Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնակչության կենսամակարդակը 2018-2022թթ. ոչ միայն հարաբերական, այլև բացարձակ անկում է ապրել. Հրանտ Բագրատյան

Մարտ 14,2023 13:47

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումները

Արմագեդոն
2-
րդ հրապարակում

Եվ այսպես 2018-2022թթ տնտեսական աճը քանակապես ավել չէ նախորդ հնգամյակների (2003-2007; 2008-2012; 2013-2017) տնտեսական աճից (1-ին հնգամյակին էականորեն զիջում է, երկրորդին էականորեն գերազանցում, իսկ երրորդին՝ գրեթե հավասար է): Որակապես, ՀՆԱ արտադրության կառուցվածքի իմաստով, այն զիջում է բոլոր երեքին. մերօրյա ՀՆԱ կառուցվածքում շեշտակիորեն ավելացել է հանքարդյունաբերության ու խաղերի տեսակարար կշիռը: Հիմա նայենք տնտեսական աճի գնին. ի՞նչ է ռեսուրսներ է ծախսել հասարակությունը ՀՆԱ այդ 26.5% աճը ստանալու համար:

Ամենաընդհանուր ձևով այս կամ այն կառավարություն գործունեության արդյունավետությունը որոշելու հիմնական մեթոդը ձեռք բերված տնտեսական աճի և այդ աճն ապահոված ռեսուրսների հարաբերությունն է: Կարելի է վերցնել հանքահումքային, մարդկային տեխնոլոգիական ռեսուրսները: Ամենահարմարը, կարծում եմ, ֆինանսական ռեսուրսներն են: Այդ կապակցությամբ վերցրել եմ բոլոր 4 հնգամյակներում ՀՆԱ հավելաճի և այդ հավելաճն ապահոված ֆինանսական ռեսուրսների հարաբերակցությունը: Այսպես, օրինակ, 2018-2022թթ ՀՆԱ հավելաճը կազմում է 2298 մլրդ դրամ (2022-ի 8497 մլրդ դրամի ՀՆԱ-ից հանում ենք 2017-ի 5569 մլրդ-ը): ՀՆԱ այդ 2298 մլրդ դրամի հավելաճը ձեռք բերելու համար լրացուցիչ 2018-2022թթ ծախսվել 3980 մլրդ դրամի բյուջե (2013-2017թթ և 2018-2022թթ գումարային ծախսային բյուջեների տարբերությունը, համապատասխանաբար 5236 և 9216 մլրդ դրամ), 3702 մլրդ դրամ տրանսֆերտ (2013-2017թթ ունեցել ենք 2252 մլրդ դրամի տրանսֆերտ, իսկ 2018-2022թթ.՝ 5954 մլրդ դրամի տրանսֆերտ), 4026 մլրդ դրամի վարկային ռեսուրս (առևտրային բանկերի ընդհանուր գումարային ակտիվների տարբերությունը համապատասխանաբար 2022 և 2017թթ դեկտեմբերի 31-ի դրությամբ) և 1526 մլրդ դրամի պարտքով վերցրած միջոցներ (պետական պարտքի մակարդակների տարբերությունը՝ 4186 մլրդ դրամ 2022-ին և 2660 մլրդ դրամ 2017-ին): Այսպիսով, ստացվում է, որ 2018-2022թթ ՀՆԱ 2298 մլրդ դրամ հավելաճի համար ծախսվել է 13234 մլրդ դրամի ֆինանսական ռեսուրս: Սա նշանակում է, որ ՀՆԱ 1 դրամի հավելաճի համար ծախսվել է 5.8 դրամի ֆինանսական ռեսուրս: Կատարենք այս նույն հաշվարկները 1-ին (2003-2007), 2-րդ (2008-2012) և 3-րդ (2013-2017) հնգամյակների համար:

2003-2007թթ ՀՆԱ հավելաճը կազմել է 1787 մլրդ դրամ: Այս հավելաճը ֆինանսավորելու համար ծախսվել է 995 մլրդ դրամի բյուջե (2003-2007թթ և 1998-2002թթ գումարային ծախսային բյուջեների տարբերությունը, համապատասխանաբար 2180 և 1185 մլրդ դրամ), 723 մլրդ դրամ տրանսֆերտ (1998-2002թթ ունեցել ենք 533 մլրդ դրամի տրանսֆերտ, իսկ 2003-2007թթ.՝ 1256 մլրդ դրամի տրանսֆերտ), 560 մլրդ դրամի վարկային ռեսուրս (առևտրային բանկերի ընդհանուր գումարային ակտիվների տարբերությունը համապատասխանաբար 2007 և 2002թթ դեկտեմբերի 31-ի դրությամբ) և -116 մլրդ դրամի պարտքով վերցրած միջոցներ (պետական պարտքի մակարդակների տարբերությունը՝ 483 մլրդ դրամ 2007-ին և 599 մլրդ դրամ 2002-ին. առաջին հնգամյակում տնտեսությունն աճել է, իսկ պետական պարտքը նվազել): Այսպիսով, ստացվում է, որ 2003-2007թթ ՀՆԱ 1787 մլրդ դրամ հավելաճի համար ծախսվել է 2162 մլրդ դրամի ֆինանսական ռեսուրս: Սա նշանակում է, որ ՀՆԱ 1 դրամի հավելաճի համար ծախսվել է 1.2 դրամի ֆինանսական ռեսուրս: Այս հնգամյակում տնտեսական աճի արդյունավետությունը 5 անգամ ավել է եղել, քան 2018-2022թթ:

Հիմա քննենք երկրորդ հնգամյակում (2008-2012թթ) տնտեսական աճի արդյունավետությունը: 2008-2012թթ ՀՆԱ հավելաճը կազմել է 849 մլրդ դրամ: Այս հավելաճը ֆինանսավորելու համար ծախսվել է 2505 մլրդ դրամի բյուջե (2008-2012թթ և 2003-2007թթ գումարային ծախսային բյուջեների տարբերությունը, համապատասխանաբար 4685 և 2180 մլրդ դրամ), 497 մլրդ դրամ տրանսֆերտ (2003-2007թթ ունեցել ենք 1256 մլրդ դրամի տրանսֆերտ, իսկ 2008-2012թթ.՝ 1753 մլրդ դրամի տրանսֆերտ), 1420 մլրդ դրամի վարկային ռեսուրս (առևտրային բանկերի ընդհանուր գումարային ակտիվների տարբերությունը համապատասխանաբար 2012 և 2008թթ դեկտեմբերի 31-ի դրությամբ) և 1026 մլրդ դրամի պարտքով վերցրած միջոցներ (պետական պարտքի մակարդակների տարբերությունը՝ 1509 մլրդ դրամ 2012-ին և 483 մլրդ դրամ 2007-ին): Այսպիսով, ստացվում է, որ 2008-2012թթ ՀՆԱ 849 մլրդ դրամ հավելաճի համար ծախսվել է 5448 մլրդ դրամի ֆինանսական ռեսուրս: Սա նշանակում է, որ ՀՆԱ 1 դրամի հավելաճի համար ծախսվել է 6.4 դրամի ֆինանսական ռեսուրս: Այս հնգամյակում տնտեսական աճի արդյունավետությունը 10% ավելի վատ է եղել, քան 2018-2022թթ:

2013-2017թթ ՀՆԱ հավելաճը կազմել է 1571 մլրդ դրամ: Այս հավելաճը ֆինանսավորելու համար ծախսվել է 551 մլրդ դրամի բյուջե (2013-2017թթ և 2007-2012 գումարային ծախսային բյուջեների տարբերությունը, համապատասխանաբար 5236 և 4685 մլրդ դրամ), 499 մլրդ դրամ տրանսֆերտ (2008-2012թթ ունեցել ենք 1753 մլրդ դրամի տրանսֆերտ, իսկ 2013-2017թթ.՝ 2252 մլրդ դրամի տրանսֆերտ), 1894 մլրդ դրամի վարկային ռեսուրս (առևտրային բանկերի ընդհանուր գումարային ակտիվների տարբերությունը համապատասխանաբար 2017 և 2012թթ դեկտեմբերի 31-ի դրությամբ) և 1151 մլրդ դրամի պարտքով վերցրած միջոցներ (պետական պարտքի մակարդակների տարբերությունը՝ 2660մլրդ դրամ 2017-ին և 1509 մլրդ դրամ 2012-ին): Այսպիսով, ստացվում է, որ 2013-2017թթ ՀՆԱ 1571 մլրդ դրամ հավելաճի համար ծախսվել է 4095 մլրդ դրամի ֆինանսական ռեսուրս: Սա նշանակում է, որ ՀՆԱ 1 դրամի հավելաճի համար ծախսվել է 2.6 դրամի ֆինանսական ռեսուրս: Այս հնգամյակում տնտեսական աճի արդյունավետությունը ավելի քան 2 անգամ ավել է եղել, քան 2018-2022թթ:

Այսպիսով, տնտեսական աճի արդյունավետությունը 2018-2022թթ անգամներ ավել ցածր է եղել, քան 2003-2007 և 2013-2017թթ: Այն միայն 10%-ով է ավելի բարձր եղել անկախությունից ի վեր մեր երկրի տնտեսական պատմության ամենավատ շրջաններից մեկի՝ 2008-2012թթ ցուցանիշներից:

Արմագեդոն
3-րդ հրապարակում

Առաջին երկու հրապարակումներից պարզվեց, որ ՀՀ տնտեսական աճը 2018-2022թթ.(26.5% կամ 4.7% միջին տարեկան) վերջին 4 հնգամյակներում վատերից մեկն է (ավելի վատ եղել է միայն 2008-2012թթ): 2018-2022թթ. ՀՆԱ 2298 մլրդ դրամի հավելաճ ապահովելու համար տարբեր աղբյուրներից ծախսվել է 13234 մլրդ դրամ (կամ շուրջ 34 մլրդ դոլար): ՀՆԱ միավոր հավելաճի համար ծախսվել է 5.8 միավոր ռեսուրս:

Հիմա քննենք, թե այդ 2298 մլրդ դրամի հավելաճը ի՞նչպես է բաժանվել մարդկանց տարբեր խմբերի միջև: Չորրորդ հրապարակման մեջ կքննենք դրա բաժանումը մարզերի ու տնտեսվարող սուբյեկտների մեջ: Ի՞նչպիսին է աղքատության դինամիկան ՀՀ-ում վերջին 20 տարիներին:

Ընդհանուր առմամբ 2018-2022թթ. սպառողական գների ինդեքսը կազմել է 23.9%: Այս պարագայում ՀՀ-ում միջին ամսեկան անվանական աշխատավարձն ավելացել է 32.5%-ով (2017թ. 177817 դրամից դարձել է 235576 դրամ 2022թ.): Թվում է, թե աշխատողները 8.5%-ով լավ են ապրել: Բայց չշտապենք եզրակացություններով: Առաջին հնգամյակում միջին աշխատավարձն աճել է 2.7 անգամ (2002թ 27324 դրամից դարձել է 74227 դրամ, իսկ գնաճը կազմել է 24%): Արդյունքում, աշխատողների կյանքը բարելավվել է 2.45 անգամ կամ 145%-ով: Երկրորդ հնգամյակում (2008-2012թթ.) միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 52.5%-ով (2007թ 74227 դրամից 2012թ. դարձել է 113163 դրամ), իսկ գները՝ 31.9%-ով: Եվ ուրեմն, նույն մեթոդական մոտեցման դեպքում ստացվում է, որ 2008-2012թթ աշխատողներն ավելի լավ են ապրել 20.6%-ով: Երրորդ հնգամյակում (2013-2017թթ.) միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 57.1%-ով (2012թ. 113163 դրամից դարձել է 177817 դրամ), իսկ գները՝ սոսկ 12%-ով: Եվ ուրեմն, ստացվում է, որ 2013-2017թթ աշխատողներն ավելի լավ են ապրել 45.1%-ով: Այսպիսով, 2018-2022թթ. մենք ունենք աշխատողների կենսամակարդակի բարելավման նվազագույն տեմպերը:

Բայց սա դեռ բոլորը չէ: Հիմա նայենք կենսաթոշակառուների (465 հազ մարդ) վիճակագրությունը: Թոշակների իրական մեծությունը 2018-2022թթ. անկում է ապրել. թոշակներն ավելացել են 15%-ով (միջին կենսաթոշակը 2017թ. 40634 դրամից դարձել է 46734 դրամ 2022թ.): Բայց գներն ավելացել են 23.9%-ով և ուրեմն թոշակառուների իրական եկամուտը նվազել է (-) 8.9%-ով: Առաջին հնգամյակում թոշակառուների իրական եկամուտներն ավելացել են 97.7 %-ով ( միջին կենսաթոշակը 2002թ 5748 դրամից 2007թ դարձել է 12746 դրամ, իսկ գնաճը եղել է 24%), երկրորդում՝ 101%-ով (միջին կենսաթոշակը 2007թ 12746 դրամից 2012թ դարձել է 29696 դրամ, իսկ գնաճը եղել է 31.9%): Երրորդ հնգամյակում (2013-2017թթ) թոշակառուների իրական եկամուտներն ավելացել են 24.8%-ով ( միջին կենսաթոշակը 2012թ 29696 դրամից 2017թ դարձել է 40634 դրամ, իսկ գնաճը եղել է 12%):

Կրկին վերադառնանք 2018-2022թթ. իրական աշխատավարձերի 8.5% աճին: Պարզվում է, որ այստեղ ևս կասկածելի բաներ կան: Օրինակ, աշխատավարձի աճի մեջ արտացոլված են նաև պետական ապարատի ղեկավար հատվածի պարգևատրումները: Սրանք ճիշտ կլինի բացառել, քանզի այդ պարգևատրումները վերաբերում են ղեկավար ապարատին (Վարչապետի, ԱԺ, նախարարությունների ու գերատեսչությունների, մարզպետարանների և այլն աշխատակազմեր): Եթե սա չբացառենք, ապա գործ ունենք հիվանդանոցի միջին ջերմաստիճանի էֆեկտի հետ: Ո՞րքան պարգևավճար է վճարվել 2018-2022թթ: Մեր «դեմոկրատական» կառավարությունն այդպես էլ այդ հարցին չի պատասխանել: Մի առիթով կասկած հայտնեցի – 100-120 մլն դոլար տարեկան կամ շուրջ 40 մլրդ դրամ: ԱԺ մի շարք պատգամավորներ հակադարձեցին: Հակադարձելու կարիք չկա, «ժողովրդի ընտրյալներ», պարտավոր եք հրապարակել պաշտոնական թիվը: Ինչևէ, եթե վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդից (տարեկան շուրջ 2.5 տրլն դրամ) հանում ենք այս 40 մլրդ-ը (1.6%), ապա վերը նշված 8.5%-ից մնում է 6.9%-ը:

Այս ամենի արդյունքում, աղքատության մակարդակը 2021-ին կազմել է 26.5% (2022-ի թվերը դեռևս չեն հրապարակվել), մինչդեռ 2017-ին 25.7% էր: Այդ թվում ծայրահեղ աղքատների թիվն ավելացել է և 2021-ին կազմել 1.5%: Սննդամթերքի տեսակարար կշիռը սպառողական ծախսերի մեջ 2018թ. 40.4%-ից 2021-ին դարձել է 47.1%: Աղքատացման բացարձակ փաստ: Դրան զուգահեռ ՀՆԱ մեջ վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության տեսակարար կշիռը իջել է մինչև 31.9% (2003թ. եղել է 40.2%): Իսկ սա հաստատում է, որ 2018-2022թթ. ՀՀ բնակչության կենսամակարդակը ոչ միայն հարաբերական, այլև բացարձակ անկում է ապրել:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031