Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կայացման մեխանիզմները գոյություն ունեն, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակում, եւ ՀՀ-ն շարունակելու է աշխատանքը՝ այդ մեխանիզմներն աշխատեցնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ հանդիպմանն արձագանքելով հարցին, թե ի՞նչ է արվում՝ Լաչինի միջանցքի բացման հետ կապված միջազգային դատարանի միջանկյալ որոշումը կյանքի կոչելու ուղղությամբ։
«Հասկանանք, որ դրանք արագ գործընթացներ չեն։ Հետեւողական պետք է լինենք, որ մեր դիրքորոշումները եւ ԼՂ-ի ժողովրդի անվտանգության, իրավունքների հարցը հետապնդենք միջազգային հարթակներում։ Միջազգային դատարանի որոշման մեջ կա այն, որ կարող են լինել անշրջելի հետեւանքներ։ Սա հիմնավորումն է մեր ասածի, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է։ Ադրբեջանը նույնպես կարծես թե ձեռնարկում է բոլոր քայլերը, որպեսզի միջազգայնորեն տեսանելի լինի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը։ Մենք պետք է ավելի հիմնավորենք այդ ճգնաժամի, էթնիկ զտումների վտանգի փաստը եւ ցեղասպանության վտանգի փաստը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Սա, ըստ նրա, միջազգային փաստահավաք առաքելությունը ԼՂ ուղարկելու հնարավորություն կստեղծի՝ առանց Ադրբեջանի համաձայնության։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ