Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Պապիկյանի եւ Ավինյանի՝ իր իրավահաջորդը դառնալու մասին

Մարտ 14,2023 16:06

Այսօր հրավիրած ասուլիսում Aravot.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ՔՊ որոշ ներկայացուցիչներ իրենց դիրքավորում են որպես ձեր իրավահաջորդ եւ թիմ են հավաքում իրենց շուրջ, ըստ օդում կախված լուրերի, նման ակտիվություն նկատվում է Սուրեն Պապիկյանի, Տիգրան Ավինյանի շուրջ, ինչպե՞ս եք վերաբերվում նման դրսեւորումներին, արդյոք փոխքաղաքապետի ձերբակալությունը նպատակ ուներ զսպել այդ գործելաոճը եւ ո՞ւմ եք տեսնում ձեր հնարավոր իրավահաջորդ՝ հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ՔՊ-ական տեղակալներին հանել եք ձեր տեղակալի պաշտոններից:

Փաշինյանը պատասխանեց. «ՔՊ-ն ստեղծման առաջին օրից եղել է ժողովրդավարական կուսակցություն ու դա իր հետ բերում է հնարավորություններ ու սպառնալիքներ, պրոբլեմներ: Վերջին համաժողովում մենք ունեցանք պրոբլեմ, որն իրականում կազմակերպչական էր: Լիդերները եւ լիդերությունը ժողովրդավարական կուսակցությունում ձեւավորվում են ընտրություններով: Բոլոր համաժողովներում ես եղել եմ թեկնածուներից մեկը, ավելի կամ պակաս չեմ եղել, քան մյուսները: Ես հասկանում եմ, որ մեր ծանոթ քաղաքական մենթալիտետի մեջ այն, ինչ ասում եք՝ հնչում է սարսափազդու։ Մեր կուսակցությունում դա սարսափազդու չի հնչում, ընդհակառակը:

Ես կուսակցության վարչության նախագահ չեմ առաջադրվել, չեմ էլ ընտրվել, որովհետեւ չեմ ուզել, որ ՔՊ-ն լինի մեկ անձի կուսակցություն: Այսօր 3 նախագահներ կան մեր կուսակցությունում, ովքեր կուսակցության վարչության նախագահ են եղել: Ե՛վ Սուրեն Պապիկյանը, ե՛ւ Տիգրան Ավինյանը, ե՛ւ բոլորը…մեր կուսակցության կանոնադրության մեջ գրված է, որ կուսակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրվել կուսակցության մարմիններում, կարող են հավակնել կուսակցության վարչության նախագահի պաշտոնին եւ նա ավտոմատ դառնում է կուսակցության վարչապետի թեկնածու: Մեր կուսակցությունում, իմ կարծիքով, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող են լինել կուսակցության վարչապետի թեկնածու։ Եթե հանկարծ համարվի, որ այդպես չի, ես իմ կուսակցական գործունեությունը ձախողված կհամարեմ»:

Նա ասաց, որ եթե կուսակցության առաջին դեմքի հետ մի բան լինի, լավ բան չի, որ ամեն ինչ փլուզվի. «Ես 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ մեր քաղաքական թիմին հավաքել եմ եւ պահանջել եմ, որ իմ ներկայությամբ ու բացակայությամբ էլ քննարկեն՝ արդյոք ես այն մարդն եմ, ով պետք է առաջնորդի ընտրություններում: Ես փորձել եմ հիմնավորել, թե ինչով կարող եմ լինել վատ թեկնածու, ես երբեք իշխանության ուզուրպատոր չեմ եղել եւ համոզված եղեք՝ կյանքում չեմ լինի ո՛չ կուսակցությունում, ո՛չ թիմում: Դա քաղաքական մենթալիտետի, ընկալման հարց է, թե ոնց է մարդը ընկալում իրավիճակը: Ինչքան էլ մեր մոտ շատ բաներ չի ստացվում, ինչ-որ բաներ ստացվում է, այնուամենայնիվ, սկզբունքները մեզ համար կարեւոր են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031