Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ թաղամասում մի 7-8 շենք կա․ բոլոր բնակարանները Մակունցն ու Պապիկյա՞նն են գնել»․ Փաշինյանը քմծիծաղեց

Մարտ 14,2023 13:43

ՔՊ-ական պաշտոնյաներից բացի՝ բնակարաններ են գնել նաեւ եւս 25 000 քաղաքացիներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «24 news»-ի դիտարկմանը, որ ըստ մամուլի ուսումնասիրությունների՝ Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի նորակառույց թաղամասում, բացի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի,ց բնակարան են ձեռք բերել եւս 3 պաշտոնյաներ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը, ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

«Երբ դուք պատգամավոր էիք, ասում էիք, որ լոլիկ աճեցնելով Հովիկ Աբրահամյանն ինչպե՞ս կարող էր այդքանը ձեռքբերել։ Կոռուպցիոն ռիսկեր չեք տեսնո՞ւմ»,-հարցրեց լրագրողը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կոռուպցիոն ռիսկեր կան ամեն քայլափոխի․ «Կներեք, անգամ այս «ստենդի» մեջ կարող են դրանք լինել։ Ասել եմ, որ ասուլիս եմ անելու, եւ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղ տպել են, պատվիրել են․․․ամեն տեղ կա կոռուպցիոն ռիսկ։ Մենք վախենում ենք բոլորս։ Դրա համար ենք այդքան քննարկում։ Ասում եք՝ Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը, Տրդատ Սարգսյանը․․․ես ասում եմ՝ եւս 25 000 մարդ։ Այդ փողի մի մասը որտեղի՞ց․ 35 միլիարդ, պատկերացրեք, կառավարությունն է տվել։ Այսինքն, այդքան մարդու վարկի մի հսկա բաժինը կառավարությունն է տալիս։ Այ, եթե ասեիք, որ լինեին այդ չորս հոգին եւ երկրում էլ բնակարան ձեռք բերող չլիներ, կհասկանայի։ Հովիկ Աբրահամյանը, ասենք, հայտարարագրել է երկու միլիոն դոլար։ Հիմա մեր գործընկերներից որեւէ մեկը երբ այդքան կհայտարարագրի, այն ժամանակ կխոսենք։ Որտե՞ղ գնեն բնակարան։ Ասեք՝ որտեղից վերցնեն։ Տեղը գիտե՞ք այդ ոչ կոռուպցիոն շենքի, որտեղ կարելի է բնակարան ձեռք բերել։ Մեր բնակարանն ուզում ենք վաճառել։ Հույսս դրել եմ Աշոտի վրա, ինքն էլ չի կարողանում վաճառել։ Վաղը մյուս օրը որտեղի՞ց ձեռք բերենք։ Տեղն ասեք»։

Փաշինյանի խոսքով՝ նշյալ պաշտոնյաները հրապարակելու են հայտարարագրեր, եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործը դրանք ստուգելն է․ «Այդ հանձնաժողովը հատուկ դրա համար ենք ստեղծել։ Դրա նախագահի պաշտոնում ընտրվել է ընդդիմության առաջարկած թեկնածուն։ Որ վարչապետը ստիպված չլինի տնով, շենքով զբաղվի։ Ավելի մեծ գործեր կան։ Բնակարաններ են ձեռք բերել Մակունցը, Սարգսյանը, Հարությունյանը եւ եւս 25․176 ընտանիքներ։ Այն օրն անցնում էի։ Մի 7-8 շենք կար, բոլորը Մակունցն ու Պապիկյա՞նն են գնել (քմծիծաղում է,-հեղինակ)։ Հա՞։ Ո՞ր շենքում։ Ես կարդացել եմ այդ հրապարակումները։ Քանի՞ շենք է այդտեղ կառուցվում։ Հարյուրավոր բնակարաններ կան այդտեղ։ Մեծ թաղամաս է։ Կոռուպցիայի դեմ պայքարում մեր կամքն անսասան է, բայց մարդկանց չենք կարող ասել՝ բնակարան մի գնեք։ Ձեռք բերելիս պետք է եկամուտները լինեն օրինական ու հիմնավորված»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031