Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հաջողելու ենք եւ պահելու ենք Արցախը հայկական»

Մարտ 14,2023 12:00

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

– Արայիկ Հարությունյանի աղմուկ հանած հայտարարությունից հետո, որ Արցախի ինքնորոշման իրավունքը արցախցիների անքակտելի իրավունքն է եւ իրենք դեմ են այլ ճանապարհով հարցի քննարկման, բայց եթե Արցախում կան գործիչներ եւ ուժեր, որոնք ցանկանում են քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրումը՝ նրանք ազատ են իրենց քննարկումներում, Ձեր դիտարկումներով, կա՞ն Արցախում նման մարդիկ, եղա՞ն նման նախաձեռնություններ, ակտիվություն:

– Արցախում չի եղել նման անձ, առավել եւս՝ ինչ-որ ուժեր, չկա առ այսօր ու չեմ էլ կարծում, որ երբեւէ կարող է նման բան լինել: Այդ հայտարարությունը մեկ անգամ էլ ցույց տվեց, որ Արցախի նախագահը գործում է պարտադրանքի ներքո: Արայիկ Հարությունյանը, եթե ինքը ուղիղ խոսեր Ադրբեջանի հետ ինտեգրման մասին, կստացվեր, որ ինքը, ըստ էության հանցագործություն է կատարում՝ տապալում է Սահմանադրությունը: Բայց, նման հայտարարությամբ, նա հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը ինչի համար, որ ընդհանրապես կա եւ Արցախում է, փաստեց, որ ինքն այլեւս լծված չէ դրանք պաշտպանելու: Իսկ ԱՀ նախագահը մի քանի լիազորություններ ունի՝ Արցախի ինքնիշխանության ապահովում, տարածքային ամբողջականության ապահովում, անվտանգության ապահովում: Հետեւաբար, իր այդ հայտարարությունը սահմանադրական կարգի տապալմանը նմանվող էր կամ դրա հերթական փորձն էր: Դա հերթական ցուցադրությունն էր նրա, որ մենք երկրում ունենք նախագահ, որը ի զորու չէ, չի կարող եւ որն առ այսօր անգամ չի հասկացել, թե որո՞նք են ԱՀ նախագահի լիազորությունները: Իսկ Արցախում չի եղել, չկա ու չի լինի մարդ, որը երբեւէ կմտածի, որ Ադրբեջանի հետ կարելի է ինտեգրվել եւ ապրել:

– Երեկ Իլհամ Ալիեւի աշխատակազմը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնելու Բաքվում:

– Ադրբեջանի գործողություններին հատուկ է սուտը, ագրեսիան, իրենց օրակարգում շատ հստակ կա, իրենք էլ նպատակասլաց գնում են դրան՝ ոչնչացնել Արցախը եւ այնտեղ ապրող հայերին: Կարծում եմ, որ Ադրբեջանից այլ բան սպասելն էլ անհնար է, մանավանդ, նկատի ունենալով այն իշխանությունները, որոնք կան Հայաստանում եւ Արցախում: Այդ ֆոնին, թշնամու պահվածքը օրինաչափ է: Մենք ամեն օր այդ ագրեսիան տեսնում ենք. հումանիտար ճգնաժամը գագաթնակետին հասցրած՝ իրենք որեւէ առիթ բաց չեն թողնում սպանելու, ոչնչացնելու Արցախում ապրող հայերին: Այնպես որ, իրենց մնացած բոլոր գործողությունները, ոչ թե մեզ համար են, այլ աշխարհի՝ ցույց տալու, թե իրենք պատրաստ են ապրել հայի հետ կողք-կողքի, նույն տարածքում՝ ապահովելով այդտեղ հայերի անվտանգությունը եւ իրավունքները: Ցավոք, այդ քաղաքականությունն այսօր նաեւ Նիկոլ Փաշինյանն է վարում: Բայց մենք շատ լավ գիտենք՝ ո՞վ է մեր հարեւանը. ընդամենը երեք օր առաջ դարանակալեցին եւ սպանեցին Արցախի Հանրապետության երեք քաղաքացիների, երեք ոստիկանների, ովքեր ընդամենը գնում էին ծառայություն իրականացնելու:

– Այնուհանդերձ, հնարավո՞ր է ականատեսը լինենք նրա, որ Արցախում գտնվեն մարդիկ, ովքեր կընդունեն Ալիեւի հրավերը եւ կմեկնեն Բաքու:

– Հրավերը նախ իշխանություններին է ուղղված, եթե գնան՝ իշխանության ներկայացուցիչները պետք է գնան, ես չեմ կարող ասել՝ ի՞նչ դիրքորոշում կունենան իրենք: Մենք՝ դեկտեմբերի 3-ից ի վեր, բազմաթիվ անգամ ասել ենք, որ որեւէ հարց, այդ թվում նաեւ հումանիտար, չի կարելի Ադրբեջանի հետ քննարկել, առավել եւս, որ ոչ թե հավասարը հավասարի սկզբունքն է գործում, այլ ինչ-որ էթնիկ փոքրամասնություն, որը կարող է ներկայացուցիչ ունենալ: Մենք քանիցս ենք ասել, որ հումանիտար դաշտում քննարկումները բերելու են ավելի մեծ պահանջների, հետեւաբար, նաեւ ավելի մեծ ճնշումների, ինչի ականատեսը մենք եղանք: Ըստ էության, նման քայլով, մենք հայտնվեցինք փակուղում՝ Արցախի իշխանության չիմացության, չմտածված քայլերի արդյունքում:

– Իսկ գուցե՝ մտածվա՞ծ քայլերի արդյունքում:

– Ես ավելի հակված եմ, որ Հայաստանի իշխանության ճնշման տակ: Մենք ասել ենք եւ շարունակում ենք փաստել, որ Արցախում կան իշխանություններ, որոնք ի վիճակի չեն սեփական որոշումները կայացնելու, իսկ եթե երբեմն անգամ ունակ են որոշումներ կայացնելու, ապա այն կամային հատկությունները չեն ունենում, որ իրենց կայացրած որոշումները կարողանան կյանքի կոչել եւ հայտնվում են կամակատարի դերում, պահանջներ կատարողի, քան որոշում կայացնողի եւ դրա հետեւից գնացողի: Ես կգերադասեի թեկուզ սխալ որոշումներ կայացնող իշխանություն, քան կամազուրկ ու պահանջ կատարող իշխանություն:

– Մամուլում արտահոսք եղավ, որ կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի հանդիպումը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պահանջել է Արայիկ Հարությունյանին՝ արագացնել ու ավարտին հասցնել Ադրբեջանի հետ ինտեգրման գործընթացը: Մանրամասների տիրապետո՞ւմ եք:

– ԱԺ պատգամավորների հետ Արայիկ Հարությունյանը չի հանդիպել, հանդիպում եղել է միայն Անվտանգության խորհրդում, որտեղ օրակարգում նման հարց չի եղել. հարցը հնչել է, բայց քանի որ այն օրակարգային չէր, չի էլ քննարկվել: Բայց, մեզ համար դա նորություն չի, դա ակնհայտ է նաեւ Արցախի նախագահի պահվածքից, գործողություններից, խոսքից, որ այո, ՀՀ իշխանության կողմից կա ինտեգրվելու ճնշում: Այն բոլոր գործընթացները, որոնց ականատեսը եղանք վերջին շրջանում, եղել են հենց Հայաստանի իշխանությունների ճնշմամբ:

– Նաեւ Սահմանադրական փոփոխությունների՝ նախագահի լիազորություններին վերաբերվող դրույթի առանձնացո՞ւմը ընդհանուր փաթեթից:

– Չեմ կարող ասել՝ ո՞ւմ ազդեցությամբ է, բայց դա մեզ համար ընդունելի չէ: Դա սահմանադրական իրավունքի խախտում է, Սահմանադրության անցումային դրույթների համար էլ է խնդիր առաջացնում՝ ընդհանուր փաթեթից մեկ հոդվածը առանձնացնել եւ բերելը:

– Դա արդե՞ն խոսում է այն մասին, որ Արայիկ Հարությունյանը հող է նախապատրաստում իր գնալու համար:

– Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը, նաեւ գլխավոր խորհրդականը, հայտարարեցին, որ ստեղծված իրավիճակում չկա նման մտադրություն, բայց ես չեմ կարող կանխագուշակել՝ ինչպիսի՞ն կլինի Արայիկ Հարությունյանի հաջորդ քայլը: Ինքը ոչ թե երբեմն, այլ միշտ անկանխատեսելի է եւ, քանի որ որոշումներն ինքն անձամբ չի ընդունում, մենք չենք կարող իր տեսակից ելնելով՝ ասել, թե ի՞նչ որոշում կընդունի: Անելու է այն, ինչ իրեն պարտադրեն, ինչ իրենից պահանջեն: Իսկ կա՞ իրեն պարտադրանք կամ պահանջ՝ հեռանալու, ես չեմ կարող ասել այս պահին:

– Իսկ այս ամենի ֆոնին ինչ-որ գործընթացներ, նախաձեռնություններ կա՞ն, Արցախում ինչ-որ գործընթաց տեղի ունենո՞ւմ է, թե՞ մարդիկ տեւական շրջափակումից, այս ամեն խոսակցություններից եւ անորոշություններից հուսահատված, ընկճված՝ սպասում են պարտադրվող որոշումների:

– Արցախցիները հուսահատված չեն, ընկճված չեն: Իհարկե, մի փոքր նեղվածություն կա, նաեւ այն առումով, որ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մեջ առաջնորդի էին տեսնում մարդիկ, որը նաեւ, որպես պետական պաշտոնյա, կարող էր համախմբել ժողովրդին իր շուրջ: Այդ ամենի հետ մեկտեղ, նրա պաշտոնավարման կարճ շրջանում սոցիալական արդարության նշույլներ էին մարդիկ տեսնում, ինչը հիմա կրկին հետին պլան է մղվել, բավական անկառավարելի իրավիճակ է սոցիալական առումով, սարսափելի գնաճ է՝ աստղաբաշխական գներ են խանութներում, այն փոքրաթիվ ապրանքների, որոնք որ կան Արցախում եւ այլն: Բայց, միեւնույն է, ընկճվածություն, թուլություն չկա մարդկանց մեջ: Իսկ խմորումներ կան եւ մի դրական բան է դրանցում նկատվում՝ ինքնակազմակերպման գործընթաց է երեւում: Մենք եւս անմասն չենք, վերջերս, գիտեք, երեք կուսակցությունները միջկուսակցական մարմին են ստեղծել ու շատ ակտիվ աշխատում ենք հանրային հարթակում՝ առանց կուսակցական շահերի հետապնդման: Հանդիպումների արդյունքում, կարող եմ ասել, որ մարդիկ կամք էլ ունեն, միտք էլ ունեն, գաղափարներ էլ ունեն՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու, բայց մարդիկ երբեմն միմյանց տանել չեն կարողանում, որովհետեւ իշխանությանը հաջողվել է պառակտել: Հիմա, մենք հակառակ գործն ենք անում եւ տեսնում ենք մարդկանց պատրաստակամությունը. ճիշտ է՝ կամաց-կամաց, բայց մարդիկ հասկանում են, որ յուրաքանչյուրից է շատ բան կախված, որ յուրաքանչյուրն ի զորու է ինչ-որ բան փոխել: Ամեն դեպքում, գաղափարը եւ դրա նկատմամբ վստահությունն ու հավատարմությունը կա՝ մենք հաջողելու ենք եւ պահելու ենք Արցախը հայկական:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031