Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարցրեք, թե դուխը կհերիքի՞ կրկնել Արցախը Հայաստան է եւ վերջ ֆրազը»

Մարտ 14,2023 14:17

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ Փարիզում գտնվելու ժամանակ Հայաստանի եւ Արցախի խնդիրներով հանդիպումներ է ունեցել խնդրին քաջատեղյակ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, «Հայելի» ակումբի ուղիղ եթերում պատմեց, թե ինչ թեմաների շուրջ են եղել քննարկումները եւ ինչ են այնտեղ ասել իրեն: «Այո, ես Փարիզում մի քանի քաղաքական, փորձագիտական եւ հասարակական սեկտորների շրջանակների հետ հանդիպումներ եմ ունեցել եւ, բնականաբար, իմ քննարկման թեմաները իրենց հետ եղել են Հայաստանը, Արցախը: Ի՞նչ է ասում Արեւմուտքը: Արեւմուտքը ասում է շատ պարզ բան: Ես ավելի ուշ եմ նայել գրքի շնորհանդեսից հետո Սերժ Սարգսյանի հարցազրույցը եւ շատ հետաքրքիր զուգադիպություն եմ տեսել: Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ Արեւմուտքը, տվյալ դեպքում՝ Եվրամիությունը, չի կարող հավատարիմ չմնալ Հայաստանի հետ կնքված 2017 թվականի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է Լեռնային Ղարաբաղի հատվածում ազգերի ինքնորոշման իրավունք, նույն մարդիկ՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագիտական, լրագրողական, հանրային սեկտորի ներկայացուցիչները, որոնց հետ ես խոսում էի, ասում էին. մենք շարունակում ենք մնալ հավատարիմ SEPA-ին: Այսինքն, Եվրոպական Միությունը հավատարիմ է SEPA-ին:

Բայց երբ Գերմանիայի կանցլերը Բեռլինում խոսում է Արցախի ինքնորոշման իրավունքից, իսկ Ֆրանսիայում ԱԳՆ-ի բավականին լուրջ պաշտոնյա, ով զբաղվում է Հայաստանի խնդիրներով, ասում է. երբ որ Գերմանիայի կանցլերի կողքը կանգնած ձեր վարչապետը շրջանցում է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ խոսում ինչ-որ անվտանգությունից եւ այլնից, մեզանից դուք ի՞նչ եք ուզում: Այսինքն, ԵՄ բոլոր երկրները, որոնք հատ-հատ վավերացրել են այդ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության հուշագիրը, իրենք պարտավոր են հավատարիմ մնալ այդ փաստաթղթին: Ավելին, պատերազմից հետո ԵՄ պաշտոնական տեսակետը կրկին պաշտպանում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց հենց այս պահին մեզ հետ զուգահեռ ասուլիս տվող Նիկոլ Փաշինյանը, որքան հասկացանք, արդեն հանձնում է, տալիս է եւ խոսում է, ինչքան հասցրեցինք լսել ուղիղ եթերը:

Ինձ Եվրոպայում ասում են՝ այո, մենք կրկին պատրաստ ենք հավատարիմ լինել 2017-ին ստորագրած մեր իսկ փաստաթղթին, ինչը վերահաստատել ենք 2020 թվականի նոյեմբերին, ինչը տեղադրված է ԵՄ կայքում: Բայց եթե ձեր իշխանությունը Ադրբեջանի հետ պայմանավորվում է հանձնել Արցախը, դուք մեզանից ի՞նչ եք ուզում»:

Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցող լրագրողներին հորդորեց նրան հարցնել, թե ինքը պնդո՞ւմ է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, թե՞ բան է փոխվել: «Հիմա իրա դուխը կհերիքի՞ կրկնել այդ ֆրազը»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031