Սյունիքի մարզի Օխտարի միջնակարգ դպրոցում մարտի 13-ից մինչեւ 17-ը՝ լրացուցիչ ուսումնական արձակուրդ է ձեւակերպվել։ Այս մասին Aravot.am-ին ասաց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Նման որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի մարզպետարանում կայացած հանդիպմանը։
Հիշեցնենք՝ մարտի 10-ին վթարվել էր Օխտարի դպրոցի ավտոբուսը։ Վթարի հետեւանքով 25 տուժած կա, ուսուցչուհիներից Թամարա Դավթյանը հիվանդանոցում մահացել էր։ Տուժածների մի մասին արդեն դուրս են գրել հիվանդանոցից, բայց նրանք շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։ Այս պահին 7 երեխա, 4 ուսուցիչ եւ ավտոբուսի վարորդն են ստացինար բուժում ստանում, մեկ հոգի տեղափոխվել է մայրաքաղաք։ Երեխաների վիճակը բավարար է, մեծերից երեքի վիճակը գնահատվում է ծանր, մեկ հոգի վերակենդանացման բաժանմունքում է։
Օխտարի դպրոցում դպրոցում 37 աշակերտ է սովորում, իսկ 25 աշխատակիցներից 13-ը ուսուցիչ են։ «Լրացուցիչ ուսումնական արձակուրդից հետո, մարտի 20-ից 24-ը, այս պահի դրությամբ, որոշել ենք իրականացնել հեռավար կրթություն։ Կխնդրենք նաեւ մենթոր ուսուցիչներին պարապելու այն մանկավարժների դասաժամերը, որոնք բուժման մեջ են։ Իսկ ամսի 27-ից մինչեւ ապրիլի 2-ը գարնանային արձակուրդներ են։ Հույս ունեմ, ուսուցիչներն ու աշակերտներն այդ ընթացքում կազդուրված կլինեն»,- նշեց Մերի Գանդալյանը։
Կարդացեք նաև
Ըստ մարզի կրթության ոլորտի պատասխանատուի՝ Կապանի բժշկական կենտրոնի հոգեբանն աշխատում է տուժած դպրոցականների հետ։ Իսկ այն երեխաները, որոնք արդեն դուրս են գրվել՝ նրանց համար էլ տնային այցեր են կազմակերպվելու։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ