Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ՝ մարդ է գալու:
Պարույր Սևակ
Աչքերի չորությունը, աչքերում անհարմարության, սառնության զգացումը մերօրյա տարածված խնդիրներից մեկն է, և ինչպես նշում է Ակնաբուժության ամերիկյան ակադեմիայի ներկայացուցիչ, ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Արվինդ Սաինին․ «Ընդհանուր առմամբ, աչքերի չորություն կարող են առաջացնել այն վիճակները, որոնք կա՛մ նվազեցնում են արցունքի արտադրությունը, կա՛մ էլ հանգեցնում են արցունքների՝ ավելի արագ գոլորշիացման»։
Աչքերում չորության առաջացման պատճառները շատ տարբեր են, մասնավորապես՝
- Կոպաբորբը՝ բլեֆարիտ,
- աուտոիմուն վիճակները,
- դիաբետը,
- դեղորայքը,
- վահանաձև գեղձի հիվանդությունները,
- տարիքային փոփոխությունները,
- կոնտակտային լինզաները,
- աչքի լազերային վիրահատությունը,
- մաշկային հիվանդությունները, ինչպիսիք են ռոզացեան կամ էկզեման,
- ալերգիաները,
- համակարգչի և այլ սարքավորումների օգտագործումը,
- շրջակա միջավայրի գործոնները, ինչպիսիք են ծխի, քիմիական արտանետումների կամ չոր կլիմայի ազդեցությունը։
Աչքերի չորությունը, ինչպես նշվեց, կարող է առաջանալ, երբ բավականաչափ արցունք չի արտադրվում աչքերի պատշաճ խոնավությունն ապահովելու համար, կամ կարող է պայմանավորված արցունքի գոլորշիացմամբ, երբ աչքերը նորմալ քանակով արցունք են արտադրում, սակայն արցունքներն ավելի շուտ են գոլորշիանում, քան հասցնում են փոխարինվել նորերով։
Կարդացեք նաև
Չոր աչքի համախտանիշը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանշաններով՝
- Աչքերում ծակծկոցի կամ այրոցի զգացում,
- մշուշոտ տեսողություն կամ անընդհատ թարթելու ցանկություն՝ ավելի պարզ տեսնելու համար,
- աչքերում չորության և ավազի առկայության զգացողություն,
- աքերում և աչքերի շրջանում լորձի առկայություն,
- առատ արցունքահոսություն,
- կոնտակտային լինզաներ կրելիս անհարմարության զգացում կամ ցավ,
- կոպերի ցնցում կամ անընդհատ թարթում
- կոպերում ծանրության զգացում կամ դժվարություն աչքերը բացելիս,
- աչքերի հոգնածություն,
- լուսավախություն և այլն։
Աչքի չորության բուժումը
Բուժման առավել տարածված մեթոդն օրվա ընթացքում աչքերը պարբերաբար խոնավացնելն է, որն իրականացվում է աչքի կաթիլների միջոցով․ դրանք կարող են լինել առանց դեղատոմսի վաճառվող արհեստական արցունքները, ինչպես նաև գելեր ու քսուկներ։ Սակայն եթե չորությունն առավել արտահայտված է, ակնաբույժը կարող է նշանակել դեղատոմսով վաճառվող աչքի կաթիլներ, այդ թվում՝ հակաբորբոքային կաթիլներ։ Ավելի լուրջ դեպքերում ակնաբույժը կարող է առաջարկել բուժման այլ մեթոդներ, ներառյալ, օրինակ կետային խցանների կիրառումը կամ վիրաբուժական միջամտությունը։
Աչքերի չորության կանխարգելմանը նպաստող գործողություններ են՝
- խուսափեք շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից՝ ծխից, արտանետումներից և այլն,
- օգտագործեք օդը խոնավացնող սարքեր,
- աչքերը հանգստացնող թրջոցներ օգտագործեք,
- կրեք պաշտպանիչ ակնոցներ,
- սննդակարգը հարստացրեք օմեգա-3 ճարպաթթուներով,
- սահմանափակեք էկրանների առջև գտնվելու ժամանակը։
Վերջին կետը մեր ժամանակներում շատերի համար կարող է անիրագործելի թվալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ մարդիկ են իրենց ողջ աշխատանքային օրն անցկացնում համակարգչի առջև։ Այս դեպքում խորհուրդ է տրվում՝
- աշխատելիս հետևել կեցվածքին՝ էկրանը պետք է լինի աչքից մոտ 50 սմ հեռավորության վրա՝ 15-20 աստիճան ներքև թեքված,
- կարգավորել համարկարգչի էկրանի պայծառությունը՝ խուսափելով վառ լուսավորությունից,
- թարթել հաճախակի,
- պարբերաբար աչքերը կտրել էկրանից ու նայել հեռուն։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։
Պատրաստեց Մարինե Ալեքսանյանը
Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից