Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բանակցեցիք, որ տապալեցիք. Լրագրողը՝ Փաշինյանին

Մարտ 14,2023 20:55

Այսօր հրավիրած  ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ եթե ասում եք հնարավոր էսկալացիայի վտանգ կա, ի՞նչ է արվել բանակի բարեփոխման, սահմանների կայունացման համար, ռազմամթերք, զինամթերք ձեռք բերվե՞լ է, ի՞նչ է արվել այն 5-րդ շարասյան դեմ, որոնց պատճառով, ըստ ձեզ, պատերազմը պարտվեցինք՝ նա պատասխանեց. «Դա հետո պիտի պարզվեր, որ ԱԱԾ-ում մաքրումների կարիք կար, որովհետեւ ՀՀ-ում մեկ տարվա ընթացքում լրտեսության գործերով ավելի շատ գործ է հարուցվում, ավելի շատ մարդ է ձերբակալվում, քան նախորդ 15-20 տարիներին միասին վերցրած: Չկայի՞ն նախկինում այդ նույն երեւույթները, ակնհայտորեն, այդպես չի»: Ինչ վերաբերում է բարեփոխումներին, նա մատնանշեց ռազմական բյուջեն կրկնապատկելը, բանակի ատեստավորումը, «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Լրագրողը հիշեցրեց, որ զինվորները տնակներում են, Փաշինյանն արձագանքեց. «Իհարկե, բայց նաեւ տեսնում ենք կառուցվող տնակներ, ներկրվող մշտական տեղակայման վայրեր: Ոչ մեկը այդ թերությունները ավելի լավ չի տեսնում, քան ես, ՊՆ նախարար, ԳՇ պետը: Մենք փորձելու ենք նախ ամեն ինչ անել, որ էսկալացիա չլինի: Լինելու դեպքում ինչ հնարավոր է անել՝ կանենք»:

Հարցին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021-ի ընտրությունների քարոզարշավին հրապարակեց մի ձայնագրություն, որտեղ ՌԴ նախագահի, Լուկաշենկոյի, Նազարբաեւի հետ զրույցներում ձեզ հավաստիացնում են՝ «Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու», դուք բանակցեցիք ձեր սեփական կետից, այդ ինչպե՞ս բանակցեցիք, որ տապալվեց ձեզ փոխանցված այդ իրավիճակը, երբ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ հիմա նույնիսկ ինքնորոշումից չեք խոսում:

Նա պատասխանեց. «Էդ լո՞ւրջ եք հարցնում, իրո՞ք: Ես համաձայն եմ նրա հետ, որ ես ասել եմ եկեք ֆիքսենք եւ ես դրա տակ կստորագրեմ: Դուք մտածում եք, որ բանակցությունները բանավոր հայտարարությունների հիման վրա՞ են լինում: Ես այդ հայտարարություններից հետո եկել եւ կարդացել եմ բանակցային թուղթը, որը սեղանին թողնվել է, այնտեղ հակառակն եմ ես տեսել: Ես ասել եմ՝ եկեք գրենք, ստորագրենք, ի՞նչն եմ սխալ ասել: Չի եղել թուղթ, որտեղ այդ ամեն ինչը արտահայտված լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031