2023 թվականի փետրվարին 12–ամսյա գնաճը Հայաստանում շարունակում է նվազել և ամսվա վերջին կազմել է 8.1 տոկոս։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` սահմանելով 10.75 տոկոս։
Մամուլի հաղորդագրությունն ընթերցելիս՝ ԿԲ նախագահն ասաց, որ 2023 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճը և 12-ամսյա գնաճը դանդաղում է:
«Այնուամենայնիվ, դեռեւս պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Դա կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ»,– ասաց Գալստյանը։
Կարդացեք նաև
ԿԲ նախագահի հավաստմամբ, 2023 թվականի սկզբին ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր ակտիվությունը պահպանվում է, ինչին շարունակում է նպաստել ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը։ «Բարձր ակտիվությունն ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղում դիտվող արտահանման և ՀՆԱ–ի ներուժի ավելացմամբ։ Իրականացվող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել»,–շարունակեց ընթերցանությունը պարոն Գալստյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, բարձր պահանջարկն ու գնաճային սպասումները դեռևս նպաստում են աշխատավարձերի և առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին։
ԿԲ նախագահը հայտնեց, որ ԿԲ–ի խորհուրդը նպատակահարմար է գտնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ և հետևողական է լինելու գնաճի կայունացման գործում` չեզոքացնելով գնաճային սպասումների «ապախարսխման ցանկացած ռիսկ»։
«Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թվականի 2-րդ կեսից կկայունանա 4 տոկոս նպատակային ցուցանիշի շուրջ։ Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի` ապահովելով գների կայունության նպատակը»,–ավարտեց Մարտին Գալստյանը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ