Վերջին շրջանում ԱՄՆ-ն զգալիորեն ակտիվացել է Հարավային Կովկասում․ օրերս Հայաստան եւ Ադրբեջան այցելեց կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Ռուսաստանն իր հերթին դժգոհում է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նպատակը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելն է։ Պատկերն ավելի է խտանում ՀԱՊԿ-ի դեմ ՀՀ իշխանությունների բացահայտ դեմարշի, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի շրջափակման հարցում ռուս խաղաղապահների գործողությունների առնչությամբ ՀՀ իշխանությունների դժգոհությունների ֆոնին։ Այս ու այլ թեմաների շուրջ զրուցել ենք ամերիկյան Գլենդելի հայ քաղաքապետ Արտաշես Արդի Քասախյանի հետ։
– ԱՄՆ-ն աշխուժացել է մեր տարածաշրջանում՝ օգտվելով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշ տարաձայնություններից, Կրեմլի՝ ռուս-ուկրաինական պատերազմով զբաղված լինելու հանգամանքից։ Ի՞նչ կարող է տալ Վաշինգտոնը Հայաստանին ու Արցախին՝ հայության համար այս վճռորոշ շրջափուլում։
– Վաշինգտոնից Հայաստանին եւ Արցախին անհրաժեշտ է ավելին, քան ապահովության եւ անվտանգության մասին ԱՄՆ-ի բանավոր հավաստիացումները։ Չափազանց երկար ժամանակ ԱՄՆ-ն միայն մասամբ է աջակցել Հայաստանին՝ միաժամանակ աջակցելով Ադրբեջանին եւ այլ երկրներին, որոնք ցույց են տվել, որ իրենց շահերը չեն համապատասխանում Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ ԱՄՆ-ն պետք է գործադրի Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը եւ դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր ֆինանսական եւ ռազմական օգնությունն ու զենքի վաճառքը: Դա հստակ ուղերձ կհղի Բաքվին, որ Վաշինգտոնի համար կարեւոր է Հայաստանի գոյատեւումը եւ նրա սահմանների ամբողջականությունը։
– Հայաստանի իշխանությունները մշտապես խոսում են Երեւանի եւ Անկարայի հնարավոր հաշտեցման, սահմանների բացման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Սփյուռքում ի՞նչ դիրքորոշում կամ կանխատեսում ունեն այս հարցերի հետ կապված։ Հնարավո՞ր է դարավոր թշնամիների հետ ապրել խաղաղ ու անվտանգ։
Կարդացեք նաև
– Արդյո՞ք մենք կարող ենք խաղաղ ապրել մեր թշնամիների հետ: Դրա պատասխանը կախված է նրանից, թե ում ենք թշնամի համարում եւ ինչու։ Ես ոչ մի ազգի թշնամի չեմ համարում, սակայն Թուրքիային եւ Ադրբեջանին դիտարկում եմ որպես Հայաստանի գոյատեւման հստակ եւ ներկա սպառնալիք՝ հիմնված պատմության եւ վերջին իրադարձությունների վրա: Ոչ մի ազգ չի զղջացել Հայաստանի դեմ իրականացված ցեղասպանության եւ էթնիկ զտումների համար եւ զգալի ռեսուրսներ չի ծախսել սեփական պատմությունը սպիտակեցնելու համար: Քանի դեռ թուրք ժողովրդի մտածելակերպը չի փոխվել, որեւէ մեկի համար շատ դժվար կլինի վստահել, որ անցյալի հանցագործությունները չեն կրկնվի։ Այսօր Ադրբեջանում հայերին պատանդ են պահում, մինչդեռ Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան։ Այս գերիներն օգտագործվում են որպես սակարկության առարկա՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա, որպեսզի մեր երկիրն անի այնպիսի բաներ, որոնք ձեռնտու չեն ժողովրդին:
Ուրիշ ինչպե՞ս կարելի է դա բացատրել, երբ Ադրբեջանում կան պատերազմական հանցագործներ եւ հայերի մարդասպաններ, ովքեր ազատորեն քայլում են եւ հերոսացվում։ Թուրքիան եւ Ադրբեջանը ցույց տվեցին աշխարհին, որ իրենց հարաբերությունները վերին աստիճանի սերտ են եւ բարբարոս բնույթ ունեն․ ապացույցը 2020-ին անմեղ հայերի սպանություններն էին։ Չգիտեմ, թե ինչու եւ ինչպես որեւէ մեկը կարող է հավատալ, որ դա այլեւս չի կրկնվի:
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: