«Այսօր ես հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասում եմ՝ վերացրու Լաչինի միջանցքի շրջափակումն այսօր անհապաղ»,- Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նա հայտնեց, որ վերջին անգամ ՀՀ-ում եղել է 2012-ին, և այդ տարիներից ի վեր շատ փոփոխություններ են եղել Հայաստանում։ Տեղեկացրեց, որ ՀՀ է ժամանել ՀՀ կառավարության հրավերով, որպեսզի օգնի կառավարությանը ամրապնդել կապերը Արևմուտքի, Եվրամիության հետ։
Իր՝ ՀՀ մարզեր այցի մասին ասաց․ «Այսօր այցելել եմ ՀՀ հարավային մարզեր, որ իմ աչքով տեսնեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները Հայաստանի։ Այցելել եմ Ջերմուկ, քաղաքապետն ասաց, թե ինչ բացասական ազդեցություն են ունեցել ադրբեջանական հարձակումները քաղաքի վրա»։
Կարդացեք նաև
Անդերս Ֆոգ Ռասմուսենը նաև այցելել է Լաչինի միջանցք։ Այս առիթով ասաց․ «Լաչինի միջանցքը միակ կապն է ՀՀ-ի և ԼՂ-ում հայկական բնակչության միջև։ Անցած տարվա դեկտեմբերից ՀՀ-ի և ԼՂ-ի միջև ճանապարհը շրջափակված է։ Այս շրջափակումը ոչ մարդկային է, ոչ էլ օրինական։ Ես հանդիպեցի մարդկանց, որոնք ապրել են ԼՂ-ում, և իրենք ինձ պատմեցին այն ճգնաժամային իրավիճակի մասին, որ տիրում է ԼՂ-ում։ Շրջափակում նշանակում է, որ պարենային ապրանքների ու դեղորայքի շատ փոքր քանակ կարելի է տեղափոխել ԼՂ։ Դա նշանակում է պարենի և կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս ԼՂ-ում։ Մենք բախվում ենք մարդասիրական ճգնաժամի հետ, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այս շրջափակումն անօրինական է, ՄԱԿ-ի միջազգային դատարանը շաբաթներ առաջ որոշել է, որ Ադրբեջանը պարտավորություն ունի բացել միջանցքը ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչանի միջանցքով և հասանելիությունը ԼՂ։ Որոշումը պարտադիր է, որը նշանակում է՝ Ադրբեջանը պարտավոր է միջանցքի հասանելիությունն ապահովել ազատ տեղաշարժի համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ