Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուղղորդումով իրենց բերել են, ասել են՝ արի, պետությունից բնակարան կստանաս». ՊԵԿ-ից վստահեցնում են՝ ՊՆ նախկին շենքում բնակվելը կունենա անդառնալի հետեւանքներ

Մարտ 13,2023 22:33

Այսօր ՊՆ նախկին շենքի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել Պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ եւ պահանջում էին, որ ՊԵԿ նախագահը իջնի. «Եթե Ռուստամ Բադասյանն ունի մի փոքր ինքնասիրություն, այն թուղթը, որը տվել է մեզ, որ մենք կարդանք, հասկանանք այդտեղ ինչ է գրված, մենք կարդացինք, բայց ոչ մի բան չհասկացանք: Թող ուղղակի մի հատ իջնի ներքեւ ու պատասխանի, թե ինչի այսպես եղավ: Չեմ հասկանում, ինքը վերեւը նստած իր կաբինետում, իրեն հաճելի՞ է, որ մենք այստեղ ենք, երեխեքը  մեզ հետ միասին տանջվում ենք, ինչի՞ համար: Ինքը վերջիվերջո պե՞տք է ունենա  տղամարդկություն, պատասխանի մեր հարցերին: Շրջափակել են ոստիկաններով, ոչ կարողանում ենք բարձրանանք վերեւ, ոչ էլ, թող ինքը իջնի: Ինքը ոնց 3000 ոստիկանների բերեց, շրջափակեցին, մեզ տանից  դուրս հանեցին, այ էդպես դռները բացեն, որ մենք մտնենք մեր տները: Արդեն  հերիք եղավ, բոլ եղավ: Մենք ուզում ենք վերադառնալ մեր տները: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Բնակիչները բողոքում են, որ իրենց երեխաներին թողել են նույն դասարանում՝ հենց Բադասյանի պատճառով. «Կարա՞ ինքը պատասխան տա: Նրա համար, որ վառում ենք անվադողեր ու չենք կարողանում երեխաներին  նորմալ լվացացնենք, դասի ուղարկենք, դա իրեն դո՞ւր է գալիս»:

Հիշեցնենք, որ Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել ՊՆ-ին: Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։

ՊՆ նախկին շենքի բնակիչ Արամ Խանզադյանն ասաց, որ ՊԵԿ-ից պահանջել են տրամադրել շենքի սեյսմկայունության տեխնիկական հետազոտության արդյունքները, բայց որեւէ պատասխան չեն ստացել:

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից պարզաբանեցին, որ նշված շենքը կառավարության որոշմամբ է հատկացվել ՊԵԿ-ին ու անհասկանալի է, թե ինչ են բնակիչները պահանջում ՊԵԿ-ից. «Տարածքը շենք-շինություններով է հանձնվել ՊԵԿ-ին, կատարվել է տեխնիկական վիճակի հետազոտություններ եւ ըստ հետազոտության տվյալների, հիմնականում բոլոր շենքերը գտնվում են վթարային վիճակում, քանի որ երկար ժամանակ չեն օգտագործվել, չեն վերանորոգվել եւ չեն սպասարկվել: Այստեղ կա շատ վտանգավոր մի հատված: Նախ, սա պետական սեփականություն է, հետո շենքերը գտնվում են վթարային վիճակում: ՊԵԿ-ը անմիջապես դիմել է իրավապահ համակարգին, որպեսզի վերացվի պետական սեփականություն հանդիսացող տարածք ներխուժումը: Կապ չունի, թե շենքը ում հաշվեկշռում է գտնվում, կարեւորը՝ այն պետական սեփականություն է: Բոլոր քաղաքացիները ծանուցվել են, որ ազատեն այդ տարածքը, ժամկետ է տրվել, ժամկետը երկարացվել է: Որոշ քաղաքացիներ հասկացել են, բայց կան մարդիկ, որոնք չեն պատկերացնում ինչ է, ուղղորդումով իրենց բերել են, ասել են՝ արի, պետությունից բնակարան կստանաս: Որոշ քաղաքացիներ բացատրական աշխատանքից հետո լքել են տարածքը, բայց կան քաղաքացիներ,  որոնք ուղղորդված են եւ չեն ուզում դուրս գան տարածքից: Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի 5 հասցեում գտնվող շենք քաղաքացիների ներխուժումն ու իրենց ապօրինի գործունեություն ծավալելը պետք է բացառել: Իրենց ապօրինի շինարարությունը, ապօրինի բնակությունն այդ հատվածում կարող է ունենալ անդառնալի հետեւանքներ»:

Ուշագրավ է, որ դեռ անցյալ շաբաթ ոստիկանների օգնությամբ երեխաներ ունեցող ընտանիքներին տեղավորել են կացարաններում, հիմա նոր երեխաներ են հայտնվել ու ներգրավել պայքարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031