«Ցավոք, ՀՀ-ում անխոցելի տարածք չկա, եթե չունենք հակահրթիռային եւ ՀՕՊ հուսալի համակարգ։ Երբ ասում եք, որ Սերժ Սարգսյանն այս կամ այն բանն է ասում, հարցրեք՝ 2018թ․-ի դրությամբ ՀՀ-ն ի՞նչ ՀՕՊ է ունեցել։ Այո, առաջնագծի կահավորման հետ կապված կան խնդիրներ, բայց դրանք ֆինանսական չեն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ առաջնագծի կահավորման խնդիրներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ խնդիրները կազմակերպչական են եւ ինժեներական․ «Քայլ-քայլ պետք է անենք սահմանի կահավորումը, որպեսզի համապատասխանի ամենաբարձր չափանիշներին։ Այո, մենք խնդիրներ ունենք։ Լուծումը խնդիրները լուծելն է։ Ցավոք, միշտ չէ, որ դա հնարավոր է արագ անել։ Ժամանակ է խլում։ Էլ չասած, որ հիմա բացահայտվում է, որ կան մարդիկ, որոնք ուղղակի չեն անում դա։ Հայտնաբերելն ու պատասխանատվության ենթարկելը եւս ժամանակ է տանում։ Այսօր բանակում կան հազարավոր նվիրյալներ, որոնք ուսերին կրում են այդ պատասխանատվությունը։ Նրանց պետք է քաջալերենք, բայց չլռենք թերությունների մասին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ