«Ինչո՞ւ ստորագրեցի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ընկալելով, որ այդ իրավիճակում ՀՀ-ն չի կարող հայտնի հանգամանքների բերումով լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր։ Հետեւաբար, պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորեր ԼՂ անվտանգությունը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն հրաժարվո՞ւմ է այլեւս լինել Արցախի անվտանգության երաշխավորը։
«Եվ համաձայն եռակողմ հայտարարության եւ դրանից հետո ՌԴ-ի դաշնային խորհրդի կայացրած որոշման, ՌԴ նախագահին թույլ է տրվել զորքեր ուղարկել ԼՂ, եւ այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է։ Ոչ թե որ ՀՀ-ն հրաժարվում է, այլ որովհետեւ ՀՀ-ն, ցավոք, պատերազմում պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը։ Հետեւաբար, այդ բոլորով հանդերձ արձանագրենք, որ իր իսկ ստանձնած պարտավորությամբ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ ԼՂ-ում կա պաշտպանության բանակ, որն Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես ՀՀ բանակ․ «ՀՀ-ն բանակ չունի ԼՂ-ում։ Ադրբեջանը նաեւ փորձում է հիմնավորել, որ ՊԲ-ն պետք է լուծարվի, գոյություն չունենա։ Եթե այդ ցեղասպանության եւ էթնիկ զտման նախապատրաստությունները․․․չեմ ասում քաղաքականություն, ասում եմ նախապատրաստում։ Եթե ԼՂ հայության ցեղասպանության վտանգ չլինի․․․ԼՂ-ն պատկերացնո՞ւմ եք այս նեղ վիճակում միլիարդներ է ծախսում այդ մասշտաբի ՊԲ ունենալու համար։ Առնվազն այդ մասշտաբով ՊԲ ունենալու կարիք չի ունենա։ ԼՂ-ում ՊԲ-ի գոյությունն ամենամեծ ապացույցն է ցեղասպանության եւ էթնիկ զտումների նախապատրաստությունների»։
Հարցին՝ Արցախի դեմ Ադրբեջանի հնարավոր էսկալացիայի դեպքում ՀՀ-ն ի՞նչ է անելու, Փաշինյանը պատասխանեց․ «ԼՂ-ի անվտանգության նոր ճարտարապետությունը ստեղծվել է նաեւ ՌԴ նախագահի հրամանագրով։ ՌԴ-ն է ստանձնել ԼՂ անվտանգության երաշխավորի դերակատարումը եւ այն պետք է կատարի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ