Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրյուսելը ցույց տվեց, որ կան էսկալացիայի վտանգը մեծացնող պայմանավորվածություններ»․ Փաշինյան

Մարտ 14,2023 16:20

«Բրյուսելյան ձեւաչափի հետ կապված վերջերս մենք շատ ակտիվ քննարկումներ ենք ունեցել, այդ թվում՝ իմ բարեկամ Շառլ Միշելի հետ։ Արդյունքում, ընթացքում եւ դրանից առաջ հիմնաքարային խնդիր ենք տեսել բրյուսելյան ձեւաչափում, որ բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց համարյա ոչինչ չի իրագործվել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ դեռեւս 2021թ․ դեկտեմբերին բրյուսելյան եռակողմ հայտարարությունից հետո ինքն ասաց, որ պայմանավորվել են Երասխ-Սադարակ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին գործարկելու մասին՝ երկրների օրենքների համապատասխան․ «Դա ճշգրիտ արտահայտում էր մեր պայմանավորվածությունը։ Տեքստը վերստուգելու համար տեղում՝ սենյակում, հենց եռակողմ հայտարարության սենյակից եմ արել այդ գրառումս՝ ճշտելով այն։ Ասվեց, որ դա ենք պայմանավորվել։ Մինչեւ հիմա երկաթուղու շինարարությունը չի վերսկսվել, որովհետեւ պայմանավորվածությունից մեկ շաբաթ անց, երբ պայմանավորվածությունը պետք է գրավոր ստորագրվեր, Ադրբեջանը հրաժարվեց։ Տասից ավելի նման պայմանավորվածություն ունենք բրյուսելյան ձեւաչափում, որոնք չեն իրագործվել, այդ թվում՝ գերիների վերադարձը»։

Փաշինյանը համաձայն է մտքի հետ, որ երբ չկան բանակցություններ, էսկալացիայի վտանգը մեծանում է․ «Բայց Բրյուսելը ցույց տվեց, որ կան էսկալացիայի վտանգը մեծացնող պայմանավորվածություններ։ Սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը մեր վրա եղավ բրյուսելյան հանդիպումից հետո։ Ո՞րն է մեր վերաբերմունքը բրյուսելյան ձեւաչափին։ Համաձայն ենք այդ ձեւաչափով շարունակել աշխատել, բայց ինչ պայմանավորվել ենք, եկեք սկսենք կետ առ կետ անել։ Ի՞նչ իմաստ ունի նոր բան պայմանավորվել։ Այդ պայմանավորվածությունները վերաբերել են ԼՂ-ին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատմանը եւ այլն։ Սկսենք երկաթուղուց կամ գերիների ազատումից։ Կամ զորքերի հետքաշման պայմանավորվածությունից»։

Ըստ Փաշինյանի՝ արդեն Պրահայում քառակողմ ձեւաչափում եղել են ամենաարդյունավետ բանակցությունները․ «Հիմա Ադրբեջանն ասում է, որ արդյունավետ ձեւաչափով պատրաստ չի աշխատել, ոչ արդյունավետով է պատրաստ։ Ֆրանսիայի քառակողմ տրամաբանությունը դուր չի գալիս Ադրբեջանին։ Եկեք 5-ով։ Գերմանիային, ԱՄՆ-ին էլ հրավիրենք։ Մենք պատրաստ ենք»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնեց, որ այս պահին Ալիեւի հետ հանդիպում նախատեսված չէ, բայց ինքը երբեւէ չի խուսափել հանդիպումներից․ «Մյունխենում ասվեց, որ քննարկելու ենք անվտանգությունը եւ երաշխիքները, բայց երկու հանդիպումներից հետո դառավ «ինտեգրացիա»։ Այդ բառերի միջեւ կիլոմետրերով տարբերություն կա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031