Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը։ Տասնվեց ամերիկացի կամավոր երկու տարի կապրի Հայաստանի տարբեր մարզերում և կծառայի ի շահ հայ ժողովրդի։
Սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է 2020թ-ից ի վեր, երբ կամավորները ստիպված էին հեռանալ Հայաստանից COVID-19 համավարակի պատճառով։ Այդ ժամանակից մինչ օրս Խաղաղության կորպուսի անձնակազմը և նախկին կամավորները շարունակել են իրենց աշխատանքը դպրոցների և համայնքային խմբերի հետ՝ իրականացնելով տարբեր առցանց ծրագրեր և դասընթացներ։
«Մենք շատ ոգևորված ենք, որ առիթ ունենք ականատես լինելու կամավորների պատմական վերադարձին Հայաստան,-ասաց Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին։ «Ես գիտեմ, որ կամավորները կծառայեն մեծ խանդավառությամբ ու եռանդով, և վստահ եմ, որ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև համագործակցության նոր հնարավորություններ և ամուր բարեկամություն կհաստատվի»։
Ըստ Հայաստանի կառավարության հետ ունեցած համաձայնության՝ կամավորները կաշխատեն Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում և հասարակական կազմակերպություններում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կօգնեն անգլերենի ուսուցիչներին և աշակերտներին բարելավել անգլերենի հմտությունները, ինչպես նաև կաշխատեն երիտասարդների հետ՝ նրանց զինելով անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ ի նպաստ Հայաստանի համայնքների զարգացման։
Կարդացեք նաև
ԱՄՆ Խաղաղության կորպուսի մասին
Խաղաղության կորպուսը ամերիկացի կամավորներից, հյուրընկալող երկրի գործընկերներից, Խաղաղության կորպուսի անձնակազմից և համայնքի անդամներից բաղկացած՝ ծառայության միջազգային ցանց է, որի առաքելությունն աշխարհում խաղաղության ու բարեկամության ամրապնդումն է։ ։ Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հրավերով՝ Խաղաղության կորպուսի կամավորները աշխատում են համայնքի անդամների կողքին՝ օգնելով նրանց իրականացնել տեղական առաջնահերթություն ունեցող ծրագրեր։
1961թ․-ից ի վեր, ինչ Ջոն Ֆ․ Քենեդին հիմնել է ԱՄՆ Խաղաղության կորպուսը, ավելի քան 240,000 ամերիկացի է ծառայել աշխարհի 142 երկրում։
ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի մասին
Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992թ․-ից սկսած ՝ Հայաստանի կառավարության հրավերով։ Խաղաղության կորպուսը նպաստել է երկու՝ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ Խաղաղության կորպուսի կամավորները հայ ժողովրդի հետ կիսվել են իրենց մշակույթով, ինչպես նաև ներկայացրել հայկական մշակույթը ԱՄՆ-ի իրենց համայնքներում։
Հայաստանում ծառայել է Խաղաղության կորպուսի ավելի քան 1,100 կամավոր։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն