«Դա վկայում է այն մասին, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, որտեղ լինում են հակակառավարական, ռուսամետ կամ ուկրաինամետ ցույցեր»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցադրմանն այն մասին, որ Ուկրաինայի եւ ՌԴ-ի իշխանամերձ քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ-ին մեղադրում են ռուսամետ կամ ուկրաինամետ ցույցերի ու հավաքների համար․ սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ ՀՀ-ի համար։
Փաշինյանն ասաց, որ վերջերս հետաքրքիր դեպք է եղել․ «Մեր գործընկերներից մեկն ասաց, որ ձեր երկրում իմ մասին վատ ֆիլմ են ցույց տալիս, ինչո՞ւ չեք արգելում։ Այնպես էր ստացվել, որ ես այդ օրը օդանավակայան մեկնելուց առաջ որոշեցի «Կինո «Մոսկվայի» կողքի սրճարանում սրճել ընտանիքիս հետ։ Պատուհանից երեւում էր թվային աֆիշան։ Սուրճ եմ խմում, մեկ էլ տեսնեմ՝ իմ նկարը։ Ու գրած է «Իշխանո․․․»։ Ինչ-որ անուն է գրած ֆիլմի։ Հիշեցի, որ նման մի ֆիլմ կար։ Չգիտեի։ Փաստորեն, խիստ հակաիշխանական ֆիլմը ցուցադրվում է թիվ մեկ կինոթատրոնում։ Անհարմար վիճակից դուրս գալու համար ասացի՝ բա գիտե՞ք իմ մասին ինչ են ցույց տալիս երկրի թիվ մեկ կինոթատրոնում։ Չհավատաց։ Ասացի, որ իմ արարողակարգին կխնդրեմ տոմսեր գնել ու ուղարկել ձեր դեսպանատուն։ Ոնց որ թե հարցը դրանով փակվեց»։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեմ ՌԴ գործողության առնչությամբ ՀՀ-ին չեզոքության մեջ մեղադրելու միտումներին, Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն ԵՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ է, մյուս կողմից էլ՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի անդամ․ «Միջազգային հանրության անդամ երկիրը չի կարող առանձին գլոբուսի վրա ապրել, ուստի փորձում ենք ազնիվ գործընկեր ու դաշնակից լինել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ