«Դուք ասացիք, որ ՀՀ-ի եւ Արցախի շուրջը կա էսկալացիայի վտանգ։ Ի՞նչ է անում այդ դեպքում ՀՀ իշխանությունը։ Ասում եք, որ կարմիր գծեր կան։ եթե դրանք հատվեն, հրաժարական կտա՞ք»,-այսօր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով այս հարցին՝ ասաց․ «Ես ՀՀ պատմության մեջ ամենաշատ հրաժարական ներկայացրած ղեկավարն եմ։ Ձեր ասածը մի քանի անգամ տեղի է ունեցել։ Հրաժարական էլ է եղել, փաստաթուղթ ստորագրելն էլ է եղել, չստորագրելն էլ։ Ձեր ասածը տեսական չի»։
Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Եռակողմ հայտարարությունը, որ ստորագրել էի, ես էլ երջանիկ չէի։ Կաբինետում եղած քաղաքական թիմի, ԱԽ անդամներից գիտեն, թե ինչ պայմաններում եւ ինչ վիճակում եմ ստորագրել։ Վիճակը, ամենակարեւորը, սթափ է եղել։ Ծանր է եղել եւ տեսել եմ, որ այդ թղթի իրագործմամբ ՀՀ-ն եւ ԼՂ-ն կարողանում են իրենց շահերը հետապնդել։ Այն ժամանակ դա կապիտուլյացիա անվանվեց, բայց այսօր ՀՀ ընդդիմության, իշխանության ներկայացուցիչները, իրավապաշտպաններն ամեն օր հղում են անում այդ եռակողմ հայտարարությանը։ Միջազգային դատարանն իր որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ հիմնավորվել է եռակողմ հայտարարությամբ»։
Փաշինյանը հավելեց․ «Մեր խնդիրն է երաշխիքների ինստիտուտի բացակայությունը կամ չգործելը, որի հետեւանքով այդ եռակողմ հայտարարությունը չի գործում։ Եթե ուղիղ ասենք, ապա ես ասել եմ, թե ինչ կստորագրեմ։ Չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ ձեր աչքերի մեջ նայել։ Ես խնդիրը գիտեմ գենետիկ մակարդակում եւ գիտեմ նաեւ լուծումները։ Կստացվի՞, չգիտեմ՝ մի պատճառով, որովհետեւ այսօրվա աշխարհում չկա մի ղեկավար, որը գիտի, թե մի ամիս հետո ինչ է լինելու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ