Ադրբեջանը ոչ միայն չի գնում Լաչինի միջանցքի բացմանը եւ լարվածության թուլացմանը, այլ ճիշտ հակառակը՝ այն ավելի է մեծացնում: Բռնազավթված Շուշիի մոտակայքում դիվերսիա կազմակերպելուց եւ տարածաշրջանում շահագրգիռ կենտրոններից ու երկրներից քննադատության, առավել եւս պատժամիջոցների չենթարկվելուց հետո Արդրբեջանը հիմքեր է նախապատրաստում ավելի խոշոր ռազմական սադրանքների համար: Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Լուիս Բոնոն Երեւանում նույնիսկ հայտարարեց, որ այս փուլում բացառում է պատժամիջոցների սահմանումն Ադրբեջանի դեմ՝ հիմնավորելով, թե իր պետության խնդիրը կողմերին հաշտեցնելը եւ նրանց հետ համագործակցելն է:
Չնայած ակնհայտ էր, որ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների նպատակի հետապնդման, նաեւ ռազմական գործողությունների շարունակման հանդգնության հիմնական պատճառը տարածաշրջանում միջնորդական դերակատարում ունեցող երկրների եւ միջազգային կենտրոնների թողտվությունն է:
Այս իրավիճակում ադրբեջանական կեղծիքի հոսքին դիմակայելու եւ հերթական ռազմական գործողությունները կանխելու համար Հայաստանին այլ բան չի մնում, քան կոչ անել միջազգային կազմակերպություններին, որ իրենց դիտորդական առաքելությունն ուղարկեն Արցախ եւ տեղում փաստահավաք գործունեությամբ համոզվեն, որ Արցախը շրջափակված է, գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումն ադրբեջանական հատվածում փակված է, եւ Ադրբեջանի զինուժը շարունակում է փոքր ու միջին ռազմական գործողությունները, որոնց հետեւանքով միայն Արցախում զոհերը հասնում են տասնյակների, իսկ Հայաստանում՝ մի քանի հարյուրի: Եթե Արցախի ժողովրդի ճակատագրի մասով փորձագետների հոռետեսական կանխատեսումներն իրականանան, ապա ադրբեջանական հանցագործություններին մեղսակից կլինեն միջազգային բոլոր կենտրոնները:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: