Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կրկին խուսափեց ուղիղ ասել՝ Արցախը տեսնո՞ւմ է Ադրբեջանի կազմում

Մարտ 14,2023 17:15

«Դուք այսօր փաստեցիք, որ Ադրբեջանի նպատակն է Արցախում էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն իրականացնելը։ Այս ամենը հաշվի առնելով՝ դուք Արցախը տեսնո՞ւմ եք Ադրբեջանի կազմում։ Եթե ոչ, խնդրում եմ ուղիղ հայտարարել, որ դուք Արցախը չեք տեսնում Ադրբեջանի կազմում»,-168.am-ն այսօր նման հարցադրում հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս նշեց․ «Կարծում էի՝ այդ հարցին պատասխանեցի։ ՀՀ օրակարգում է ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը։ Այն, ինչ այս վերնագրի ներքո եւ շրջանակի մեջ չի տեղավորվում, այդ հարցի շահառուն ԼՂ ժողովուրդն է։ Էական չէ, թե ես ինչ եմ տեսնում եւ ինչը ոչ։ Էական է, թե ինչ է տեսնում ԼՂ ժողովուրդը»։

Փաշինյանը նշեց․ «Էական է, թե ԼՂ ժողովուրդը միջազգային մեխանիզմի պայմաններում արդյոք հնարավորություն ունի՞ հետապնդել իր իրավունքների եւ անվտանգության հարցերը։ Սա շատ կարեւոր նրբություն է։ Ամենամեծ խնդիրն է սա եղել։ Էական չէ՝ ով է մեղավոր եւ ով ոչ։ Խնդիրը ԼՂ-ի՝ բանակցային գործընթացից դուրս մնալն էր։ Դա շրջադարձային կետ է մեր համար։ Չեք զգացե՞լ, որ ինչքան բարձր ու ակտիվ է ՀՀ-ն խոսել տարբեր բաների մասին, այնքան ԼՂ-ի ձայնը մարել է։ Դուրս է մնացել միջազգային տեսադաշտից»։

Ըստ Փաշինյանի՝ հարցի հիմնական շահառուն ԼՂ ժողովուրդն է․ «2018թ․-ին ասացի, որ ես ՀՀ վարչապետն եմ, ոչ թե ԼՂ-ի վարչապետը, որովհետեւ ԼՂ ժողովուրդն ինձ քվե չի տվել։ Այն ժամանակ էլ, հիմա էլ, կարծում եմ, որ ԼՂ ժողովուրդը պետք է խոսի։ ԼՂ ներկայացուցիչները հնարավորություն ու պատասխանատվություն պետք է ունենան՝ այդ հարցերը հասցեագրելու եւ իրավիճակը կառավարելու։ Մենք էլ պետք է աջակցենք բնականաբար»։

Լրագրողը նկատեց, որ Արցախի ժողովուրդն արդեն իսկ ասել է իր դիրքորոշումը եւ ինքնորոշվել է․ «Հարցս պնդեմ՝ դուք որեւէ բանով կաշկանդվա՞ծ եք հայտարարելու, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Չէ՞ որ Արցախում էլ են հայեր ապրում, նրանք էլ ունեն հայկական անձնագիր»։

Փաշինյանն արձագանքեց․ «Իհարկե, կաշկանդված եմ շատ բաներով՝ ԼՂ ժողովրդի անվտանգությամբ, ՀՀ անվտանգությամբ, ՀՀ ժողովրդի, ձեր անվտանգությամբ։ Բոլորի։ ՀՀ ինքնիշխանությամբ, պետական շահերով։ Իհարկե, կաշկանդված եմ։ Այլապես ընե՜նց հայտարարություններ կանեի։ Իհարկե, կաշկանդված եմ։ Ինձ մեղադրում են, այդ թվում՝ ձեր ակնկալած հայտարարությունն անելու մեջ, բայց ՀՀ ղեկավարներն ինչ-որ պահի այդ հայտարարությունն արել են եւ հետո կամաց-կամաց․․․խնդիրը գիտե՞ք որն է։ Մեր հայտարարությունների եւ միջազգային հանրության հետ խոսակցության մեջ չպետք է դիսոնանս լինի։ Հիմնաքարային խնդիրն այն է, որ բանակցային գործընթացի ընթացքում հանրության հետ խոսակցության եւ բանակցային սեղանի խոսակցության միջեւ խզում է առաջացել, որը դանդաղ ռումբ է դարձել ՀՀ-ի եւ ԼՂ-ի տակ։ Եթե ամեն ինչ լիներ հայտարարություններով, հիմա է՜, գիտե՞ք ինչեր էինք արել։ Ինձ համար կարեւոր է բանակցային սեղանի շուրջ եւ հանրության հետ խոսել նույն բանը։ Եթե դա չի ուժեղացնում, ապա առնվազն ռումբ չի դնում ՀՀ-ի եւ ԼՂ-ի տակ»։

Հ․ Գ․ Հիշեցնենք՝ Փաշինյանը, որը հիմա պնդում է, թե ԼՂ-ի անունից բանակցելու մանդատ չունի, 2018թ․-ից սկսած հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, որ բանակցում է սեփական՝ զրոյական կետից, որ լուծումը պետք է ձեռնտու լինի Արցախի, Ադրբեջանի եւ ՀՀ-ի ժողովուրդներին, որ «մադրիդյան սկզբունքներով» Արցախն արդեն իսկ թողնվել էր Ադրբեջանի կազմում․․․ընդ որում, Արցախից մանդատ չստացած Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, եւ Արցախից մանդատ չստացած նույն Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ կարող էինք կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի։

ՔՊ-ականներն, առհասարակ, չունեն հիմնավորումներ, թե ինչպե՞ս ստացվեց, որ մինչեւ 2018թ․-ը միջազգային ամենաբարձր ամբիոններից Արցախի ինքնորոշման իրավունքը եւ Ադրբեջանի կազմից անկախ լինելը հայտարարվում էին որպես կարմիր գծեր, իսկ պատերազմից հետո նույն «միջազգային հանրությունը» ակնկալեց իջեցնել Արցախի կարգավիճակի պատկերացումների մեր նշաձողը։ Ընդ որում, իշխանության հայտարարություններն ու գործողությունները հակասում են կառավարության ծրագրով եւ ՔՊ-ի նախընտրական ծրագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով հակամարտության կարգավորման տեսլականին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031