Այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե կստացվի ՀՀ անվտանգության ապահովման եւս մի գործոն ավելացնել, եթե դա չի լինելու՝ նման քայլ անելու անհրաժեշտություն չենք տեսնում: Նա ասաց, որ դա կարող է սխալ ուղերձ լինել ՀՀ քաղաքացուն. «Հետ գնանք 2021 թիվ, ասում էին՝ ՀՀ բանակը չի կռվում, ՀԱՊԿ-ից են ուզում, որ գա պաշտպանի, 2022-ի նոյեմբերին եւ սեպտեմբերին մարտական, ռազմական բախումներ տեղի ունեցան, մեկ էլ ներսում ասում են՝ հավաստի տեղեկություններ հրապարակեցին, որ ՀՀ կառավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին, բայց սխալ հոդվածով է դիմել, 4-րդ հոդվածով չեն դիմել ու հատուկ են արել, որ ՀԱՊԿ-ը չկարողանա որոշում կայացնել, օգնության գալ: Լուրջ դա քննարկվում էր, հանրահավաքների ժամանակ այդ մասին բարձրաձայնվում էր: Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով: Մեր գնահատականն այն չէր, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս, ինչը մեզ անհանգստացնում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ