Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ էթնիկ զտման, ցեղասպանության մանդատ ձեռք բերել՝ ՀՀ ստորագրությամբ». Փաշինյան

Մարտ 14,2023 12:29

Կա՞ փաստաթուղթ Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Փետրվարի կեսերին մենք մեր արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել ենք Ադրբեջանին եւ 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը: Կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթում, պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ:

Որոնք են այդ պրոբլեմները՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման հնարավոր պայմանների միջոցով ՀՀ տարածքային պահանջներ ձեւակերպել կամ նկրտումներ, ինչը հասկանալիորեն եւ բնականաբար կարմիր գիծ է մեզ համար:

Հաջորդը՝ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ էթնիկ զտման, ցեղասպանության մանդատ ձեռք բերել՝ ՀՀ ստորագրությամբ, դա նույնպես կարմիր գիծ է մեզ համար: Սա մեր ընկալումն է, բնականաբար, առաջարկություններում չի գրել Ադրբեջանը դա:

Հաջորդ խնդիրը, որ տեսնում ենք, հետեւյալն է՝ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի ստորագրման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետեւ այսօր ունենք գրված, ստորագրված փաստաթուղթ, որը չի կատարվում: Խոսքը նոյեմբերի 9-ի մասին է, որեւէ կերպ այդ համաձայնությամբ Լաչինի միջանցքը պիտի փակ չլիներ, բայց այն փակ է: Հիմա որեւէ փաստաթուղթ, որ պետք է ստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է՝ միջազգային:

Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդին, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարեւոր է, դա մեր առանցքային նպատակներից մեկն է: Ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային հետապնդողը, մանդատառուն լինի ԼՂ-ն»:

Փաշինյանը նաեւ նշեց, որ Մյունխենում Ադրբեջանի նախագահն ասաց, որ միջազգային պայմանավորվածություն կա, որ պետք է քննարկվի Ղարաբաղի հայերի իրավունքների եւ երաշխիքների հարցը, որից հետո տեղի է ունեցել երկու հանդիպում: Նա վկայակոչեց ՌԴ-ում ռուս շրջանակների հետ տեղի ունեցած հանդիպումը եւ ասաց. «Այդ հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահն ասաց, որ քննարկվում է ինտեգրացիայի հարցը, բառամթերքը մի ամսվա ընթացքում փոխվեց: ԼՂ ժողովուրդների իրավունքների եւ անվտանգության շրջանակը, մեծ հաշվով, ԼՂ ժողովուրդն ու պատգամավորներն իրենք պետք է որոշեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031