Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ ողբերգություն չի, որ Արսեն Թորոսյանը դատաիրավական համակարգին չի հավատում, մեր երկրում կան հոգեւորականներ, որոնք Աստծուն չեն հավատում. Փաշինյան

Մարտ 14,2023 22:30

Մայր աթոռի եւ կառավարության ջրերը մի առվով չեն գնում, կա՞ տարաձայնություն հոգեւոր իշխանության հետ, ինչի՞ց են առաջացել, գուցե այն բանից հետո, երբ կաթողիկոսը պահանջեց ձեր հրաժարակա՞նը. այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ի պատասխան՝ ասաց, որ հոգեւոր իշխանությունը չի հասկանում, ՀՀ-ում կա մի իշխանություն եւ դա ժողովրդի իշխանությունն է. «Այդ ջրերը մի առվով չեն կարող հոսել, որովհետեւ դրանք տարբեր առուներ են եւ առուները պետք չի խառնել իրար: ՀՀ-ն աշխարհիկ պետություն է եւ սրանով ամեն ինչ ասված է»:

Հարցրեցին՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջին փուլում ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու պահանջ կար, հիմա այդ պահանջը կա՞՝ Փաշինյանը պատասխանեց, որ իհարկե, այդ պահանջը կա, դա այնպիսի բան չի, որ կարող է դուրս գալ օրակարգից:

«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր՝ «Իսկ միջնորդները ինչպե՞ս պիտի վերաբերվեն մի մարդու, որ մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ է թռչում, մեկ աջ, մեկ՝ ձախ, մեկ Պրահա, մեկ Մոսկվա»: Այս առնչությամբ Փաշինյանը պատասխանեց. «Եթե աշխարհագրությանը նայենք, Սերժ Սարգսյանն էլ Կազան է գնացել, Վիեննա, գնացել է Սանկտ Պետերբուրգ եւ այլն: Շատ դեպքերում ես տպավորություն եմ ստանում, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը լավ չի հասկացել բանակցային բովանդակությունը, որի մեջ ներգրաված է եւ ներքաշված է: Հայտարարություններ է անում, որոնք հիմք են տալիս այդպիսի բան ասելու»:

Հարցին՝ դուք խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, բայց դրան հակադրվել է ձեր թիմակից Արսեն Թորոսյանը, դուք դա համարում եք կոռուպցիայի դեմ պայքար, նա դա համարում է փոխքաղաքապետի ժամանակ իր տեղակալի դեմ շինծու գործ հարուցել, ասում է՝ հիմքեր չկան, փաստեր չկան եւ ՀՀ-ում ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, ինչո՞ւ է ձեր թիմակիցը նման կերպ արտահայտվում եւ հաշվի անելով, որ գլխավոր դատախազը ձեզ զեկուցում է, հնարավո՞ր է, որ նա շուտով խորհրդարան գնա՝ Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը իր հետ աշխատած, իր առաջարկությամբ իմ կողմից նշանակած մարդուն դժվար իրավիճակում պաշտպանել փորձելու, ուշադրություն հրավիրելու նրա իրավունքների պաշտպանության վրա: Բարոյական առումով սա համարում եմ նորմալ, քաղաքական առումով սա եւս մի ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավարական կուսակցություն է ՔՊ-ն, որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ: Իրավական առումով հարցի պատասխանը կտա նախաքննությունը, դատաքննությունը: Հրապարակային է, եթե գործը հասնի դատաքննության փուլին: Բոլոր մարդիկ հավասար են պետության առաջ»:

Արձագանքին, որ փաստորեն, ձեր թիմակիցը չի հավատում մեր երկրի դատաիրավական համակարգին, քաղաքական պատասխանատվություն կրող մարդ է ու չի հավատում արդարադատությանը՝ Փաշինյանը պատասխանեց. «Գիտեք, մեր երկրում կան հոգեւորականներ, որոնք Աստծուն չեն հավատում, այնպես որ մեծ ողբերգություն չէ, եթե որեւէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում»: Դիտարկմանը, որ ձե՛զ չի հավատում՝ նա պատասխանեց. «Առավել եւս մեծ ողբերգություն չի»:

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հետ հանդիպելուն՝ նա ասաց, որ առանձին հանդիպել են, կհանդիպեն էլ, ոչ մի խոչընդոտ չի տեսնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031