Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում ադրբեջանցիների կոտորածներ չեն եղել, մինչդեռ Բաքվում, Սումգայիթում, Հադրութում, Շուշիում եղել են»․ Փաշինյան

Մարտ 14,2023 14:21

«Դա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի ՀՀ-ի ինքնիշխան տարածքների հանդեպ։ Եթե շատ անկեղծ, ապա ԼՂ բանակցային գործընթացի փակուղի մտնելը հենց այդ պատճառով է եղել, որովհետեւ ակնհայտ է եղել, որ ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրություն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցադրմանն այն մասին, որ Ադրբեջանը բարձրաձայնում է «ՀՀ-ից բռնագաղթած ադրբեջանցիների» վերադարձի հարցը եւ պատրաստվում է պահանջներ ներկայացնել։

Փաշինյանը նշեց․ «Ձեր ասածը ՀՀ տարածքի հանդեպ ապօրինի ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի եւ Սոչիի հայտարարություններին ու պայմանավորվածություններին։ Ադրբեջանն ագրեսիայի նոր փուլ է սկսել։ Հադրութից բռնագաղթած ժողովուրդը պարբերաբար ցույցեր է անում կառավարության դիմաց եւ ճիշտ է անում, որովհետեւ եռակողմ հայտարարության կետերից մեկով՝ ներքին տեղահանվածները պետք է վերադառնան ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի հանձնակատարի հովանու ներքո։ Մինչեւ այսօր Հադրութի ժողովրդին որեւէ մեկը չի առաջարկել վերադառնալ, եւ դա կոպիտ խախտում է Ադրբեջանի կողմից։ Մենք շարունակելու ենք այդ հարցը բարձրաձայնել»։

Նույնը, Փաշինյանի խոսքով, վերաբերում է նաեւ Շուշիից բռնագաղթած հայությանը․ «Հիմա հայաթափված Նախիջեւանի ներկայացուցիչները եւս հարցեր են տալիս ՀՀ կառավարության առաջ եւ ասում են, որ կառավարությունը խոչընդոտում է իրենց իրավունքների պաշտպանությանը։ Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգությունը բացահայտ ոչնչացվել է։ Նախիջեւանը հայաթափվել է դեռ 19-րդ դարից սկսած։ Բաքվի, Սումգայիթի, Գանձակի հայությունը տեղահանվել է։ Շահումյանի շրջանի, Գետաշենի հայությունը եւս։ Կառավարությունը երբեք չի խոչընդոտել։ Գուցե չի էլ քաջալերել։ Երեւի դա սխալ է եղել, բայց մենք չենք էլ խոչընդոտել, որ իրենք հետապնդեն իրենց իրավունքները։ Իսկ ՀՀ-ից բռնի տեղահանման դեպքեր չեն եղել։ Մեր արխիվներում կան թղթեր, որ սովետական ՀՀ-ի կառավարությունն աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին։ Նրանք իրենց կամքով են որոշել գնալ։ Կոտորածներ չեն եղել ՀՀ-ում ադրբեջանցիների, մինչդեռ Բաքվում, Սումգայիթում, Հադրութում, Շուշիում եղել են»։

Փաշինյանի խոսքով՝ վերջերս մի գյուղ է գնացել, որի բոլոր հայ բնակիչները ժամանակին բռնի տեղահանվել են Ադրբեջանից․ «Ինչ հասցրել են, հետները բերել են»։

Փաշինյանը հստակ չպատասխանեց հարցին՝ միջազգային իրավական ատյաններում ՀՀ-ն հակընդդեմ հայց ներկայացնելո՞ւ է հայ փախստականների հարցով, սակայն նշեց, որ Նախիջեւանի հայ համայնքը, Շահումյանի, Հադրութի, Բաքվի, Սումգայիթի, Շուշիի հայերը, որոնք հազարամյակներով ապրել են ներկայիս Ադրբեջանի տարածքում, իրենց իրավունքները պաշտպանելու հիմքեր ունեն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031