Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորից ու հավետ կառուցելու հայրենիքը»

Մարտ 14,2023 14:25

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը Շարունակում է «Հզորացնել Արցախյան Ընտանիք Մը» Ծրագիրը

 «Ինչ որ անեք, արեք սրտանց, որպես թե Տիրոջ համար եք անում և ոչ թե մարդկանց համար: Իմացեք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգության հատուցումը, քանզի Տեր Քրիստոսին եք ծառայում։ Կողոս. 3. 23-24

Բաղդասարյանների ընտանիքի պատմությունը, պատմություն է Արցախցի մաքառող, աշխատասեր, կառուցող, սիրով և օրհնությամբ փայլող ընտանիքի մասին, որտեղ իրենց զավակներին (20տ, 18տ, 16տ, 15տ, 13տ, 11տ), փոխանցում սեր՝ առ Աստված, առ ընտանիք, առ Հայրենիք:

Ավետարանչականի Արցախի թիմը այս ընտանիքին հանդիպեց 2021թ.-ին դաժան պատերազմից հետո, երբ ընտանիքը պարտադրված թողել էր բնօրրանը՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը և բնակվել Ասկերան քաղաքում: Հայրենի գյուղում էին մնացել սեփական տունը, մշակվող դաշտերը, բանջարանոցը, ընտանի կենդանիները՝ տարիների աշխատանքով ստեղծած տնտեսությունը:

Բայց ինչպես Արցախում են ասում՝ «Ավետարանոցիք քարից էլ հաց կունենան»: Ավետարանչականի աջակցությամբ ընտանիքը սկսեց ոտքի կանգնել։ Մայրը սկսեց թխել քիչ քանակով հաց, մշակել տնամերձ հողամասը, ամուսինը երեխաների հետ սկսեցին զբաղվել անասնապահությամբ՝ գնեցին խոզ, ճագարներ, հավեր: Հանդիպման առաջին պահից ոգևորող էր երիտասարդ կնոջ եռանդը: Միշտ կոկիկ և ժպտերես երիտասարդ կինը վստահ պատմում էր թե ինչպիսին է պատկերացնում իր ընտանիքի ապագան Արցախում: Այս երկու տարիների ընթացքում յուրաքանչյուր այցելությամբ Ավետարանչականի Արցախի թիմը վայելում էր հերթական հաջողված արդյունքը՝ ժենգյալով հացի (կանաչին ցանված էր հենց տնամերձ հողամասում) և խմորեղենի վաճառքը, թռչնամսի, խոզի և ճագարի մսի վաճառքը: Նկատելի էր գյուղատնտեսական տնտեսության վարման հմտությունները՝ եկամուտի կառավարումը, տնտեսության մեծացումը, սովորելու պատրաստակամությունը:

2022թ.-ի դեկտեմբերին Արցախին սպասվում էր նոր փորձություն: Արցախը մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը: Բլոկադան իր արգելակող ազդակներով տարածվեց հետպատերազմյան Արցախի տնտեսությունում: Բայց ոչ Բաղդասարյանների: Դեռ աշնանը ընտանիքը Ավետարանչականի տրամադրած գումարին ավելացնելով գնել էր երեսուն խոզ, ցլիկ, Ասկերանի մոտ վարձակալել գոմ, ընտանիքին քաղաքապետարանի կողմից տրված գետամերձ տարածքում աճեցրել էին բանջարեղենի, կարտոֆիլի, լոբու, լոլիկի առատ բերք: Ժրաջան տան տիկինը պատրաստել էր համեղ պահածոներ և իր խոսքով՝ պատրաստ էր ձմռանը: Ճգնաժամը արագացրեց ընտանիքի նոր նախաձեռնության իրականացումը՝ Ասկերանում իրենց տան դիմաց վարձեցին տարածք: Հյուրընկալ ընտանիքը սկսեց պատրաստել շաուրմա, խորոված, քյաբաբ: Միսը սեփականն էր՝ ներդրման կարիք չկար։ Շատ շուտ սկսեցին գնել նաև համագյուղացիներից, շարունակեցին եկամուտով մեծացնել անասնապահական տնտեսությունը: Տան տիկնոջ խոսքերով շատ կարճ ժամանակահատվածում իրենց մոտ պատրաստված սննդամթերքը տարածքում ամենահամեղն էր և մատչելին, այցելում էին նաև ռուս խաղաղապահները:

Այսպես է Արցախցի ընտանիքը հաղթահարում հերթական փորձությունը՝ բլոկադան: Ավելի զորացած, իմաստացած և ամուր: Եվ ինչպես միշտ իր առաքելությանը հավատարիմ նրա կողքին է Ավետարանչականը՝ քաջալերելու, խրախուսելու, բարձրացնելու, փոխանցելու սեր: Նորից ու հավետ կառուցելու հայրենիքը:

Բաղդասարյանների ընտանիքը Ավետարանչականի «Հզորացնել Արցախյան ընտանիք մը» ծրագրի 43 ընտանիքներից մեկն է։

Ավետարանչականի «Հզորացնել Արցախյան ընտանիք մը» ծրագրի մասին ավելին իմանալու և արցախցի մեր եղբայրների և քույրերի հետ ձեր սերը կիսելու համար այցելեցեք մեր կայքը՝ www.amaa.org

Որպէս Քրիստոնէական կազմակերպութիւն, Աւետարանչականը իր ծառայութիւնը կը մատուցանէ բոլոր անոնց՝ որոնք օգնութեան կարիք ունին՝ առանց խտրութեան։ Աւետարանչականը իր այս համաշխարհային առաքելութիւնը կիրականացնէ պահպանելով շարք մը կրթական, աւետարանչական եւ ընկերային ծառայութիւններ աշխարհացրիւ 24 երկիրներու մէջ՝ ներառեալ Հայաստան եւ Արցախ։ Լրացուցիչ տեղեկութիւններու համար կրնաք այցելել Աւետարանչականի կայքէջը www.amaa.org.

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031