Փաստացի Արևմուտքն առաջ է տանում այն քաղաքական ուղեգիծը, որ Ադրբեջանն ամբողջական վերահսկողություն հաստատի Արցախի նկատմամբ, և նրան այնքան էլ չի հետաքրքրում, թե այդ դեպքում ինչ կարող է տեղի ունենալ արցախահայության հետ։ Արևմուտքին գլխավորապես մի հարց է հետաքրքրում, թե ինչպես կարելի է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, իսկ դրա համար պետք է, որ Արցախի կարգավիճակի թեման չթողնվի ապագային, ինչպես Ռուսաստանն է ցանկանում, այլ միանգամից փակվի ու հիմքեր ստեղծվեն ռուս խաղաղապահների հեռանալու համար։ Այս պայմաններում հայկական կողմը միանշանակ պետք է հետևություններ անի։ Ուշագրավ է, որ Կլաարն իր հարցազրույցում Արցախյան հակամարտության հետևանքները վերացնելու մասով նշում է, թե Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի։
Թե ինչ խոստումներ է տվել ու պարտավորություններ է ստանձնել Փաշինյանն Արևմուտքի առաջ, հենց ինքն էլ պետք է պարզաբանում ներկայացնի ժողովրդին։ Հաշվի առնենք, որ նա Պրահայում Արևմուտքի միջնորդությամբ ընթացող բանակցությունների ժամանակ էր, որ համաձայնեց 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սրանից բացի, ի՞նչ այլ պարտավորությունների մասին է խոսքը։ Արդյո՞ք Կլաարն առաջին հերթին չի ակնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման: Մյուս կողմից էլ՝ Կլաարի ասածից հետևում է, որ եթե Ալիևը հավատարիմ է հակամարտության կարգավորման գործընթացին, ապա իր պարտավորությունները կատարում է։
Մնում է միայն հասկանալ, թե որո՞նք են Ադրբեջանի պարտավորությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքները գրավե՞լը, անընդհատ սադրանքների գնա՞լը, խաղաղ բնակիչներին սպանե՞լը, թե՞ գերիներին չվերադարձնելը։ Սա՞ է Արևմուտքի պատկերացրած «պարտականությունների կատարումը»: Եթե այո, ապա Արևմուտքի պլանները չափազանց վտանգավոր են Հայաստանի ու Արցախի համար: Ադրբեջանի հանցագործությունների շարքն, իհարկե, դեռ կարելի է երկար շարունակել, բայց Արևմուտքը ոչ միայն աչք է փակում դրանց վրա, այլև նույնիսկ խրախուսում է այդ հանցագործությունները։ Ինչպես ասում են՝ մտածելու բան է…
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։