«Ես ասել եմ, որ ինձանից կախված բոլորը ջանքերը կգործադրեմ, որ մինչեւ տարեվերջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Գաղտնիք ասեմ։ Ինտրիգ։ Փետրվարին Ադրբեջանին փոխանցած պայմանագրի մեր տարբերակը՝ թղթի այդ տարբերակը ես պատրաստ եմ ստորագրել։ Երբ Ադրբեջանը մեզ տվել է նախագիծ, մենք դրա վրա աշխատել ենք եւ փոխանցել մեր տարբերակը։ Դա փետրվարի 14-ին էր՝ պայմանական։ Դա նշանակում է, որ ես այդ օրվա երեկոյան կամ հաջորդ առավոտ պատրաստ էի այդ թուղթը ստորագրել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» ժամկետներ կա՞ն, կողմերից որեւէ մեկը կամ որեւէ միջնորդ սահմանե՞լ է ժամկետներ։
Փաշինյանը հավելեց․ «Չեմ ստորագրել, որովհետեւ Ադրբեջանը չի համաձայնել այդ տարբերակին։ Իմիջիայլոց, դա կլիներ լավ նորություն, եթե այդպես ստացվեր։ Այն տարբերակը, որը մենք փոխանցել ենք, համարեք, որ տակը կա իմ ստորագրությունը։ Մենք չենք խաղում եւ ժամանակ չենք զգում։ Տարվա վերջ լավ կլիներ, որ ստորագրեինք, բայց Ադրբեջանն այլ ուղղությամբ է տանում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ