Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բյուջեի փողերով քարոզարշավ է անում: Այս երեւույթի եւ կոռուպցիայի մասին հարցին ի պատասխան՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում ասաց. «2018-ից մինչ օրս Երեւանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 «հուսահատության գազել», դա գազելների 70%-ն էր, մյուս գազելները դուրս կբերվեն առաջիկայում: Այսօրվա դրությամբ 1000-ից ավելի «մահվան վերելակներ» փոխվել են: Դա եղել է 2017-ի՝ որպես քաղաքապետի թեկնածու իմ նախընտրական ծրագրի դրույթները: Երեւանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական ընտրություններ են եւ մեր քաղաքական թիմն է պարտավորություն ստանձնել: Եթե համարում եք, որ նոր ավտոբուսների ձեռքբերումը կոռուպցիա է, վերելակների փոխումը կոռուպցիա է, նոր աղբատար համակարգի ստեղծումը, փողոցների լուսավորությունը, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է, դա ուրիշ խնդիր է: Այլ բան, որ գնումների եւ այլ ոլորտներում միշտ էլ ռիսկեր կան, այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ, կարեւորն այն է, որ ոչ մի բան անարձագանք չի մնում»:
Նա ասաց, որ քաղաքապետի ընտրությունների հետ կապված որոշումներ այս պահին չունեն: Նա հայտարարեց, որ իրենց պայքարը կոռուպցիայի դեմ անկոմպրոմիս է եւ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. «Որովհետեւ եթե լիներ, սա նշանակում է, որ ես դրանից փայ ունեմ…Այսօր ՀՀ-ում որեւէ մեկի դեմ գործ սարքել հնարավոր չէ: Մեր իշխանությունը առաջնորդվում է արժեքներով: Երկրորդը՝ այսօր իրավապահ, դատական համակարգը ղեկավարում են եւ աշխատում են մարդիկ, ովքեր այնքան սկզբունքային են, որ որեւէ մեկի վրա գործ սարքել ուղղակի հնարավոր չէ: Նախ, այդ հրահանգը չի լինի: Երբ մենք ասում ենք՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, դա նշանակում է՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ