«Կարծում եմ՝ ամենակարևոր քայլը կլինի այն, որ Եվրամիությունը առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,- Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ անդրադառնալով այն փաստմանը, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել ՄԱԿ-ի դատարանի որոշումը։
Նա, փաստելով, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտի համաձայնության է եկել, նշեց․ «Դա կարող է օգտագործվել՝ որպես հարթակ կրիտիկական երկխոսության համար Ադրբեջանի իշխանությունների հետ։ Միգուցե նախագահ Ալիևը, ինչպես Պուտինը, ավտոկրատ է, բայց չեմ կարծում, որ նախագահ Ալիևը կցանկանա հայտնվել նույն իրավիճակում, ինչ Պուտինը և համարվել միջազգային ագրեսոր։ Այդ պատճառով ես ևս մեկ անգամ կոչ եմ անում նախագահ Ալիևին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը»։
Փաստմանը՝ իր ղեկավարած կազմակերպությունը 2022-ի հունիսից նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հետ է խորհրդատվական գործունեություն ծավալում և հարցին՝ արդյոք նմանատիպ մի համագործակցություն ՀՀ-ի հետ նախատեսո՞ւմ եք, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը պատասխանեց․ «Այո, մենք կցանկանանք շատ սերտ համագործակցություն ունենալ ՀՀ կառավարության հետ, և դա լայն համագործակցություն կլինի, որը լայն շրջանակների կանդրադառնա։ Մենք, բնականաբար, խոսում ենք ԵՄ կողմից քաղաքական աջակցության մասին։ Կարծում եմ՝ հիմա անհրաժեշտ է, որ մենք տեղեկացվածությունը բարձրացնենք այն մասին, որ ԼՂ-ում կա հումանիտար ճգնաժամ։ Եվ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ այս հարցը լուծվի։ Մենք կցանկանանք ՀՀ կառավարությանն աջակցել, որ էլ ավելի բարձր մակարդակի հասցվի ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսությունը, որը կներառի նաև անվտանգության քաղաքականության թեմայով երկխոսություն։ ԵՄ-ն լայն գործիքակազմ ունի որը կարող է օգտակար լինել ՀՀ-ի համար։ Ուստի կարծում եմ՝ ՀՀ-ն միջազգային գործընկերների էլ ավելի լայն շրջանակի կարիք ունի, քան ունի այսօր»։
Հստակեցմանը՝ ռազմաքաղաքական աջակցության ակնկալիք ՀՀ-ն հայտնե՞լ է, Անդերս Ֆոգ Ռասմուսենը պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ, այո։ Սակայն մենք մանրամասն չենք քննարկել ռազմական համագործակցության եզրերը, երբ ես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էի, տասը տարուց ավելի առաջ այցելեցի ՀՀ, որ շնորհակալություն հայտնեմ ՀՀ-ին Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների համար։ Այդ տեսանկյունից մենք ունենք գործընկերության բավականին երկար պատմություն, որը կարելի է ընդլայնել՝ ներգրավելով նաև ԵՄ-ին։ Օրինակ՝ ԵՄ-ն ունի եվրոպական խաղաղության համակարգ, որը կարող է հանդիսանալ համագործակցության շրջանակ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև»։
Կարդացեք նաև
Հարցին՝ որպես ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար խորհրդատվություն տալի՞ս է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը որևէ երկրի հետ կոնսուլտացիաներ անելուց հետո, նա պատասխանեց․ «Ոչ մի դեպքում։ ՆԱՏՕ-ն ինքն է որոշում կայացնում։ Ես այստեղ եմ ՀՀ կառավարության հրավերով, որ ամրապնդեմ հարաբերությունները ԵՄ-ի և առհասարակ Արևմուտքի հետ»։
Դիտարկմանը՝ միջազգային բանակցություններում միջնորդները կարևորում են ԼՂ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը և հարցին՝ ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր երաշխավորել ԼՂ բնակչության անվտանգությունն ու իրավունքները, Անդերս Ֆոգ Ռասմուսենը պատասխանեց․ «Պետք է անել ամեն ինչ, որ հասնենք տևական և արդար խաղաղության համաձայնագրին։ Այն պետք է երաշխավորի ԼՂ-ում բնակչության իրավունքները և անվտանգությունը։ Այդ իրավունքների և անվտանգության երաշխիքների համար որոշակի միջազգային մեխանիզմ պիտի ունենանք, որ կմշտադիտարկի, կվերահսկի և կերաշխավորի դա։ Մնում է տեսնել, թե ինչպես կկազմվի այդ միջազգային մեխանիզմը, բայց կատարյալ կլիներ ՄԱԿ-ի մանդատը վայելող խաղաղապահ կոնտինգենտը։ Երբ ասվում է խաղաղապահ կոնտինգենտ, նրանք պետք է ունենան հստակ առաքելություն և մանդատ, որը թույլ կտա իրենց ապահովել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ