Մարտի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
Ողջունելով դեսպանին՝ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանն առաջին անգամ է այցելում ՀՀ ներքին գործերի նախարարություն, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր։
Վահե Ղազարյանը կարևորել է միջազգային գործընկերների՝ հատկապես Եվրոպական միության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը Ներքին գործերի նախարարության ամբողջական կազմավորման, ոստիկանության և փրկարար ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործում։
Կարդացեք նաև
Ներքին գործերի նախարարը, նշելով շվեդական կողմի հետ համագործակցության մի շարք հաջողված օրինակներ, ընդգծել է նաև Հայաստանի և Շվեդիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև իրականացվող ինտենսիվ աշխատանքները։
Հատկապես կարևորվել է բնակչության պաշտպանության ոլորտում Եվրոպական միության կողմից իրականացված Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Թվինինգ» ծրագիրը՝ Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով, որի նպատակն է նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա և ամրապնդել աղետների ռիսկի կառավարման կարողությունները։
Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։
Դեսպանը նույնպես կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում առկա համագործակցությունը։ Այդ ուղղությամբ հատկապես մատնանշվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), Արևելյան գործընկերության և ԵԱՀԿ շրջանակներում իրականացված աշխատանքները։ Դեսպան Սվենսոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախարարության կազմավորման աշխատանքները, ընդգծել է ենթակա ծառայություններում՝ ոստիկանությունում, փրկարար և միգրացիոն ծառայություններում ընթացող բարեփոխումները։ Նա անդրադարձել է նաև ոստիկանությունում և փրկարար ծառայությունում իրականացվելիք ատեստավորմանը, ինչը կնպաստի ծառայողների սոցիալական երաշխիքների էական բարելավմանը։
ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է շվեդական կողմի հետ իրականացված ծրագրերը՝ ընդգծելով բանակցային ոստիկանության ստեղծումն ու այդ ուղղությամբ ծառայողների վերապատրաստման դասընթացները։
Հանդիպմանը նախանշվել են համագործակցության հետագա ուղղություններն ու քննարկվել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումներին, վիզաների ազատականացմանը, քաղպաշտպանությանն ու միգրացիային, ինչպես նաև ծառայություններում կանանց ներգրավվածությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։
ՀՀ ոստիկանություն