանությունները դառնում են թիրախ՝ պատասխանատվությունից խուսափելու, սեփական մեղավորությունը լղոզելու համար, բայց երբ կա հպարտանալու առիթ՝ նա լռում է՝ նախկինում ստեղծված ինստիտուտների՝ այսօր ապահովող դրական արդյունքները վերագրելով իրեն։ Ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցին՝ ի՞նչ անշարժ գույք եմ ձեռք բերել 2018 թվականից հետո, ապա ես նման ձեռքբերում չեմ ունեցել։ Բայց կրկնում եմ՝ անկախ նրանից, ես կամ իմ գործընկերները բնակարան կամ այլ անշարժ գույք ձեռք բերե՞լ ենք, թե՞ ոչ, բարձրացված կոնկրետ՝ բարձրաստիճան պաշտոնյային առնչվող հարցի տեղափոխումը նման հարթություն՝ լրագրողների հետ համեմատության ու նաև լրագրողներին թիրախավորելու տիրույթ, Նիկոլ Փաշինյանի կողմից պետական պաշտոնյաների մասնակցությամբ առկա կոռուպցիոն երևույթները հովանավորելու, դրանք լղոզելու ու այդպիսով հանրության շրջանում համակարգային կոռուպցիայի վերաբերյալ առկա կասկածները հաստատելու դրսևորում է։ Պատմության ուսուցչից ֆեոդալ դարձած մի պաշտոնյայի, ով ոչ միայն պատասխանատվություն չկրեց 15 մոխրացած տղաների համար, այլև ալարեց դեպքի վայր գնալ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի օրը»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:

Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի եւ կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր բնակարանը ձեռք է բերել 2012 թվականին՝ ամուսնալուծությունից հետո, համատեղ ձեռք բերված գույքի բաժանումից եւ ծնողների թողած ժառանգություն տունը վաճառելու արդյունքում:

Գեղամ Մանուկյան

2002-2021 թվականները «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, ապա «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, ապա «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակա-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր աշխատած, այժմ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ մեր հարցին այսպես պատասխանեց. «Հայկական լրագրության մեջ կոռուպցիայի հիմնադիր եւ կոռուպցիան քաղաքական լրագրության մեջ վխտացնող Փաշինյանին չէի ցանկանա անդրադառնալ, բայց քանի որ լրագրող-գործընկեր է դիմել, ստիպված եմ պատասխանել. ամբողջ կյանքում ապրել եմ հայրական տանը: Կարծեմ 2016-ին, հայրական տան կողքը՝ ուրախ եմ, որ հենց կողքը, ձեռք եմ բերել բնակարան եւ երջանիկ եմ՝ սահմանափակ այդ տարածքով, որտեղ ընտանեկան ջերմություն կա, ի տարբերություն իր՝ ընտանիքի պատկերացման: Երջանիկ կին ունեմ, երջանիկ դուստր ունեմ, երջանիկ մայր ունեմ՝ իր զավակներով, թոռներով:

Ի դեպ, անցած տարի փորձեցի նոր բնակարան ձեռք բերել, բայց, քանի որ ֆինանսական բեռը ծանր էր, հրաժարվեցի այդ մտքից»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031