Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես մարդիկ, որոնք իշխանության համակարգում էին եւ ամենօրյա ռեժիմով գովերգում էին այդ իշխանությանը, համակարգից դուրս մղվելուն պես, բառացիորեն մեկ օրում դառնում են ծայրահեղ ընդդիմադիր, եւ դրանով խաչ են քաշում իրենց նախորդ գործունեության վրա: Չէ՞ որ երեկ, երբ դուք իշխանության մեջ էիք, ամեն ինչ հոյակապ էր: Այդ ինչպե՞ս եղավ, որ մեկ օրում ամեն ինչ փչացավ:
Դա նույնքան զարմանալի է, որքան, այսպես կոչված, «առնետավազքը», երբ իշխանությունը փոխվում է, եւ նախկին իշխանության թիմի անդամները փորձում են նոր տերերին ապացուցել, որ իրենք միշտ այլախոհ էին, ներսից պայքարում էին արատների դեմ, պարզապես ասպարեզ չունեին՝ իրենց բյուրեղապակյա սկզբունքայնությունը դրսեւորելու:
Բայց երբ իշխանությունը չի փոխվում եւ իշխանական թիմից հեռացված տարրերը հարձակվում են իրենց նախկին թիմակիցների վրա, դա ավելի, այսպես ասած, դրամատիկ իրավիճակ է ստեղծում, ու եւս մեկ անգամ ապացուցում է, թե որքան դաժան բան է քաղաքականությունը:
Առաջին անգամ ինձ շատ տպավորեց, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, պաշտոնից հեռացվելուց հետո, դուրս եկավ հրապարակ, ու հանրահավաքի ժամանակ նույն կոմիտեի անդամներին անվանեց «սրիկա» եւ «պոռնիկ», դա 1994 թվականն էր: Հետագա երեսուն տարիների ընթացքում նման դեպքեր շատ են պատահել:
Կարդացեք նաև
Վերջին դեպքը, որը հիշում եմ, Հայկ Մարությանն էր, որն ինչ-ինչ պատճառներով սկսեց դուր չգալ Փաշինյանին, եւ իսկույն մեղադրվեց… Սեյրան Օհանյանի հետ հանդիպելու մեջ: Պաշտոնից հեռացվելուց հետո նա դարձավ իշխանության սուր քննադատ: Չեք մոռացել, հավանաբար, նաեւ Դավիթ Սանասարյանի «գաղափարական էվոլյուցիան»:
Հաջորդը, կարծես թե, կարող է լինել առողջապահության նախկին նախարար, ներկայումս պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը մինչեւ վերջին ժամանակներս հանդես էր գալիս ընդդիմության դիմակը պատռող բոցավառ ճառերով: Բացառված չէ, սակայն, որ այդ ճառերի ինչ-որ երանգներ վարչապետի սրտով չէին, եւ հակակոռուպցիոն կոմիտեն քովիդի համավարակից երեք տարի անց վատնումներ է հայտնաբերել Թորոսյանի նախկին տեղակալ Գեւորգ Սիմոնյանի մոտ: Նրանք, ովքեր վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանում են ապրել, գիտեն, որ առանց ամենավերեւի «դաբրոյի», նման գործեր չեն հարուցվում: Հիմա էլ՝ Թորոսյանն է սուր քննադատական գրառումներ անում Ֆեյսբուքում՝ նշելով, որ մեր պետական համակարգը լավ չի աշխատում: Հավանաբար, համակարգը խափանվեց ուղիղ երկու օր առաջ՝ մինչ այդ աշխատում էր «յուղած մեխանիզմի» նման:
Իշխանական համակարգում այդ տեղաշարժերն ինձ բացարձակապես չեն ոգեւորում, պետք է առնվազն հետաձգել այդ խաղերը եւ գիտակցել, որ մենք ապրում ենք ռազմական նոր բախումների նախաշեմին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այն, ինչ ասում եք իշխանությունից վտարվելու և ճամբարափոխության մասին՝ «իզմերից» կամ, որ նույնն է՝ գաղափարներից զուրկ իշխանության ու դրա ներկայացուցիչ միջակությունների գործունեության արգասիքն է: Այդ դրսևորումներն այլանդակ են, համամիտ եմ Ձեզ հետ: Սակայն ուզում եմ կրկնել, որ զգաստության և գիտակցության՝ իշխանությանն ուղղված Ձեր կոչերը (վերջին պարբերությունը) անիմաստ են: Եթե պետք լինի իշխանությունը պահել ռազմական բախումների գնով, ապա իրենք դա կանեն. ճիշտ այնպես, ինչպես քայլ առ քայլ, Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի սարքեցին 44-օրյան:
Սարգիս Զեյթունյանի հետ լիովին համամիտ եմ։
Բացի իշխանություն պահելուց այս խմբակին ոչինչ հետաքրքիր չէ։ Նույնիսկ երիտասարդների կյանքը
Քրեական գործեր հարուցելու համար պատճառները կարող են լինել բազմաթիվ՝ սկսած փող կամ
կոչումներ ստանալու ցանկությունից, վերջացրած քաղաքական կամ տնտեսական դաշտում
մրցակցությամբ կամ ինչ-որ մեկի նկատմամբ անձնական թշնամանքով: Այս մեթոդը կիրառվում է աշխարհում ամենուր, եթե կա դրա կիրառման հնարավորությունը։
Արևմուտքում շատ մարդիկ կան, ովքեր գումար են աշխատում դատական հայցեր ներկայացնելով՝ շարժվող մեքենաների առաջ ընկնելով, սուպերմարկետում հանկարծակի գետնին ընկնելու կամ մեկի հայացքը որպես ոտնձգություն գնահատելով:
Շատ հարմար է մտածել, որ սեփական ենթադրությունները միշտ 100 տոկոսով ճիշտ են։
Քանի դեռ պետք չէ դա ապացուցել դատարանում։ “Բոլորը գիտեն, որ …”` իրավական
կատեգորիա չէ: